Դիաբետ ունեցող որոշ երեխաներ զրկվել են սոցիալական և կրթական բոլոր արտոնություններից. Բաց նամակ Զարուհի Բաթոյանին
21-08-2019 14:35:39 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարար Զարուհի Բաթոյանին
«Կաթիլ» բարեգործական հիմնադրամի
տնօրեն Կարինե Մխիթարյանից
Բաց նամակ
Հարգելի տիկին Բաթոյան,
Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաների թիվը շուրջ 630 է: Միայն անցյալ տարվա ընթացքում ունեցել ենք 106 նոր բացահայտված դեպք: Ցավոք, օր օրի ավելանում են այս երեխաները, ովքեր այնքան խոցելի են և ունեն նաև պետության կողմից աջակցության կարիք: Նրանց մեծ մասը վերջին մեկ տարվա ընթացքում մերժվել է ԲՍՓ հանձնաժողովների կողմից «հաշմանդամ երեխա» կարգավիճակի տրամադրման գործընթացի արդյունքում՝ զրկվելով սոցիական և կրթական բոլոր արտոնություններից՝ չնայած մերժվածների մեծ մասը նախկինում ունեցել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ` համաձայն ՀՀ կառավարության 2003թ-ի հունիսի 13-ի N 780 գործող որոշման:
ԲՍՓ հանձնաժողովների կողմից, որպես մերժման բանավոր հիմնավորում, շեշտադրվում է երեխայի տարիքը, որ ունեն հրաման «հաշմանդամ երեխա» կարգավիճակ տրամադրել մինչև 13 տարեկան շաքարային դիաբետ ունեցող երեխաներին:
Խնդրում եմ պարզաբանում և խնդրի լուծմանն ուղղված գործնական քայլերի կիրառում հնարավորինս սեղմ ժամկետներում: