Քննարկում տեղի չունեցավ. քննչական կոմիտեի ներկայացուցիչները թույլ չէին տալիս որ արտահայտվենք. Հակոբ Սանասարյան. Orer.am


Քննարկում տեղի չունեցավ. քննչական կոմիտեի ներկայացուցիչները թույլ չէին տալիս որ արտահայտվենք. Հակոբ Սանասարյան. Orer.am

  • 19-08-2019 18:10:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

orer.am Կառավարության նախորդ նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրեց Ամուլսարի շահագործման վերաբերյալ «Էլարդ» ընկերության կողմից իրականացված փորձաքննության արդյուքները, համաձայն որի քննությունը շարունակելու հիմքեր չկան, ինչը հասարակության շրջանում բողոքի նոր ալիք բարձրացրեց:
 
Ջերմուկցիների, հարակից բնակավայրերի բնակիչների ու բնապահպանների տեսակետը լսելու համար այսօր Բաղրամյան 26-ում նախատեսված էր հանդիպում վարչապետի հետ: Հանդիպումը թեև կայացավ, սակայն մասնակիցների տեսակետները խիստ հակասական էին:
 
Հանդիպմանը ներկա էր նաև «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, ով Orer.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր տպավորությունները:
 
- Պարոն Սանասարյան, ավարտվեց հանդիպումը, սակայն մասնակիցների կարծիքները խիստ հակասական են: Դուք ի՞նչ տպավորություն ստացաք:
 
- Ցավոք քննարկում տեղի չունեցավ, քանի որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները միջամտում էին և թույլ չէին տալիս որ արտահայտվենք: Պետք է նշեմ, որ ցավոք նրանք սխալ տեղեկություններ են տվել կառավարությանը, քանի որ «Էլարդ»-ի եզրակացությունում բացի մի կետից, մնացած բոլոր տեղերում նշված է, որ ծանր մետաղներով աղտոտված ջրերը հանքից դուրս գալով երկրաբանական խզվածքներով կհոսեն տարբեր ուղղություններով և մի մասը կլցվի Կեչուտի ջրամբար և ապա նաև Սևանա լիճ:
 
- Այդ դեպքում ինչու է Քննչական կոմիտեն այլ եզրահանգման եկել:
 
- Ես զարմացած եմ և կարծում եմ ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն: Երկու վարկած կարող է լինել, կա՛մ նրանք չեն հասկացել եզրակացությունը, կա՛մ շահադիտական նպատակներ են ունեցել: Ես այդ վարկածները պնդելու հիմքեր չունեմ, բայց կարող եմ հայտարարել, որ եզրկացությունից դուրս այնպիսի եզրահանգումներ են արել, որը նաև ներկայացրել են վարչապետին և կառավարոթյանը, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
 
Նրանք տեսքտից պոկված կտորներն իրար կողքի դնելով ինչ-որ տեքստ են գրել, և կա՛մ ամբողջովին չեն կարդացել եզրակացությունը, կա՛մ այդ եզրակացությունը նրանց համար գրել են ուրիշները:
 
- Փաստորեն, երկու կողմերը հավասար պայմաններում չեն եղել, այդ պատճառով չեք կարողացել հակափաստարկներ ներկայացնել:
 
- Յուրաքանչյուրը մի քանի խոսք ասելու հնարավորություն ուներ, իսկ խնդիրն այնքան կարևոր է, իսկ ասելիքը բավական շատ, որ հատկացված ժամանակը բավարար չէր հարցը քննարկելու համար: Մոտ երկու ժամից մեկուկես ժամը վարչապետն է խոսել: Բացի այդ, մեր խոսքն ընդհատվում էր Քննչական կոմիտեի ներկայացուցիչների կողմից, և զարմանալիորեն ուզում էին իրենց սուտը կամ ոչ լիարժեք ինֆորմացիան մատուցել որպես իրականություն և դրանց հակադարձելու հնարավորություն չէր տրվում:
 
Եթե քննարկմանը մասնկացեին մի տաս հոգի և հնարավորություն տրվեր, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ասի, ավելի ճիշտ կլիներ:
 
- Վարչապետն ինչպիսի տրամադրվածություն ուներ հարցի մասին: 
 
- Նա այս փուլում ի՞նչ կարող է անել: Պետք է բոլոր փաստերը հավաքվեն, որպեսզի վճիռ կայացնելու հնարավորություն ունենա, բայց ես կտրականապես չեմ ընդունում նրա այն հայտարարությունը, որ կառավարությունը Ամուլսարը չշահագործելու հիմքեր չունի: Մենք լիարժեք հիմնավորումներ ունենք, թե ինչու Ամուլսարը չի կարելի շահագործել: Բացի այդ, թույլտվության հիմքերը պետք է վերանայվեն, քանի որ այն իրականացվել է կոպիտ խախտումներով և կեղծիքներով:
 
Ես կարծում եմ, որ հանքի շահագործումը կասեցնելուց բացի այն անձանց, ովքեր նման թույլտվություններ են տվել պետք է պատասխանատվության ենթարկել:
 
- Ունե՞ք վարկած, թե ինչու են նոր իշխանությունները հիմնականում ոչինչ չասող և լղոզված պատասխաններ տալիս:
 
- Դա մշտապես եղել է Հայաստանի կառավարության գործելաոճը և այն հիմնական դերակատարում ունեցող անձինք, որոնք այդօրինակ վտանգավոր ծրագրերը կեղծիքներով շրջանառության մեջ են դրել, ողջ են, կառավարությունից շարունակում են աշխատավարձ ստանալ և հավանաբար վարչապետի ականջին անընդհատ փսփսում են, որ իրենց տեսակետն է ճիշտը, իսկ հակառակ կողմի կարծիքը հիմնազուրկ է:
 
- Այնուամենայնիվ, ինչ սպասումներ ունեք կառավարությունից:
 
- Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք այդ հարցին դիմակայելու համար, քանի որ Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի է: Բացի այդ, ամբողջովին պետք է վերանայվի կեղծիքի վրա հիմնված հանքի շահագործման թույլտվությունը, որը նաև ազգային անվտանգության հարց է, մեր երկիրն ու ժողովրդին փոշիացնելու և ժողովրդին կողոպտելու ծրագիր, որը չի կարելի թույլատրել:
 
 
Արմինե Գրիգորյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը