Նոր մանրամասներ Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումից. irakanum.am


Նոր մանրամասներ Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումից. irakanum.am

  • 19-08-2019 17:56:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

irakanum.am «Վարչապետը ներկայացրեց իր այսօր առավոտյան տեղի ունեցած հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում, և այսօր երեկոյան կամ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով»,- Ամուլսարի հարցով վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպման ավարտից հետո  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
 
Սիմոնյանը նկատեց՝ թե նախընտրական փուլում, թե այս ողջ ժամանակահատվածում ասվել է, որ, եթե լինի գոնե 0.1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, այդ հանքը չի շահագործվի.
 
«Այսօր կան եզրակացություններ, որոնք ընդունվել են ի գիտություն, և կառավարությունը կկայացնի իր որոշումը: Եթե նման որոշում լիներ, դա կբարձրաձայնվեր:
 
Իր կարծիքի մասին՝ այո, թե ոչ, վարչապետը կհայտնի այսօրվա իր հայտարարությամբ: Քննարկման ընթացքում կարմիր գծով անցել է հետևյալը, որ, եթե ՀՀ-ին, Սևանին կամ Ջերմուկին 0.1 տոկոս վնաս կա՝ անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպությանը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա, թե դուր չի գա, հանքը չի շահագործվի: Բայց եթե լինի իրավիճակ, որտեղ մենք տեսնենք, որ վնաս չկա, հանքը կշահագործվի»:
 
ԱԺ փոխնախագահը նշեց, որ քննարկման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետները, եղել են պատգամավորներ, ովքեր դեմ են արտահայտվել։
 
Վերջինս նշեց, որ իր անձնական կարծիքը, թե կողմ է հանքի շահագործմանը, թե ոչ, չի կարող արտահայտել, որովհետեւ մասնագիտական գիտելիքները հարցի վերաբերյալ չեն բավարարում:
 
«Եթե կա փոքրիկ հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպության հերն էլ շուն դառնա… Կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական բարձր մակարդակն է: Չի՛ քննարկվում դա»:
 
Հիշեցնենք, որ ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումից առաջ եւ հետո, վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
 
Նշենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
 
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
 
Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:
 
Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
 
Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը