«Մաեստրո Մանսուրյան». մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում

20-08-2019 13:20:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին։ Կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները ներառող համերգները կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։ 
 
Համերգաշարը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։ 
 
Հինգ համերգների ընթացքում
կհնչեն Մանսուրյանի կինոերաժշտությունը, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ 
 
Երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բացօթյա համերգով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի՝ հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտությունը:
 
Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին կմատուցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։ 
 
Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ 
 
Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը։ 
 
Իսկ սեպտեմբերի 13-ին մանսուրյանական փառատոնը կեզրափակվի խորհրդանշական մի վայրում՝ Գյումրու Սև բերդ հուշարձանում։ 
 
Նշենք, որ Մանսուրյանին Շիրակ աշխարհի հետ բարի ու ջերմ հիշողություններ են կապում՝ Բեյրութից Մանսուրյանների ընտանիքը ժամանակին հենց Շիրակ է ներգաղթում։ Գյումրիում է մաեստրոն ստանում իր առաջին երաժշտական կրթությունը։ 
 
 
 
 
 

 
կինոերաժշտությունը։    Իսկ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար