Ցմահ դատապարտյաները նախարար Բադասյանի հետ զրույցում բարձրացրել են վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և ռեժիմների փոփոխության հարցերը


Ցմահ դատապարտյաները նախարար Բադասյանի հետ զրույցում բարձրացրել են վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և ռեժիմների փոփոխության հարցերը

  • 20-08-2019 15:18:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցի տարածքում, հետևել քրեակատարողական հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքներին: 
 
Հիշեցնենք, որ Կառավարությունն ամիսներ առաջ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով 270 միլիոն դրամ հատկացրեց «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան»  ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար:
 
Արդարադատության նախարարը ծանոթացել է նաև դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին, սննդի պատրաստման պայմաններին, զրուցել դատապարտյալների հետ: 
 
Ցմահ դատապարտյաները նախարար Բադասյանի հետ զրույցում բարձրացրել են վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և  ռեժիմների փոփոխության հարցերը, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ Նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ցմահ դատապարտյալներին օրենսդրորեն ընձեռված հնարավորությունները գործնականում իրացնելու ուղղությամբ:
 
Շրջայցին ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն