Սահմանների քողարկում Ամուլսարով. ինչ է կատարվում քաղաքական շերտում


Սահմանների քողարկում Ամուլսարով. ինչ է կատարվում քաղաքական շերտում

  • 23-08-2019 14:15:41   | Հայաստան  |  Վերլուծություն

Ամուլսարի հարցում ձեւավորված հանրային դժգոհությունը դիտարկվում է որպես Հայաստանում ներքին քաղաքական զարգացումների նոր շրջափուլի մեկնակետ, որտեղ նշմարվում են քաղաքական նոր բեւեռներ եւ սահմանագծման հեռանկարներ: Խոսվում է նոր ընդդիմության ձեւավորման մասին, ընդհուպ իշխանության միջից ընդդիմության ձեւավորման:
 
Որքանով են հիմնավոր ու առարկայական այդ դիտարկումները, շատ բան կախված է այն հանգամանքից, թե ինչպես կզարգանա իրադարձությունը կոնկրետ Ամուլսարի խնդրում: Սա առանցքային է, քանի որ իրադարձության զարգացման ոչ միայն ուղղությունից, այլ նաեւ բնույթից կախված է լինելու շատ բան՝ քաղաքական ազդեցության կամ հետեւանքի առումով:
 
Առկա իրավիճակն ու դրա քաղաքական մեկնակետային դիտարկումները սակայն պարունակում են թերեւս մեկ այլ հարց: Իսկ ո՞րն է լինելու քաղաքական նոր սահմանագծումների գաղափարական, արժեհամակարգային հենքը: Որովհետեւ միայն Ամուլսարի կամ հանքարդյունաբերության հարցում տարաձայնությունը հազիվ թե լինի արդյունավետ քաղաքական բաժանումների հիմք, իսկ աշխարհայացքային կամ փիլիսոփայական տարբերություններն այդուհանդերձ պետք է քաղաքական դաշտում ձեւակերպվեն կոնկրետ կետերով եւ ուղղություններով, քաղաքական համարվելու համար:
 
Իսկ դա պետք է ներառի ոչ միայն ներքին, այլեւ արտաքին հարաբերությունների լայն դիապազոն, եթե խոսքը քաղաքական բաժանումների կամ սահմանագծման մասին է:
 
Կա՞ այդ ամենի ներուժն ամուլսարյան դիմադրության ներկայիս գործընթացի ներքո, որը կարող է տալ դրա քաղաքական փոխակերպման եւ ազդեցության վերաբերյալ առավել առարկայական խոսակցության հիմք:
 
Առայժմ շատ հստակ է մի ազդակ՝ Ամուլսարը մնալու է սար եւ չի դառնալու հանք: Անշուշտ, կան դրա ներքո ներգրավված քաղաքական այլ սուբյեկտներ, բայց դրանք ամենեին «նոր» չեն եւ ունեն շատ հստակ սահմաններ, ու այդ իմաստով հակառակը՝ Ամուլսարը նրանց համար առիթ է որոշակիորեն եւ ժամանակավորապես լղոզել այդ սահմանները, քանի որ դրանք չեն ապահովել եւ չեն ապահովում քաղաքական ցանկալի հաջողություն: Ընդ որում, խոսքն ամենեւին միայն նախկին իշխանության կարգավիճակ ունեցող միավորների մասին չէ:
 
Այդ տեսանկյունից, Ամուլսարի հարցի քաղաքական ազդեցությունը կամ հետեւանքը գուցե կարող է լինել ոչ այնքան նորի ծնունդ կամ մեկնակետ, որքան «հնի» եզրագիծ, թեեւ անկասկած է նաեւ, որ՝ հասարակական-քաղաքական բոլոր առումներով հինը Հայաստանում ունի սպառման եզրագծերի շոշափելի պաշար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play