Արթուր Վանեցյանը մի կարեւոր քայլ պետք է անի


Արթուր Վանեցյանը մի կարեւոր քայլ պետք է անի

  • 15-08-2019 16:38:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Անգամ սուվերեն պետության ֆորմալ առկայության պարագայում երկիրը գաղութ է լինելու, եթե առանցքային դիրքերը սուվերեն չեն: Այդ դիրքերից մեկը հատուկ ծառայություններն են: Վերջին 100 տարիներին հայկական ու ռուսական հատուկ ծառայություններն այնքան են սերտաճել, որ արդեն դժվար է տարբերակել միմյանցից: Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանները պահպանում են ռուսական սահմանապահ զորքերը, որոնք ԱԴԾ կազմում են: Բացի այդ, Հայաստանի ԱԱԾ-ն շարունակում է իր ծննդյան օրը նշել խորհրդային ԿԳԲ-ի օրը՝ դեկտեմբերի 20-ին՝ ասոցացվելով խորհրդային Չեկայի ու ՆԿՎԴ-ի հետ:
 
Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ղեկավարը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկել այդ կապակցությամբ եւ ստացել պատասխան.
 
«1918 թվականին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքը։ Այո, մենք այս տարեթվից ենք հաշվում ազգային անվտանգության հայկական մարմինների հիմնադրումը և 2018 թվականին նշել ենք հիմնադրման 100-ամյա հոբելյանը։ Մենք համարում ենք, որ մեր կառույցի գործունեությունն ընդհատվել է Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմամբ, երբ մենք կորցրել ենք պետականությունը, իսկ 1991 թվականին պետականության վերակերտման արդյունքում և շնորհիվ մենք վերականգնվել ենք իբրև ՀՀ ԱԱԾ։ Այո, ցավալի է, որ տեղի է ունեցել նման տևական ընդհատում, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա անկախ պետականության ընդհատում էր։ Անկախության կորուստը որևէ նորմալ մարդու կողմից չի կարող դրական գնահատվել։ Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ», նշված է պատասխանում։
 
Ռուսական լրատվամիջոցներին արդեն արձագանքել են հայկական ԱԱԾ-ի պատասխանին եւ վրդովվել, որ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը բացահայտ դատապարտում են Հայաստանի «անկախ պետականության ընդհատման» փաստը խորհրդայնացման ու Խորհրդային Միության կողմից բռնակցման ճանապարհով: Ռուսական լրատվամիջոցները նորից փորձում են վերադառնալ փորձված թեզին, որ Ռուսաստանը 20-րդ դարի սկզբին Հայաստանը փրկել է թուրքական յաթաղանից: Բայց Ռուսաստանում էլ արդեն հասկանում են, որ եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը:
 
Հայկական պետությունը պետք է քաղաքական գնահատական տա իր պատմությանն ու երրորդ երկրների հետ հարաբերություններին, որ ոչ միայն անվտանգության ծառայությունները, այլ նաեւ մյուս կառույցները կարողանան սահմանել այլ երկրների գործընկերների հետ աշխատանքի տարածությունը:
 
Սուվերենացումը ենթադրում է սուվերեն հատուկ ծառայությունների առկայություն, եւ պատահական չէ, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային նպատակների թվում նշել է այն, որ հայկական հատուկ ծառայությունները պետք է դառնա աշխարհի ամենաուժեղներից մեկը:
 
Արթուր Վանեցյանը պետք է եւս մեկ կարեւոր քայլ անի՝ Հայաստանի ԱԱԾ-ի օրը դեկտեմբերի 20-ի փոխարեն (խորհրդային ԿԳԲ օրը) դեկտեմբերի 4-ը հայտարարի, երբ 1991 թվականի ստեղծվեց Հայաստանի ԱԱԾ-ն: Հնարավոր է, դրան հաջորդեն այլ քայլեր՝ Հայասստանի այն քաղաքացիների լյուստրացիա, ովքեր մինչ օրս աշխատում են օտարերկրյա հատուկ ծառայությունների համար եւ բացահայտ առաջ են տանում նրանց շահերը՝ ի վնաս Հայաստանի շահերի:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play