Բակո Սահակյանի քայլը. Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց


Բակո Սահակյանի քայլը. Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց

  • 22-08-2019 12:28:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 21-ին ընդունել է ռուսաստանահայ երկրաբան Սերգեյ  Վարդանյանին, Արցախին մատուցած ծառայության համար նրան պարգեւատրել Անանիա Շիրակացու մեդալով եւ երկրաբանի հետ քննարկել Արցախում հանքարդյունաբերության զարգացման հարցեր:
 
Առաջին հայացքից Բակո Սահակյանի աշխատանքային առօրյայի սովորական հանդիպումն իհարկե առանձնահատուկ լույսի ներքո է երեւակվում Հայաստանում ծավալվող զարգացումների ֆոնին, որոնք կապված են Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ: Հանքարդյունաբերության թեման Հայաստանումն դարձել է հասարակական-քաղաքական առօրյայի առանցք, իհարկե գերազանցապես Ամուլսարի շահագործել-չշահագործելու բովանդակությամբ եւ դրա շուրջ առայժմ ավելի շուտ մեղադրանքների եւ զգայական հռետորաբանության, քան հայեցակարգային քննարկումների համատեքստում:
 
Թեման Հայաստանում որոշակի հանրային ճնշում է առաջացրել վարչապետ Փաշինյանի վրա, որի ամբողջական ծավալն ու չափն իհարկե «անզեն աչքով» գնահատելը բավական բարդ է: Միեւնույն ժամանակ, «անզեն աչքով» տեսանելի է, որ թեման փորձ են անում Փաշինյանի դեմ քաղաքական խաղաթուղթ դարձնել շրջանակներ, որոնք հեղափոխությունից հետո հասկանալիորեն բաց չեն թողնում այդպիսի որեւէ առիթ:
 
Ընդ որում, մինչ բոլորովին վերջերս, կամ գոնե մինչ օգոստոսի 5-ի ելույթը, հիմնական առիթներից էր Արցախի հարցը: Օգոստոսի 5-ի ելույթով Փաշինյանը կարծես թե առժամանակ, եթե չչեզոքացրեց եւ չփակեց, ապա գոնե սառեցրեց այդ մեղադրանքների առիթը, միաժամանակ կոչ անելով գալ «հող հանձնելու» պարզունակ «դիսկուրսից» հրաժարվելու համահայկական կոնսենսուսի:
 
Արցախի առիթին բավական արագ փոխարինել է Ամուլսարի առիթը, որն անկասկած անխուսափելի էր, քանի որ հեղափոխությունից հետո մեկուկես տարի օդում կախված այդ հարցը չէր կարող մնալ այդ վիճակում եւ պետք է ստանա որեւէ հանգուցալուծում:
 
Մինչ այդ, քաղաքական այդ շրջանակները փորձում են օգտվել առիթից եւ հանքի շահագործման դեմ տարիներ շարունակ դիրքավորված հանրային խմբերի առկայությունից, թեման հնարավորինս «արգասաբեր» օգտագործելու համար: Դա էլ իհարկե քաղաքական տրամաբանության մեջ ոճի եւ մշակույթի տեսանկյունից գուցե անընդունելի, բայց հասկանալի պահվածք է՝ քաղաքական շահ հետապնդողները բաց չեն թողնում առիթը:
 
 
Ահա այդ ֆոնին Բակո Սահակյանն այս անգամ ոչ թե Երեւան է գալիս որեւէ երաշխավորագրով, այլ Արցախում ընդունում է ռուսաստանահայ երկրաբանին, պարգեւատրում նրան եւ քննարկում Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առնչվող հարցեր: Առնվազն ինֆորմացիոն առիթի մակարդակում նա կամա թե ակամա աջակցություն է ցուցաբերում Ամուլսարի առիթով քաղաքական թիրախավորման ենթարկվող Փաշինյանին: Իհարկե այլ հարց է, թե քաղաքական իմաստով որքանով կա այդ աջակցության անհրաժեշտությունը՝ առերեւույթ եւ աներեւույթ ասպեկտներով:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն