ՀՀ-ում ամերիկահայ գործարարը 5մլն-50մլն դոլարի ներդրում է խոստանում, եթե կառավարությունը թույլատրի Հեմփ տեսակի կանեփազգի բույս աճեցնել և վերամշակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՀՀ-ում ամերիկահայ գործարարը 5մլն-50մլն դոլարի ներդրում է խոստանում, եթե կառավարությունը թույլատրի Հեմփ տեսակի կանեփազգի բույս աճեցնել և վերամշակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-08-2019 17:38:10   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում 5 մլն դոլարից մինչև 50 մլն դոլարի ներդրում է խոստանում անել «Արմերիկա» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, եթե կառավարությունը գրավոր թույլտվություն տրամադրի Հեմփ տեսակի կանեփազգի բույսի աճեցման և վերամշակման համար: 
 
Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նշյալ ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը՝ հավելելով, որ 7 տարվա կտրվածքով կազմված բիզնես ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն: 
 
Ըստ նրա՝ ամբողջ խնդիրն այն է, որ հեմփն արտաքնապես շատ նման է սովորական կանեփին, սակայն ի տարբերություն վերջինիս, այս բույսում տետրահիդրոկանաբինոլի պարունակությունը (մարիխուանայաում առակա միացությունն է) 0,3 տոկոսից ցածր է: 
 
Ամերիկահայ գործարարի վստահեցմամբ, ցանկացած բույս, որը 0,3 տոկոսից ցածր տետրահիդրոկանաբինոլ է պարունակում, ենթակա է ազատ աճեցման և վերամշակման, մինչդեռ հեմփի դեպքում հանդիպել են խոչընդոտների:  
 
«Ամերիկայում Հեմփի աճեցումն օրինականվեց նախորդ տարվա դեկտեմբերին: Այս բույսից ստանում ենք սիբիդի (CBD) կամ կանաբինոլի յուղը, նաև բոլոր այս ապրանքները՝ ջուր, ցավերը հանգստացնող սփրեյ, կոսմետիկ միջոցներ և այլն: CBD յուղի բացառիկ առանձնահատկությունն այն է, որ այն հավասարակշռում է մեր մարմնի բոլոր բջիջների ֆունկցիաները»,- ընդգծեց Ռ. Մկրտչյանը: 
 
Իսկ «Արմերիկա» ՍՊ Ընկերության գիտաարտադրական հարցերով խորհրդական Իշխան Հովհաննիսյանն անդրադառնալով Հեմփի օգտակար հատկանիշներին, մասնավորապես, նշեց. 
 
«Հեմփի ծաղկաբույլից ստացված յուղը թույլատրված է աշխարհի հայտնի երկրներից 90 տոկոսում: Մշակաբույսի իգական սեռի տեսակի 1 ար կամ 100 մ² նորմալ խտության ցանքատարածությունից ստացվում է 1 լ CBD յուղ, որը միջազգային շուկայում սպառման խնդիր չունի, և կիասաֆաբրիկատ վիճակում վաճառվում է 800-ից 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում: CBD յուղը գրեթե անփոխարինելի է Ալցհեյմերի, Պակինսոնի հիվանդությունների, նևրոպաթիկ ցավերի, սկրելոզի, հետվնասվածքային շրջանի  սթրեսային խանգարումների, էպիլեպսիայի, դեպրեսիայի, քրոնիկ ցավերի, գլաուկոմայի, ասթմայի, սնկային հիվանդությունների, չբերության և ամուլության բուժման հարցում»:
 
Ի. Հովհաննիսյանի պնդմամբ՝ հեմփ տեսակի մշակաբույսն իսկական սանիտար է ծանր մետաղներով, հանքային պարարտանյութերով, ինչպես նաև հերբիցիդներով վարակված և աղակալված հողերի համար: 
 
Վերադառնալով Հայասատնում հեմփի աճեցման և վերամշակման հետ կապված խնդիրներին՝ գործարար Ռ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ ծրագրի իրականացման նպատակով դեռևս չորս տարի առաջ սկսել է աշխատել նախորդ իշխանությունների հետ, հանդիպել վերջին երեք գյուղնախարարներին և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականներից մեկի հետ: 
 
Նրա փոխանցմամբ՝ հեմփի աճեցման ծրագիրը հավանության արժանացել է նշյալ անձանց կողմից, սակայն գրավոր թույլտվություն չունեն: 
 
Այս տարի փորձնական աճեցման նպատակով հեմփի ցանք է իրականացվել Վարդենիսում, Սուրենավանում, Իջևանում: 
 
Գործարարը ցանկանում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ ներկայացնել ծրագիրը, քանի որ վստահ է՝ հեմփի աճեցմամբ և վերամշակմամբ զբաղվելու դեպքում Հայաստանում իսկապես տնտեսական հեղափոխություն կլինի: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Մանրամասները՝ տեսանյութում
Նոյյան տապան  -   Հասարակություն