Ամուլսարի հարցը խթանեց կտրուկ վերադասավորումների մեկնարկը


Ամուլսարի հարցը խթանեց կտրուկ վերադասավորումների մեկնարկը

  • 21-08-2019 11:41:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Ամուլսարի հարցը ցուցադրեց հեղափոխական իշխանության իշխող կուսակցության եւ քաղաքացիական պլատֆորմի միջեւ բաժանարար գծերը: Այդ գծերը կարող են հանգեցնել ինչպես անհաղթահարելի անդունդի, այնպես էլ քաղաքական կուրսի բյուրեղացման եւ իշխող ուժի՝ տարբեր կուսակցությունների բլոկի վերածվելուն:
 
Հնարավոր է, դա լավագույն լուծումն է Նիկոլ Փաշինյանի համար, որովհետեւ սեփական կուսակցությունում քաղաքական առաջնահերթությունների այսպիսի տարբերության պայմաններում դժվար է լինելու հետագայում հայեցակարգային որոշումների կայացումը:
 
Եթե հիշենք, թե ինչպես է ստեղծվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ապա՝ Ելք դաշինքը, կարելի է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ փորձում էր մի կետում կենտրոնացնել պասիոնար քաղաքական ու քաղաքացիական ուժերին: Դրա մեջ մտան նախկին քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջին նախագահի կողմնակիցներ, քաղաքացիական ու լրագրողական հանրության ներկայացուցիչներ, մարդիկ, ովքեր աշխատել են պետական համակարգում, բայց չեն ընդունել դրա կոռուպցիոն բնույթը:
 
Այս մարդկանց միայն մեկ բան կարող էր միավորել՝ վարչակարգը հեռացնելու մտադրությունը, եւ նրանք կարողացան հավաքվել ու հասնել այդ նպատակին:
 
Հիմա նրանցից շատերը դարձել են պետական պաշտոնյա, պատգամավոր, կարծես թե մեկ թիմի անդամ են: Բայց բոլորն էլ տարբեր պատկերացումներ ունեն, թե նոր իշխանության հաստատումից հետո ինչպես պետք է զարգանա երկիրը: Թիմի մի մասը փորձում է քաղաքականությունը վերադարձնել անցյալ՝ 2008 թվական եւ զրոյից սկսել: Մեկ այլ մաս շարունակում է իրեն քաղաքացիական ակտիվիստ զգալ՝ չգիտակցելով պետական իշխանության ողջ ծանրությունը, ինչպես նշել է Բաբկեն Թունյանը: Երրորդներն էլ փորձում են հեռու մնալ ներքաղաքական տարընթերցումներից ու աշխատել բացառապես անվտանգության ու ինքնիշխանության համար:
 
Ժամանակ առ ժամանակ իշխող թիմի հակասությունները ժայթքում են՝ Դավիթ Սանասարյանի դեմ գործը, Դանիել Իոաննիսյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ դիմակայությունը եւ մի շարք պատգամավորների կողմից անհարգալից վերաբերմունքը բանակի հրամանատարության հանդեպ: Ամուլսարի հարցը ցույց է տվել, որ պետության զարգացման հայեցակարգի առումով խմբավորումների միջեւ կարծիքները տարբեր են: Ոմանք միանշանակ կողմ են կանաչ տնտեսության զարգացմանն ու բոլոր հանքերը փակելուն, մյուսներն ասում են, որ Հայաստանը պետք է դառնա համաշխարհային կապիտալիստական համակարգի մասը: Սրանք լիովին տարբեր դիրքորոշումներ են, եւ դժվար է դրանք համադրել հայեցակարգային որոշումներ կայացնելիս:
 
Այսպիսի տարընթերցումների պայմաններում իշխող կուսակցությունը կարող է մի քանի մասի տրոհվել ու որոշակի կոնսենսուսի շուրջ միավորված կուսակցությունների բլոկ դառնալ: Այդ կոնսենսուսը կարող է լինել քաղաքականության ինքնիշխանացումը, արտաքին քաղաքական կախվածության թուլացումը, այդ թվում՝ հանքարդյունաբերությունում:
 
Ի՞նչ կոնսենսուս է գործում Ամուլսարի համատեքստում: Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում ակնարկեց, որ Ամուլսարի հարցով բողոքի շարժմանը կարող էին աջակցել այլ հանքերի տերեր, որոնք իբր չեն ցանկանում երկրում հանքարդյունաբերության նոր չափանիշների հաստատում: Նա չի ասել, որ ուրիշ հանքերը պատկանում են կամ տեղացի օլիգարխներին, կամ էլ ռուսական ընկերություններին:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն