Հաց Բերողին մահվան հասցնողները մնացել են անպատիժ. «Սասնա Ծռեր»


Հաց Բերողին մահվան հասցնողները մնացել են անպատիժ. «Սասնա Ծռեր»

  • 26-07-2019 11:35:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Երեք տարի առաջ՝ 2016 թ. հուլիսի 26-ին, ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանը ճեղքեց զինված ու բարիկադավորված ոստիկանության շղթան և հաց հասցրեց ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռեր ապստամբ խմբավորման անդամներին:
 
Արթուր Սարգսյանը, փաստորեն, երկրորդ անգամ, այն էլ՝ միայնակ, գրավեց ՊՊԾ գունդը՝ մեկ անգամ ևս ցույց տալով, որ փտած համակարգը հոգեվարքի մեջ է:
 
Արթուր Սարգսյանին ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ և սիրեց ու ընդունեց որպես մեր ժամանակների հերոսի, իսկ Հուլիսի 26-ը սահմանեց որպես Հաց Բերողի օր:
 
Հաց Բերող Արթուր Սարգսյանն արտահայտում էր մեր ամբողջ ժողովրդի՝ ազգադավ և բռնակալ ռեժիմից ազատագրվելու և արժանապատիվ կյանքով ապրելու կամքն ու իղձերը:
 
Եվ, ըստ այդմ՝ նա իր անօրինակ սխրանքով վերահաստատեց ոչ միայն ապստամբության բնական իրավունքի կենսունակությունը, այլև Սասնա Ծռեր խմբավորման սկսած ապստամբության անհրաժեշտությունն ու լեգիտիմությունը:
 
Արթուր Սարգսյանը չմնաց սոսկ որպես հանուն Հայրենիքի ու մարդասիրության իր կյանքը զոհասեղանին դնող մի նվիրյալ, այլև միացավ ապստամբներին և դարձավ նրանցից առաջինն ու ամենավեհը:
 
Ազգադավ ու բռնակալ ռեժիմը, չնայած կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություններին, չհաշտվելով իր համակարգը քանդող նրա արարքի և նրա նկատմամբ համաժողովրդական սիրո դրսևորման հետ, վրեժի և ոխակալության ստոր դրդումներով երկու անգամ կալանավորեց և տևական ժամանակ բանտում պահեց նրան: Երկրորդ կալանավորման դեմ բողոքի երկարատև հացադուլից հետո նա ազատվեց կալանքից, սակայն նրա հյուծված օրգանիզմն այլևս չկարողացավ դիմակայել սրացած հիվանդություններին և 2017 թ. մարտի 16-ին Արթուր Սարգսյանը մահացավ:
 
Ռեժիմին հեռացնելուց և Հաց Բերող Արթուր Սարգսյանի հերոսության և հիշատակի առաջ հրապարակավ խոնարհվող իշխանության հաստատումից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն Արթուր Սարգսյանին տանջամահ արած մարդիկ դեռևս անպատիժ են:
 
Հաց բերողին կալանավորելու և տանջամահ անելու հանցագործության գլխավոր պատասխանատու և պատվիրատու Սերժ Սարգսյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, նրա երկրորդ կալանավորումը ջանադրաբար հիմնավորող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, Սասնա Ծռերի գործով քննչական խմբի պետ Էդիկ Հակոբյան, դատավորներ Արթուր Մկրտչյան և Կարինե Ղազարյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան՝ սա դահիճների ոչ լրիվ ցանկն է, մնացածին պետք է բացահայտի և պատասխանատվության կանչի անաչառ քննությունը:
Դրա փոխարեն ծածկադմփոցի նպատակով հարուցվել և մինչ օրս իբրև թե քննվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նրան անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ անհեթեթ քրեական գործ, որն ակնհայտորեն չունի արդարադատության հասնելու որևէ հեռանկար:
 
Մինչդեռ թվարկվածներից Արթուր Դավթյանը, Էդիկ Հակոբյանը և պատվեր կատարող դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին՝ նրանցից ոմանք նույնիսկ պարգևներ են ստանում հեղափոխական կոչվող իշխանության ձեռքից և վայելում են նրա բարեհաճությունը:
Հաց Բերողին մահվան հասցնելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը և բոլոր մեղավորների բացահայտումն ու պատասխանատվությունը իրավունքի, ժողովրդավարության, արդարության, մարդասիրության և հեղափոխության նպատակների ու արժեքերի նկատմամբ ներկայիս իշխանության հավատարմության ամենաակնառու փորձաքարերից մեկն է:
 
Անսահման սիրով և անհուն կարոտով խոնարհվում ենք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի և Հաց բերելու օրվա խորհրդի առաջ: Համոզված ենք, որ անկախ ներկայիս իշխանության քայլերից, Հաց Բերողի և մեր ժողովրդի բոլոր դահիճներն ու պետականության թշնամիները ոչ ուշ ապագայում կանգնելու են Հայկական Նյուրնբերգի առաջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը