Երևանում բացվել է Արգենտինայի հրապարակը


Երևանում բացվել է Արգենտինայի հրապարակը

  • 15-08-2019 17:04:29   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման վայրը, այսուհետ պաշտոնապես կկոչվի Արգենտինայի Հանրապետության հրապարակ: 
 
Հանդիսավոր բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի ավագանու անդամներ, դիվանագետներ, հոգևոր այրեր, պաշտոնատար այլ անձինք: 
 
Տարածքն ավագանու որոշմամբ անվանակոչվել էր դեռևս 2017-ին, իսկ այս տարի քաղաքային իշխանությունը հավանություն տվեց հրապարակում արգենտինացի գեներալ, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի կիսանդրին տեղադրելու գաղափարին: 
Ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ քաղաքապետ Մարությանն իր խոսքում նկատեց.
 
«Մենք մեր բարեկամ ժողովուրդների հանդեպ մեր սերն ենք արտահայտում՝ նրանց պատվին անվանակոչելով փողոցներ, հրապարակներ ու պուրակներ: Եվ, անշուշտ, այդ երկրների ցանկում պետք է իր արժանի տեղն ունենար Արգենտինան՝ մի երկիր, որը թեև տարածության առումով հեռու, բայց ոգով ու մշակույթով շատ մոտ է Հայաստանին: «Անցյալի ուսումնասիրությունը սովորեցնում է, թե ինչպես պետք է վերաբերվես ինքդ քեզ ներկայում և ապագայում»: Իմ մեջբերած այս խոսքերի հեղինակը իրավաբան ու զինվորական, ազատության մարտիկ Մանուել Բելգրանոն է: Ուշագրավ է, որ Արգենտինայի հերոս գեներալ Բելգրանոյի այս միտքը փոքր-ինչ վերաձևակերպված հանդիպում ենք մեր Գարեգին Նժդեհի մոտ. «Պատմագրել անցյալը՝ հանուն ապագայի ու գոյատևման»: Սա, կարծում եմ, մեր ազգերի հոգևոր հարազատության ևս մեկ նշան է, ինչպես նաև՝ ապացույցն այն բանի, որ ազատատենչ հոգիները նման են մեկը մյուսին» ,-նշեց քաղաքապետը:
 
ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով քաղաքային իշխանությանը ցուցաբերած աջակցության համար, նշեց. «Թեև այսօր իմ պաշտոնավարման վերջին օրն է, սակայն Երևանը հասցրել է դառնալ ինձ համար իսկապես շատ հարազատ վայր: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու Հայաստանին և հայ ժողովրդին, բայց նաև տխուր եմ, որ ավարտում եմ դիվանագիտական առաքելությունս»:
 
Հյուրերը շրջել են տարածքում, զրուցել բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Դեսպանության ուժերով արդեն իսկ բարեկարգվել և արգենտինական մոտիվներով նկարազարդվել է հարակից կամարանցումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն