ՍԱՏՄ իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս է պատճառվել

20-08-2019 17:46:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
 
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում  նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք  2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը:
 
Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների շրջանակներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչարարություն իրականացնելիս շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
 
Այսպես,  22 տնտեսվարող սուբյեկտեների մոտ խախտումներ հայտնաբերելուց հետո, պաշտոնական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որ խախտումներ չեն հայտնաբերվել, վարչական պատասխանատվության չեն ենթարկել,  
ինչպես նաև առանց օրենքով նախատեսված բավարար հիմքերի,  ազատել են օրենքով սահմանված պատասխանատվությունից, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ մոտ 2.200.000  ՀՀ դրամի չափով:
 
Ուստի,  նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ,  դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ի մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:
 
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար