Արցախի բնակչության սոցիալ-քաղաքական դիրքորոշումները, պատկերացումներն ու սպասումները. զանգվածային սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ամփոփում


Արցախի բնակչության սոցիալ-քաղաքական դիրքորոշումները, պատկերացումներն ու սպասումները. զանգվածային սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ամփոփում

  • 15-08-2019 16:58:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
 
Սույն թվականի հուլիսին Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացվել է զանգվածային սոցիոլոգիական հետազոտություն՝ ուղղված Արցախի բնակչության սոցիալ-քաղաքական դիքորոշումները, պատկերացումներն ու սպասումներն ուսումնասիրելու։ 
 
Հետազոտությունն իրականացրել էր հայաստանյան «ԷՄՊԻՐԻԿԱ» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը, որը 2014 թվականից  գործունեություն է ծավալում սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների ոլորտում:
 
Հետազոտության խնդիրներն են եղել դասակարգել Արցախի բնակիչներին անհանգստացնող սոցիալական հիմնախնդիրները, պարզել Արցախի բնակիչների կարծիքը և դիրքորոշումներն արցախյան և հայաստանյան քաղաքական գործիչների, գործող քաղաքական ուժերի նկատմամբ, վեր հանել նրանց սպասումներն ու ակնկալիքները քաղաքական ինստիտուտներից և պաշտոնյաներից:
 
Հետազոտության ընթացքում տեղեկատվությունը հավաքագրվել է և՛ քանակական, և՛ որակական սոցիոլոգիական հետազոտական ավանդույթների շրջանակոմ՝ կիրառվել են զանգվածային հարցման և ֆոկուս-խմբային քննարկումների մեթոդները մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի բոլոր 7 շրջաններում: 
 
Որպես Արցախի հասարակության առջև ծառացած առաջնային ամենակարևոր հիմնախնդիր՝ հարցվողների կողմից առանձնացվել է աշխատատեղերի պակասը և գործազրկությունը, այնուհետև սոցիալական այլ  խնդիրներ:
 
Հարցվածների 82.3%-ը պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ է պայքարելու և մեկնելու առաջնագիծ:
 
Հարցվածների 57%-ը դրական է արտահայտվել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: 
 
«Ու՞մ կցանկանային տեսնել Արցախի նախագահի պաշտոնում» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. հարցվողների բավականին մեծ թիվ դեռևս կողմնորոշված չէ իրենց նախապատվություններում՝ «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը նշել են 28.4% - ը, այնուհետև՝ բավականին մեծ թվով հարցվածներ նշել են Արայիկ Հարությունյանի անունը (14.2%), երկրորդ տեղում է Սամվել Բաբայանը (11.3%), իսկ երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը (7.3%) : Հարցման ընթացքում հնչած մյուս գործիչների անունները բավականին ցածր տոկոս հարցվողներ են նշել: 
 
Վերլուծությունն ըստ Արցախի Հանրապետության տարբեր շրջանների ցույց է տալիս, որ Վիտալի Բալասանյանի կողմնակիցներն էական տեսակարար կշիռ ունեն Ասկերանում՝ 25.2%: Սամվել Բաբայանի կողմնակիցների թիվը համեմատաբար Վ. Բալասանյանի կողմնակիցների գերազանցում են գրեթե բոլոր շրջաններում, սակայն միևնույնն է զիջում  է Արայիկ Հարությունյանի կողմնակիցների թվին՝ հատկապես Մարտակերտում, Շահումյանում, Քաշաթաղում և Հադրութում: Հատկանշական է, որ Արայիկ Հարությունյանին սատարողները բավական հավասարաչափ են բաշխված բոլոր շրջաններում: 
 
Այսպիսով՝ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Ա. Հարությունյանի կողմնակիցների թիվը՝ (13.3%)  Ս. Բաբայանի կողմնակիցների թվին փոքր ինչ զիջում է (11.9%), իսկ Վ. Բալասանյանին նշածների թիվը Ստեփանակերտում էապես ավելի ցածր է (5.0%): Շուշիում, Ասկերանում և Մարտունիում միանշանակ բարձր են Ս. Բաբայանի դիրքերը մյուս երկու թեկնածուների համեմատ: Վիտալի Բալասանյանին սատարողների տեսակարար կշիռը գերազանցում է մյուս երկու թեկնածուներին միայն Ասկերանում: Արայիկ Հարությունյանի ընտրազանգվածը մյուս երկու թեկնածուներից ավելի մեծ է Քաշաթաղում (16%), Մարտակերտում  (14.5%), Շահումյանում(10.7%),  և Հադրութում(6.9%)։
 
Հարցվածներին հնարավորություն էր տրվել նաև առանձնացնել Արցախի ժամանակակից այն քաղաքական գործիչներին, ում գործունեությունը նրանք հավանում են: Այսպիսի հարցադրման դեպքում Արցախի բնակիչների համակրանքները դասավորվեցին հետևյալ կերպ՝ 
 
1. Արայիկ Հարությունյան՝ 13.4%, 
2. Աշոտ Ղուլյան` 10.9%, 
3. Վիտալի Բալասանյան` 10.6%, 
4. Սամվել Բաբայան` 7.9%, 
5. Բակո Սահակյան` 6.8%, 
6. Մասիս Մայիլյան` 4.2%: 
 
Հարցվածների գերակշռող մեծամասնությունը՝ 95.5%, որևէ քաղաքական կուսակցության չեն անդամակցում: 
 
Բնակչության 61.8%-ը  ոչ մի կուսակցության չի համակրում: Համակիրների ամենաբարձր տոկոսն ունի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը՝ 16.9%: 7.8% համակրում են ԱԺԿ-ին, 5.1%` «Արդարություն» կուսակցությանը և 3.2%` ՀՅԴ կուսակցությանը: Հինգերորդ տեղում «Ազգային Վերածնունդ» կուսակցությունն է` 2%:
 
Այսպիսով՝ այս հետազության արդյունքների համաձայն բնակչության քաղաքական սպասումների պատկերը հաջորդ տարվա մարտին կայանալիք ընտրություններից գրեթե կես տարի առաջ այսպիսինն է։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play