Աննախադեպ հավաք Հայաստանում. ինչպես են դիմավորելու Պուտինին ու Ռոհանիին

22-08-2019 12:51:41   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանի հանրային ուշադրությունն ամբողջությամբ կլանել է Ամուլսարի խնդիրը, մինչդեռ պետական նշանակության մյուս հարցերը դրանից չեն դադարի լինել պակաս կարեւոր: Միաժամանակ, այդ հարցերն ու Ամուլսարի խնդիրը առավել եւս կարող են լինել բազմաշերտ փոխկապակցված, թե ուղղակի, թե անուղղակի:
 


Հայաստանի վարչապետ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ շրջակա միջավայրի պահպանու
թյան նախարարությանը հանձնարարել է պարզել՝ կա՞ Ամուլսարի հարցում լրացուցիչ, նոր ՇՄԱԳ՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման անհրաժեշտություն, թե ոչ:
 
Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ հայտարարել էր, որ պետք է Լիդիանին տալ աշխատելու հնարավորություն, քանի որ բնապահպանաման ռիսկերը կառավարելի են, իսկ աշխատանքն էլ կլինի անընդհատ մոնիտորինգի ներքո եւ որեւէ ռիսկի պարագայում կտան սխալն ուղղելու ժամանակ, իսկ չուղղելու դեպքում՝ կդադարեցնեն հանքի շահագործումը:
 
Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության այդ մտադրությունը կարող է փոխել միայն որեւէ նոր ի հայտ եկող հանգամանք: Արդյո՞ք կլինի նոր ՇՄԱԳ մասին որոշում, որն էլ ի հայտ կբերի նոր հանգամանք: Համենայն դեպս, հարցը հասել է ներքին հասարակական-քաղաքական դիմակայության մի սահմանի, որից այն կողմ կարծես թե դժվար է թվում այլ շրջադարձը: Եթե նշանակվի նոր ՇՄԱԳ, ապա ենթադրվում է, որ հարցը եւ իրավիճակը կերկարաձգվեն: Լարվածությունն առժամանակ կիջնի, բայց խնդիրն ու ինտրիգը բնականաբար կմնան, եւ կառավարությունն էլ կմնա բարդ որոշումն իրականացնելու իրողությամբ պայմանավորված ներքին լարվածության առաջ:
 
Այդ ֆոնին, Երեւանում գրեթե մեկ ամիս անց սպասվում է ԵՏՄ Վեհաժողովը, որը կարող է լինել աննախադեպ: Համենայն դեպս, օրեր առաջ Կիրգիզիայում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՏՄ Վեհաժողովին ներկա լինելու համար Հայաստան է հրավիրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, եւ նաեւ մասնակցության պատրաստակամություն է հայտնել Սինգապուրի վարչապետը՝ եթե մինչ այդ պատրաստ լինի ԵՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի համաձայնագիրը:
 
Եթե Երեւանում տեղի ունենալիք Վեհաժողովին մասնակցի թեկուզ հրավիրվածներից մեկը, ապա դրանով Վեհաժողովն արդեն իսկ կլինի աննախադեպ: Իսկ եթե այդ մեկը լինի առավել եւս Իրանի նախագահը, ապա այդ աննախադեպությունը կստանա բավականին լայն ռազմա-քաղաքական նշանակություն: Ընդունելի՞ է ԵՏՄ առաջնորդների համար երեւանյան Վեհաժողովի այդ աննախադեպությունը եւ արդյոք նրանք չեն խանգարի Երեւանի փաստացի նոր դերին, դրա որոշակի խորհրդանշմանը, արդյոք նրանք ինչ որ նամակ չեն ստանա Ալիեւից՝ ինչպես 2014-ի մայիսին, եւ նրա խնդրանքը կատարելով չեն ջանա խանգարել Երեւանում աննախադեպ նշանակության հավաքի անցկացմանը: Սրանք հարցերի իհարկե արտաքին շրջանակն են, որում առկա է նաեւ հարցը, թե Հասան Ռոհանին ունի՞ Երեւան գալու որեւէ պայման:
 
Ամուլսարի հարցում ներքին հասարակական-քաղաքական իրողությունների լարումը, ընդհուպ իշխանության ներսում նշանակալի տարակարծությունների դրսեւորումով, Երեւանում մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին սպասվող հավաքի առումով առաջացնում է նաեւ ներքին հարցեր:
 
Վարչապետ Փաշինյանն այդ հավաքին կգնա Ամուլսարի հարցում որոշում կայացրած եւ իրագործա՞ծ՝ թոթափած լինելով ծանր խնդրի որոշակի բեռը: Թե՞ հաշվի առնելով հանրային որոշակի դիմադրության եւ հնարավոր անկանխատեսելի
, կամ դժվար կանխատեսելի զարգացումների, նաեւ դրանցից օգտվելու քաղաքական հակառակորդների անխուսափելի ջանքերը՝ որոնց մի մասը այդ հարցում չի վարանում օգտվել նաեւ արտաքին շահառուների հետ պայմանավորվածությունների հնարավորությունից,  կգերադասի անցկացնել որոշակի ժամանակ՝ երեւանյան աննախադեպ հավաքի հնարավորությունը ներքին լարումով վտանգի տակ չդնելու համար:
 
 
Ինչ վիճակում Երեւանում կդիմավորի Նիկոլ Փաշինյանը Պուտինին եւ Ռոհանիին, եթե իհարկե ստացվի նրանց համատեղ ժամանումը Երեւան: Ի դեպ, այդ ֆոնին հետաքրքիր է, որ օրերս «տեխնիկական պատճառներով» չեղարկվեց Ռուսաստանում տեղի ունենալիք Պուտին-Ռոհանի-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Կլինի՞ այդ հանդիպումը մինչեւ ԵՏՄ Երեւանի Վեհաժողով, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-2-ին:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 561 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար