Խաղողօրհնեք Ջրաշենում

20-08-2019 15:37:40   | Հայաստան  |  Հասարակություն
 
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում` «Մայրություն» հուշարձանի մոտ, տեղի ունեցավ ավանդական դարձած Խաղողօրհնեքի արարողությունը, Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանն օրհնեց տարվա ողջ բերքն ու բարիքը և ապա խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին ժողովրդին: Նախաձեռնության հեղինակը Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի գիտքարտուղար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանն է: 
 
Հայ Առաքելական եկեղեցին Աստվածածնի Վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Այս օրն առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը:
 
Ջրաշենցի Ա. Մխիթարյանի մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին կանգնեցված «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» հուշարձանը բնորոշում է բոլոր մայրերի ազնիվ ու անաղարտ կերպարը, այն հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում տեղադրվել է չորս տարի առաջ հենց սբ. Աստվածածնի վերափոխման տոնի օրը:
 
Այս տարի ջրաշենցիներին ու հյուրերին ողջունելու էին եկել Սպիտակի «Վերածնունդ» և Ջրաշենի «Փարոս» պարային համույթները, Սպիտակի Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները, պատանի դոլահար Վլադիմիր Մխիթարյանը: Ներկաները ոգևորված էին պատանիների և երիտասարդների կատարումներով: Նրանց կատարումները ոգևորիչ էին ներկաների համար: 
 
-Սա մեր երեխաների համար լավ առիթ է ներկայանալու, ցուցադրելու սովորածն ու ոգևորվելու առաջիկա մրցույթներին ու փառատոներին մասնակցելու համար, - ասաց Սպիտակի մշակույթի տան նորանշանակ տնօրեն Հերմինե Դարչինյանը:
 
-Շատ ողջունելի է, որ մեր միօրինակ առօրյան յուրաքանչյուր տարի այս օրերին լավ իմաստով խանգարվում է Ատոմի նախաձեռնությամբ: Եկել եմ հարևան Լեռնավանից՝ կիրակի օրը լավ ժամանակ անցկացնելու, առնչվելու մեր մշակույթին, ունկնդրելու ազգային-ավանդական երգն ու պարը - նշեց Լեռնավանի համայնքապետարանի աշխատակից Ժաննա Այվազյանը: 
 
-Ամեն տարի, չնայած արձակուրդներին, դասարանիս աշակերտներին կազմակերպում և բերում եմ Մայրություն հուշարձանի մոտ՝ մասնակցելու Խաղողօրհնեքի արարողությանը, մշակութային միջոցառումներին: Սա յուրօրինակ հայրենասիրության դաս է աշակերտներիս համար, - ընդգծում է Ջրաշենի դպրոցի ուսուցչուհի Տաթև Բադիկյանը:
 
Վարդան Մամիկոնյանի հետնորդների ու Մամիկոնյան տոհմի ժառանգների գյուղում՝ Ջրաշենում (նախկինում՝ Վարդանավան, Վարդնավ) ավանդույթ դարձած այս միջոցառումը լավ առիթ է նաև համայնքի բնակիչներին հուզող խնդիրների բարձրաձայնման, նոր նախաձեռնությունների դրսևորման համար. այն դարձել է հանրային  քննարկումների հարթակ, որը շատ ուրախալի է, քանզի գյուղ այցելելու առիթը բաց չեն թողնում այլ բնակավայրերում ապրող բազմաթիվ ջրաշենցիներ:
 
Ի դեպ, Խաղողօրհնեքի արարողությունից առաջ Երիտասարդական ակումբների դաշնության «Մաքուր երկիր» բնապահպանական ակումբի անդամները, գյուղի դպրոցականների հետ մաքրեցին պուրակն ու կոչ արեցին չաղտոտել տարածքը:  
 
 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1046 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար