Իրան - ԱՄՆ հակամարտությունը


Իրան - ԱՄՆ հակամարտությունը

  • 13-08-2019 17:54:50   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերջերս արտակարգ սրվել են Իրան - ԱՄՆ, Իրան - Անգլիա հարաբերությունները, հնչում են երկուստեք մեղադրանքներ, սպառնալիքներ, կե՞ղծ, հնարովի՞, թե՞ հիմնավոր փաստեր կան։ Նման այլ դեպքերում միջազգային հանրությունը երբեք հնարավորություն չի ունեցել ժամանակին և առանց վերապահության, իմանալ դրանց պատճառները, միայն տարիներ հետո, երբ բացվում են փակ արխիվները, կամ, երբ արևմուտքի մի քանի խիզախ ու համարձակ թղթակիցների հաջողվում է համառ, երբեմն նաև վտանգավոր աշխատանքների գնով, բացահայտել ճշմարտությունը, նոր միայն հանրությանը պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված փաստարկները, գրեթե միշտ էլ շինծու, հնարովի են եղել, կամ էլ հիմնվել են CIA-ի կողմից կեղծված լուրերի և փաստերի վրա։ 
 
Այսօր արդեն իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները զգալի վնաս են հասցրել Իրանի ազգային տնտեսությանը, վերջին երկու տարվա ընթացքում Իրանի դրամ՝ թումանը  արժեզրկվել է ավելի քան չորս անգամ։ Եվ այդ ամենը այն պատճառով, իբր՝ ըստ Թրամփի, Իրանը հակառակ Եվրոպայի հինգ երկրների և Ամերիկայի հետ պայմանագրի, չի դադարեցրել և շարունակում է, ատոմային ռումբ ստեղծելու ծրագրերի վրա աշխատանքները: Ինչպես միշտ,57կշնմղլ     դա ուռճացված հայտարարություն է, որը հերքվել է նաև Եվրոպական երկրների կողմից, որոնք դեմ են ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներին, սակայն ԱՄՆ-ի հետ առճակատման չգնալու համար, ստիպված մասնակցում են դրան։ 
 
Երկրորդ պատերազմից հետո, Իրան – ԱՄՆ հարաբերությունները զարգացել են տարբեր ուղղություններով։ Ահա, թե ինչ է գրում գերմանացի թղթակից՝ Միխայել Լյուդերզը, իր՝
 
 «Ով հողմ է ցանում» «Թե արևմուտքը՝ իր քաղաքականությամբ ինչ է ստեղծում արևելքում», գրքի՝ հրատարակված 2015 թվականին, նախաբանում.
 
 
 
«Ով միջին արևելքի ներկայիս հակամարտությունների, այդ թվում «Իսլամական պետության» առաջխաղացումը, Իրանի ատոմային ծրագրերի շուրջ ստեղծված տարաձայնությունների, կամ՝ Սիրիայում  քաղաքացիական պատերազմի ծագման պատճառները հասկանալ է ուզում, ապա պետք է մանրազնին ուսումնասիրի երկրորդ պատերազմից հետո արևմուտքի բանեցրած քաղաքականության հետևանքները այդ տարածաշրջանում։ Իհարկե ինքնին հասկանալի է, որ միայն  արևմուտքը  չէ հրդեհաձիգը, բայց յուրահատուկ է եղել և որոշիչը։ Սկսած 1953 թվականից Իրանում  Մոսադեղի դեմ կազմակերպած հեղաշրջումով, կարելի է նկատել, որ՝ 
 
արևմուտքի կողմից արաբական-իսլամական երկրներում  տասնամյակներ շարունակ բանեցրած քաղաքականության հիմնական դրույթները, բոլորովին չեն փոխվել։ Նախ և առաջ այն ձգտումը՝ հակամարտության կողմերին «լավ» ու «չար»-ի բաժանելով:»
 
 
 
«Այն դեպքում, երբ մի պետություն, կազմակերպություն, կամ իշխանության ղեկավար, որպես «չար» է որակվում, ապա բոլոր հնարավոր միջոցներով հրեշացվում է նա և նրա դեմ պայքարը դառնում է օրակարգի հարց:» 
 
 
Եվ այսպես, տասնիներրորդ դարավերջից մինչ մեր օրերը, արևմուտքը նախ Անգլիայի, հետո ԱՄՆ-ի գլխավորությամբ, տիրանալու համար օրեցօր ավելի մեծ պահանջ ունեցող նավթին, որի անսպառ պաշարները Իրանում և միջին արևելքի իսլամական երկրներում են գտնվում, բոլոր հնարավոր,  նաև իր դրածո իշխանությունների միջոցով, իշխել է այդ երկրներում և անարգել ու իր համար ամենանպաստավոր պայմաններով, արտահանել է այդ երկրների նավթը։ Իրանի օրինակը ավելի քան ցայտուն է։ 
 
 
Միխայել Լյուդերզը իր վերոհիշյալ գրքում գրում է.
 
          «Մեծ Բրիտանիան 1909 թվականից սկսյալ, միայնակ տիրում էր Իրանի նավթարդյունաբերությանը։ Մինչ երկրորդ պատերազմը 800 միլիոն  ֆունդ ստերլինգ օգուտ էին հոսել դեպի Անգլիա, մինչդեռ Իրանը ստացել էր միայն 105 միլիոն ֆունդ ստերլինգ։ Անգլիայի վարչապետ՝ Վինստոն Չերչիլը այդ գումարը որակում է ՝ «որպես նվեր, մի ինչ որ հեքիաթային աշխարհից, հեռու մեր բոլոր սառնարյուն երազանքներից»։ Միևնույն ժամանակ Պարսից Ծոցում գտնվող՝ Աբադան քաղաքը, որտեղից արտահանվում էր նավթը,  դարձել էր անգլիական գաղութ, որտեղ տիրում էին ռասայական խտրականության պայմաններ։ «Ոչ իրանցիների համար», գրված էր խմելու ջրհորների վրա։ 1940 թվականի վերջերին Աշխատանքային վատ պայմանների հետևանքով, հաճախակի տեղի էին ունենում ցույցեր ու գործադուլներ, որոնք բռնությամբ ճնշվում էին։ Տարվա վերջում, խորհրդարանի մի խումբ պատգամավորներ միավորվելով, պահանջում էին վերանայել Մեծ Բրիտանիայի հետ կնքված նավթարդյունաբերական պայմանագրերը։ Նրանց խոսնակը՝ Ֆրանսիայում և Շվեցարիայում ուսանած, փաստաբան՝ Մոհամադ Մոսադեղն էր։ Տարվա վերջում նա և նրա համախոհները հիմնադրեցին «Ազգային Ճակատ» կուսակցություն- խմբավորումը, որպեսզի վերջ տան բրիտանական բռնակալությանը և պայքարեն թագավորի ինքնիշխանության դեմ։ Միաժամանակ Նրանք պահանջում էին մամուլի ազատություն, ազատ և չկեղծված ընտրությունների հնարավորություն և սահմանադրական թագավորություն, որը ամրագրված էր Իրանի սահմանադրությունում։ 
 
Մեծ Բրիտանիան փորձում էր թագավորի և նրա հավատարիմների օգնությամբ, որոնք, կեղծված ընտրությունների շնորհիվ, խորհրդարանում ձայների մեծամասնություն ունեին, սահմանափակել նրանց հզորացումը, սակայն 1950 թվականի պառլամենտական ընտրությունների ընթացքում նրանք դարձան ամենաուժեղ կուսակցություններից մեկը և Անգլո- Իրանական նավթարդյունաբերության ընկերությանը (AIOC Anglo-Iranien Oil Company) ներկայացրին մի առաջարկ, չափավոր կերպով բաժանել  եկամուտները, սակայն ընկերությունը մերժեց բանակցությունները, որից հետո ամբողջ երկրում տեղի ունեցան ցույցեր ու գործադուլներ, որի ընթացքում արդեն բնակչության մի մասը պահանջում էր ազգայնացնել Նավթարդյունաբերությունը։ Ազգային Ճակատը, որը արդեն հակադրված էր ընկերությանը, միացավ բնակչության այդ պահանջին, ինչպես նաև ազդեցիկ հոգևորականության մի զգալի մասը։ 
 
Երբ  1951 թվականի մարտին Մոսադեղը վարչապետ ընտրվեց, ապա նրա հակառակորդները զգացին պահի լրջությունը։ Անգլիայի կառավարությունը հաստատակամ կառչել էր՝ Իրանի նավթի պաշարների շահագործմանը։ Այստեղ պետք է մեջբերել, որ այդ տարիներին Եվրոպայում վաճառվող նավթի 90 տոկոսը, գալիս էր Իրանի Աբադան քաղաքից։ Այդ ժամանակ ՄՆ-ի նախագահ՝ Տրումենի կառավարությունը  շատ զգույշ քաղաքականություն էր ընտրել Մոսադեղի նկատմամբ և հույս ուներ, այդտեղ ևս, որպես գերիշխող ուժ, տիրանալ անգլիական փլուզվող կայսրության ժառանգությանը։ Այդ պատճառով էլ Իրանում նավթարդյունաբերության ազգայնացումը ԱՄՆ-ում խուճապ չառաջացրեց։
 
Այնուամենայնիվ վարչապետ Չերչիլը և նրա արտաքին գործերի նախարար Անտոնի Էդենը, ովքեր դեռ վաղուց ծրագրել էին տապալել Մոսադեղին, ստիպողաբար կախված էին ԱՄՆ-ի աջակցությանը։ Սակայն Վաշինկտոնում, միայն 1953 թվականին, երբ Այզենհաոերը նախագահ դարձավ, պատրաստակամ գտնվեցին ուշադրություն դարձնել անգլիական ծրագրերին, ավելին, Ամերիկան ինքը հանձն առավ կազմակերպել հեղաշրջումը։ Եթե նախկին նախագահ՝ դեմոկրատ Տրումենը ահազանգում էր, որ Մոսադեղի դեմ բռնի հեղաշրջումը, տարածաշրջանում ողբերգություն է նշանակելու, ապա հանրապետականները Մոսադեղին դիտում էին որպես կոմունիստ, իսկ նավթարդյունաբերության ազգայնացումը՝ վտանգավոր մի նախադեպ։
 
1953 թվին Մոսադեղի դեմ հեղաշրջումը մի ցայտուն օրինակ է, որի նմանը հետագայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից գործադրվել է մի շարք երկրներում, իշխանափոխություն կատարելու համար։ Գործընթացքը միշտ նույնն է, նախ հրեշացվում է տվյալ երկրի ղեկավարությունը։ Էդենը հաճախակի Մոսադեղին նմանեցրել է Հիտլերին։ 2013 թվականին հրապարակված CIA-ի մի փաստաթղթում նա այնպիսի որակում է ստանում, որը հետագայում, փաստորեն բառ առ բառ օգտագործվել է այլ բռնակալների, օրինակ՝ Սադամ Հուսեյնի, Ղադաֆի-ի, Բաշր Ալ-Ասադի պարագայում, ովքեր որակվում են որպես՝ «անվստահելի, խելագար, բռի, կամ, մեկը այն վտանգավոր առաջնորդներից, որոնց հետ մենք երբևէ գործ ենք ունեցել:»
 
«Դեմոկրատական հիմունքներով ընտրված վարչապետ՝ Մոսադեղի դեմ հեղաշրջումը, ծրագրվել էր մանրակրկիտ, ամիսների ընթացքում։ CIA („Operation TPAJAX) և բրիտանական MI 6 գաղտնի ծառայությունը (Operation Boot), ոչինչ չէին թողել պատահականությանը։ Նպատակը պարզ էր. 
 
«Գործողություն սկսել՝ Իրանում արևմուտքին համակիր կառավարություն տեղադրելու համար»։ 
 
Այդպես է գրված 1953 թվականին CIA-ի կողմից պատրաստված մի փաստաթղթի մեջ, որը կարճ ժամանակ առաջ հրատարակվեց։ 
 
Դեռ ավելին.
 
«Նշանակետը՝ Վարչապետ Մոսադեղն էր և նրա կառավարությունը։
 
Գործողության տեսակները՝ լեգալ և իբր ոչ լեգալ մեթոդներով տապալել՝ վարչապետ Մոսադեղի կառավարությանը, նրա փոխարեն տեղադրել արևմտամետ կառավարություն(...)։
 
CIA-ի Ծրագիր -Գործողությունը  իրագործվեց չորս փուլերով։
 
1. (Գրաքննության ենթարկված)(…) Թագավորին աջակցել, որպեսզի նա իր սահմանադրական իրավունքը առավելագույնս իրագործել կարողանա և այնպիսի դեկրետներ ստորագրի, որոնց միջոցով հնարավոր  կլինի Մոսադեղին հեռացնել վարչապետի պաշտոնից։
 
2. Իրանում ի-մի բերել քաղաքական այն խմբավորումները և համաձայնեցնել նրանց գործողությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Մոսադեղի նկատմամբ, այդ թվում նաև հոգևորականությանը, որպեսզի նրանք թագավորին պաշտպանեն, լեգալ միջոցներով Մոսադեղին հեռացնել իր պաշտոնից։ 
 
3. (Գրաքննության ենթարկված)(…) Իրանի ժողովրդին ապակողմնորոշել այն հարցում, որը Մոսադեղի հայրենասիրության առասպելին է վերաբերում, շեշտելով նրա համագործակցությունը կոմունիստների հետ, ընդգծել, որ նրա այն հավակնությունը՝ որ սահմանադրության կողմից է իրեն բացարձակ իրավունք տրվել, խաբեություն է, որը բխում է միայն նրա իշխանամոլությունից։
 
4. Միևնույն ժամանակ պետք է ներվային պատերազմ մղել Մոսադեղի դեմ։ Այն նպատակով, նրան և հանրությանը պարզ դարձնել, որ իրենք չպետք է տնտեսական օգնություն ակնկալեն և որ ԱՄՆ-ը շատ մեծ անհանգստությամբ են՝ Մոսադեղի քաղաքականությանը հետևում.
 
a)ՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մի շարք հրապարակային հայտարարություններ հրատարակել, ովքեր պարզաբանում են, որ Մոսադեղը ոչ մի սպասելիք չպետք է ունենա, որ ինքը ՄՆ-ի կողմից  հավելյալ օգնություն կստանա։
 
b)ՄՆ-ի թերթերում ու ամսագրերում հոդվածներ հրատարկել, որտեղ նրան և նրա մեթոդները քննադատվում են:
 
c)(Գրաքննության ենթարկված)(...) Ամերիկայի դեսպանի բացակայությունը Իրանում, որը այն տպավորությունն է ընդգծելու, որ ԱՄՆ-ը կորցրել են իրենց հավատը Մոսադեղի և նրա կառավարության նկատմամբ (…)
 
Եվ այսպիսով 1953 թվականի օգոստոս 19-ին Մոսադեղի դեմ 
 
Հեղաշրջում իրականացնողը CIA -ի աշխատակից Կերմիտ Ռուզվելտն էր, նախկին Նախագահ՝ Թեոդոր Ռուզվելտի թոռը։ Նա հետևում էր, որ վերոհիշյալ չորս կետերը մանրակրկիտ իրագործվեն, հավելյալ հինգերորդ կետով, որը դեռ գրաքննադատությունով չի անցել, նա միլիոններ դրամ էր բաժանում շահի կողմնակիցներին, հատկապես գնում էր զինվորականներին և փողոցայիններին, որոնք էլ փողոցները դարձնում էին անապահով, որը խիստ անհրաժեշտ է իշխանափոխություն կատարելու համար։ Տասնյակ թղթակիցներ կաշառվեցին, որպեսզի Մոսադեղին մեղադրեն, որ նա Սովետմիության գործակալ է։
 
Վճռական, այսինքն 1953 թվականի օգոստոս 19 -ին, CIA-ն  օրը բաժանել էր չորս մասերի։
 
Առաջին մաս. 
 
-Մասսայական ցույցեր են սկսվում առավոտյան ժամը 6-ից 10:30։ 
 
- Ստեղծվել էին չորս կռվազան խմբեր, կազմված հարյուրավոր հանցագործ մարդկանցով, մի խմբին գլխավորում էր հայտնի ոճրագործ՝ Շաբան բի մոխը (Շաբանը առանց ուղեղի), (տարիներ անց, երբ նրա ազատությունը ամոթի խարան էր իշխանության համար, ապա նա ձերբակալվեց, դատվեց ու գնդակահարվեց, հոդվածի հեղ.)։ Ստեղծված խմբերը քաղաքի տարբեր կողմերից ուղղվում են դեպի բազար, ամենուր վախ ու սարսափ տարածելով։»
 
Երկրորդ մաս.
 
-Ժամը 10:00 -15:00- ը զինված և գաղտնի գործակալության ուժերը անցնում են հարձակման, գրավելով ներքին և արտաքին նախարարությունները, նաև պետական այլ կառույցներ։ Ավերում և հրդեհի են մատնում Մոսադեղին կողմնակից թերթերի հրատարակչությունները,  գրավում են տարբեր կուսակցությունների գրասենյակներ, քաղաքապետարանը, հեռագրատունը, ոստիկանության և զինված ուժերի գլխավոր կայանները։
 
Երրորդ մաս.
 
Ժամը 5:00 -14:30 -ը, տանկերը շրջափակում են Թեհրանի կենտրոնը։
 
Չորրորդ մաս.
 
Ժամը 14:00 – 16:00-ը, զինված ուժերը գրավում են Թեհրանի ռադիոկայանը։
 
Ժամը16:00 – 17:00-ը, Զահեդին (թագավորին հավատարիմ գեներալ և նրա կողմից նշանակված նոր վարչապետը) ռադիոյով դիմում է Իրանի ժողովրդին։
 
Ժամը14:00 – 19:00-ը, շրջափակվում է Մոսադեղի տունը։ 
 
Ժամը19:00-ին Մոսադեղին հնարավորություն է տրվում փախչելու, որպեսզի նրան՝ որպես վախկոտ ներկայացնեն ժողովրդին...»
 
«...Հեղաշրջումից մի քանի օր հետո, թագավորը, ով փախել էր երկրից, Թեհրան է վերադառնում...»
 
Միխայել Լյուդերզը ավելացնում է.
 
Նախ հեղաշրջում, հետո հեղափոխություն
 
«Այսօր արդեն ոչ մի պատմաբան չի կասկածում, որ Իրանում «իսլամական հեղափոխությունը» և Խոմեին-ի կողմից իշխանության գրավումը, հետագայի պատասխանն էր 1953 թվականի հեղաշրջմանը, իհարկե որ դա ծայրահեղ հակազդեցություն էր, այն էլ տարիներ հետո։ Ամերիկա-անգլիական հավակնությունը բիրտ ուժերով ոչնչացրեց Իրանում նոր սաղմնավորվող և այնքան խոստումնալից պառլամենտական ժողովրդավարությունը և փոխարենը տեղադրեց թագավորի բռնակալությունը, ով արևմուտքում հայտնի էր որպես հուսալի գործընկեր, սակայն երկրի ներսում քաղաքացիական հասարակություն ստեղծելու յուրաքանչյուր քայլ ճնշում էր, այս ամենի հետևանքը այն էր, որ կրոնը, իսլամը, դժգոհների՝ փախուստի և հավաքատեղի -ի վայր դարձավ, որը ավելի հզոր էր, քան երկրի անվտանգության ծառայությունը, SAVAK-ը։ 
 
Թագավորի ուշադրության կենտրոնը ուղղված էր մեծածավալ պրոյեկտների, 1957 թվականից նաև ատոմային էներգիայի վրա, սակայն դա չէր կարող բավարար կերպով փոխել երկրի տնտեսությունը, և ժողովրդի մեծ մասը, մանավանդ՝ գյուղերում և քաղաքային ծայրամասերում դարձյալ ապրում էր ծայրահեղ աղքատության և կարիքի պայմաններում,  եվ հենց այդ պատճառով էլ նա չկարողացավ իր ժողովրդականությունը բարձրացնել։ Երկրում նրա հենարանն էին՝ բանակը, վերնախավը և գաղտնի գործակալությունը, իսլամական հեղափոխության ժամանակ պարզվեց, որ իշխանության նման հենարանները շատ թույլ էին։
 
Առանց 1953 թվականի հեղաշրջումը, ոչ մի իսլամական հեղափոխություն, ԱՄՆ-ի քաղաքական գործիչնրը մեծ դժվարություն ունեին նման տեսակետը ընդունել:
 
Որ ճնշված ժողովուրդները, Ամերիկայի և արևմուտքի գործադրած քաղաքականությունը մերժում են, անհասկանալի է մնացել ամերիկացիների և արևմուտքի համար, նրանք դժվարություն ունեն դա պատկերացնել:»
 
«Այս հարցը՝  իրենց գործողությունների պատճառները և դրանց ազդեցությունը ընդունել, նրանց համար անհաճո է, ավելի հեշտ է, մոլեռանդ իսլամը, որի մարմնավորումը Խոմեինին էր, պատմական իրադարձությունների պատճառը ներկայացնել։  Հենց այդ իմաստով էլ «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», կոչերը՝ ընկալվում էին և այսօր էլ ընկալվում են, որպես անհաշտ թշնամության դրսևորում, խարսխված իսլամական կրոնի մեջ և ոչ որպես հակազդեցություն այն իրականության, որ իրենք տեղադրել և տասնամյակներ շարունակ պաշտպանել են թագավորի բռնակալ և ապազգային իշխանությունը...»
 
 
Սամվել Հովասափյան
Բեռլին, օգոստոս 2019
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play