Կառավարությունը պայմանագրային զինծառայողների համար սահմանել է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման կարգը և պայմանները

22-08-2019 14:49:36   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Գործադիրն ընդունել է
«Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշում:
 
Ըստ այդմ՝ սահմանվում են ծրագրի նկարագրությունը և պայմանները, կարգավորվում են ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները:  Մասնավորապես, յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող են դառնալ և պետական աջակցություն ստանալ Պաշտպանության նախարարության 500  զինծառայող:
 
Ծրագիրն առավելագույնը նախատեսում է 28.500.000 դրամի չափով հիպոթեկային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը: Մասնավորապես, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող
բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը՝ հետ է վերադարձվում վարկառուին իր վճարած եկամտային հարկի հաշվին:
 
Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ: Ի դեպ, նախկինում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողներն ունեն նախապատվության իրավունք՝ ծրագրի մասնակից դառնալով առանց վիճակահանությանը մասնակցելու և հրաժարվելով իրենց հաշվառման իրավունքից:     
 
Վարչապետը հանձնարարել է քննարկել ուժային այլ կառույցների՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության՝ բնակարանի կարիք ունեցող աշխատակիցներին ևս այս ծրագրում ընդգրկելու հարցը և գտնել լուծումներ:   
 
Անդրադառնալով մարզերում բնակարանների առաջնային շուկայի ձևավորման հարցին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտնել է, որ մարզերում նախատեսվում է կառուցվել 30 նոր բազմաբնակարան շենք: «Մասնավոր ներդրումների ծրագիր է, և վաճառքի վերջնական  գինը բավական ցածր է լինելու»,- ասել է կոմիտեի նախագահը: 
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ծրագիրը և նշել, որ այն կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: «Քանի որ եկամտահարկի վերադարձման  ծրագիրն աշխատում է միայն առաջնային շուկայի դեպքում, իսկ մարզերում, ըստ էության, առաջնային շուկա չկա այս պահի դրությամբ, ուստի մարզերում լավ աշխատավարձ ստացող մեր հայրենակիցներն այս հնարավորությունից ուզում են օգտվել և բնակարաններ են ձեռք բերում Երևան քաղաքում»,-նշել է կառավարության ղեկավարը: 
 
Այնուհետև վարչապետն անդրադարձել է վաղուց կառուցված, բայց երկար տարիներ չօգտագործված շենք-շինությունների հարցին և նշել. «Մի քանի տեղերում մենք ունենք այսպիսի իրավիճակ, երբ, օրինակ, 30 տարվա չօգտագործված ինչ-որ շենք վերակառուցվում է որպես բնակելի տուն: Ես 1-2 այդպիսի նամակ եմ ստացել  ներդրողներից, որ լավ կլինի քննարկել այս հարցը: Պատկերացրեք՝ 5 հարկանի որևէ  շենք, որը կամ արտադրական տարածք է եղել կամ հյուրանոց  կամ չգիտեմ ինչ է եղել, 30 տարի ուղղակի խարխլվել է, վերցնում են  և այնտեղ բնակարան են կառուցում: Ըստ էության՝ 70 տոկոսով նոր շինարարություն է, բայց մեր կարգավորումներով  կարծես թե այս կարգի շենքերը չեն մտնում առաջնային շուկայի ձևակերպման ներքո»: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել այդ հարցը, որն ավելի կխթանի մարզերի բնակարանաշինությունը:   
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 464 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար