Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն օրենքի խախտմամբ չի իրականացվել. ապատեղեկատվություն

21-08-2019 11:32:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի օգոստոսի 20-ին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր «Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն իրականացվել է օրենքի խախտմամբ» վերտառությամբ հոդված, որտեղ ներկայացվել են խեղաթյուրված փաստեր: Հոդվածը վերաբերում էր Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի մայիսի 15-ի թիվ 1231-Ա հրամանով իրականացված պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներին: Մասնավորապես, հոդվածում նշվում էր, որ  «պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումները հակասում են ՀՀ ազգային պատվաստումների օրացույցին և զուրկ են հիմնավորումից»: 
 


ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հերքումը՝ փաստերով.
 
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ լրացուցիչ պատվաստումների իրականացումը չի հակասում Պատվաստումների ազգային օրացույցին, քանի որ համաձայն ՀՀ կառավարության 2016թ. մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման 30-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում, բացի Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից, կատարվում են պատվաստումներ նաև համաճարակաբանական ցուցումներով: 
 
Համաճարակաբանական ցուցումով պատվաստումների իրականացման համար հիմք են հանդիսացել մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ Հանրապետությունում պոլիոմիելիտի
դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցածր ցուցանիշները, հարևան երկրում՝ Իրանում, շրջակա միջավայրի նմուշներում վայրի պոլիովիրուսի հայտնաբերումը, ինչպես նաև կենդանի բերանային պոլիոմիելիտից անկենդանի փուլային անցման գործընթացը: 
 
 Միաժամանակ, թյուրըմբռնումից խուսափելու նպատակով՝ հավելենք, որ հոդվածում ներկայացված օրացույցը չի հանդիսանում գործող Պատվաստումների ազգային օրացույցը։ Գործող օրացույցի հղումը՝ այստեղ։
 
Հոդվածում նշվում է նաև, որ «Հիմնավորումներից մեկով հղում է կատարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությանը, որ հարևան երկիր Իրանի շրջակա միջավայրում հայտնաբերվել է պոլիոմիելիտի 1-ին տիպը, որը, ըստ համաճարակաբանների, կապված է Պակիստանում
շրջանառվող պոլիկիստոզի հետ։ Նման հայտարարություն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իսկապես արել է, սակայն մայիսի 24–ին, այսինքն` ՀՀ առողջապահության նախարարի հրամանից 9 օր անց, ինչը փաստում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը չէր կարող Հայաստանում պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում հայտարարելու հիմք հանդիսանալ»:
 
Նշվածի հետ կապված տեղեկացնում ենք, որ մայիսի 24-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իսկապես հրապարակել է տեղեկատվություն Իրանի շրջակա միջավայրում պոլիովիրուսի հայտնաբերման վերաբերյալ, սակայն այդ մասին զգուշացրել է երկրներին ավելի վաղ՝ առաջարկելով ուժեղացնել համաճարակաբանական հսկողությունը և ուշադրության կենտրոնում պահել և բարելավել պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները, իսկ տեղեկատվությունը հրապարակվել է նաև մայիսի 15-ին։
 
Ինչ վերաբերում է հոդվածում բարձրաձայնված «առողջապահության նախարարի հրամանով փաստացի լրացուցիչ պատվաստման են հրավիրվել նաև պոլիոմիելիտի դեմ պատվաստված և դրական արդյունք գրանցած երեխաները» պնդմանը, հարկ ենք համարում նշել, որ համաձայն  Առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 15-ի թիվ 1231-Ա հրամանի՝ լրացուցիչ պատվաստումների հրավիրվել են չպատվաստված և թերի պատվաստումային կարգավիճակ ունեցող երեխաները, առնվազն 4 դեղաչափ պոլիոմիելիտի դեմ պատվաստում չունեցող 18 ամսականից 36 ամսական երեխաներ և 5 դեղաչափ պոլիոմիելիտի դեմ պատվաստում չունեցող 36 ամսականից 4 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաներ: Թե  ինչ նկատի ունի հեղինակը՝ «դրական արդյունք գրանցած երեխաներ» ասելով, առնվազն անհասկանալի է։
 
Հոդվածագիրը, փորձելով բացատրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի՝ պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութից անկենդան պատվաստանյութի անցման փուլային գործընթացի վերաբերյալ պարզաբանումը, հանգել է սխալ եզրահանգման, մասնավորապես նշելով՝ «Իսկ ի՞նչ է փուլային փոփոխությունը։ Փուլային փոփոխության միջոցով Հայաստանը եռավալենտ կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութից անցում է կատարում երկվալենտի»:
 
Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով՝ տեղեկացնում ենք, որ փուլային անցումը վերաբերում է պոլիոմիելիտի արմատական վերացման գործընթացի շրջանակներում պոլիոմիելիտի բերանային կենդանի պատվաստանյութից ինակտիվացված անկենդան պատվաստանյութի կիրառմանը, այլ ոչ թե՝ պոլիոմիելիտի եռավալենտ պատվաստանյութից երկվալենտի անցմանը, որն իրականացվել է դեռևս 2016 թվականի ապրիլին միամոմենտ ամբողջ աշխարհում, ոչ փուլային: 
 
Հաշվի առնելով, որ իմունականխարգելումը հանրային առողջապահության կարևոր ռազմավարական ուղղությունն է և շատ զգայուն է տարատեսակ, ապատեղակատվության և ասեկոսեների նկատմամբ, մեկ անգամ ևս կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ փաստերի խեղաթյուրումից և անհարկի շահարկումներից»: 
 
Տեղեկատվության ստուգման կենտրոն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար