ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանությունում Մելիք Մանուկյանի եղբոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»
15-08-2019 18:18:42 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով Հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի 12-ին քրեական գործ է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբորը՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող մի խումբ անձանց կողմից խոշտանգումը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ոստիկանները օգոստոսի 3-ին նրան տարել էին ոստիկանություն՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով՝ առանց նրան ծանուցագիր ուղարկելու կամ բերման ենթարկելու որոշում ունենալու։ Ռ.Մանուկյանը հրաժարվել էր առանց օրինական հիմքի գնալ ոստիկանություն, սակայն նա հարկադրաբար դեղափոխվել է ոստիկանություն, որտեղ, ըստ նրա հայտարարության, ենթարկվել է բռնության։ Դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել ու ազատել արգելանքից՝ արձանագրելով, որ «գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»։
Գործարար Ռ. Մանուկյանը իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել էր բռնության հանգամանքը։ Եզրակացությամբ փորձագետները Ռոբերտ Մանուկյանի մոտ ախտորոշել են կրծքավանդակի հետին պատի սալջարդ, վերին վերջույթների, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր։
Դատաբժշկական փորձաքննությունն արձանագրել է, որ Ռ. Մանուկյանի մոտ առաջացած սալջարդերն ու վնասվածքներն ակնհայտորեն առաջացել են բռնության գործադրումից։ Վերջինիս ստացած մարմնական վնասվածքները հասցված են բութ առարկաներով կամ բութ գործիքներով առնվազն մեկական անմիջական ներգործությամբ (հարված, սեղմում, շփում):
Ոստիկանության բաժնում կատարված խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը կիրականացվի ՀՔԾ-ում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում կքննվի նաեւ ոստիկաններին ենթադրաբար դիմադրություն ցույց տալու եւ քննության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որն արդեն Քննչական կոմիտեից ուղարկվել է ՀՔԾ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո։
Պայթյունի եղանակով միջպետական ճանապարհին եղբոր նկատմամբ կատարված սպանության փորձից հետո, նախնական քննության տվյալներով, նրա դրդչությամբ վարորդը դեպքի վայրից հեռացրել է ավտոմեքենան։ Քննության խոչընդոտելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոչ միայն վարորդին է մեղադրանք առաջադրվել, այլ նաեւ ՍՊԸ-ի տնօրենին։
Թեեւ ի սկզբանե նա ձերբակալվել էր միայն այդ դրվագով, սակայն հետագայում մեղադրանք էր առաջադրվել նաեւ առանց հիմքի բերման ենթարկվելիս ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար։ Այսինքն՝ դատարանը փաստել էր, որ նա ոստիկանություն է տեղափոխել առանց օրինական հիմքի, սակայն քննիչը այլ գնահատական էր տվել եւ առանց իր կողմից ուղարկված ծանուցագրի կամ բերման ենթարկելու որոշման անձին ոստիկանություն տեղափոխելը համարել էր օրինական ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել էր։
Կալանավորման որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան։