Երբ մարդը դառնում է 286 տարեկան. ամփոփում. «ՀԺ»


Երբ մարդը դառնում է 286 տարեկան. ամփոփում. «ՀԺ»

  • 23-08-2019 16:24:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Երեկ հանրապետական ընդունող հանձնաժողովն ամփոփեց այս տարվա բուհական ընդունելության քննությունները: Մինչեւ ամենաուշը օգոստոսի 25-ը դիմորդներն արդեն հնարավորություն կունենան նաեւ անվանական ծանոթանալ այս տարվա ընդունելության ցուցակներին: Ընդ որում, այդ ցուցակներով, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա ընդունելությունն ամբողջությամբ ավարտվում է: Այսինքն, եթե նախկինում այս փուլից հետո կարելի էր առանց տարկետման տեղերի համար նոր դիմումներ գրել եւ մասնակցել նոր մրցույթի, որը, որպես կանոն, խայտառակ ընթացք էր ունենում, քանի որ շատ դեպքերում այդ տեղերը պարզապես վաճառքի էին հանվում, ապա այս տարի հանրապետական ընդունող հանձնաժողովը մրցույթն արել է միանգամից եւ ամբողջությամբ բաշխել բոլոր ատ եւ պահուստային տեղերը:
 
«Մրցույթը պետք է ավարտվի միանգամից, որովհետեւ, եթե ձգձգվում է, քննության գործընթացը վարկաբեկվում է, որոշ դեպքերում լինում է դիմում-հայտերի փոփոխություն, փողոցում հայտնվում են մակլերները եւ այլն: Լավագույն ձեւը միանգամից կտրելն է: Լինելու է միայն 1 ցուցակ, եւ սա սկզբունքային որոշում է, որը պաշտպանել են բոլոր բուհերը»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար, ՀԸՀ նախագահ Լեւոն Մկրտչյանը: Իսկ այն դիմորդները, որոնք դիմում-հայտերը լրացնելիս ատ չեն գրել ու հիմա, փաստորեն, բարձր միավորներով դուրս են մնում մրցույթից, ըստ ԿԳ նախարարի, նոր դիմում չեն գրի՝ ատ մրցույթին մասնակցելու համար, այլ մեխանիկորեն կհամարվեն ատ դիմորդներ:
 
Այսինքն, ատ տեղերի համար կսահմանվի շեմ, որից բարձր միավորներ հավաքածները կհամարվեն ընդունված: Մյուս կարեւոր որոշումը, որը, ըստ էության, ընդունելության քննությունների կանոնների խախտում է, եւ ինչը երեկ անձամբ խոստովանեց ԿԳ նախարարը, վերաբերում է զոհված ազատամարտիկների երեխաներին: Նախկինում այս կատեգորիայի դիմորդները դրական միավորների դեպքում արդեն համարվում էին բուհ ընդունված: Նոր կարգով, սակայն, եղել է մի փոփոխություն, որի համաձայն, այս դիմորդները վճարովի մրցույթի միավորներով են համարվում ընդունված: «Ես ինքս առաջարկելու եմ հանրապետական ընդունող հանձնաժողովին, որ նրանց ատ իրավունք տան:
 
Եթե ՀԸՀ-ն իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը, հասարակությունը մեզ չի քննադատի, որովհետեւ իսկապես սա այն կատեգորիան է, որի հանդեպ մենք պարտականություն ունենք: Մի փոքր խախտում է, բայց ավելի մեծ խախտումներ էլ են լինում»,- երեկ հայտարարեց Մկրտչյանը: Ըստ նախարարի տվյալների, զոհված ազատամարտիկների երեխաների թիվը 20-30-ից ավելի չի լինի: Իսկ ընդհանրապես, երեկ մեկ անգամ եւս շեշտվեց, որ դիմորդները բավական ցածր ցուցանիշ են ցույց տվել մաթեմատիկայից: «Մենք այսուհետ ավելի շատ ուշադրություն կդարձնենք մաթեմատիկային: Այս առարկայից շատ կիրառվեցին տրամաբանական խնդիրներ, եւ դիմորդները 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանի խնդիրները չէին կարողանում լուծել այն դեպքում, երբ շատ բարդ խնդիրներն ավտոմատ լուծում էին:
 
Եղել է դեպք, երբ խնդիրը լուծելով` մարդու տարիքը ստացել են 286, գնացքի երկարությունը՝ 300 մ եւ այլն: Սա անկում է, եւ մեր երեխաների տրամաբանությունը եւս պետք է վարժեցնենք»,- երեկ հայտարարեց ԿԳ նախարարը: Ըստ նրա, մտահոգիչ է նաեւ լեզուների բլոկը, քանի որ երեխաներն ուղղակի անգիր են անում շտեմարանները: Եղել է դեպք, երբ շտեմարանի նյութից 2-3 նախադասություն հանված է եղել, դիմորդը կանչել է հանձնաժողովի անդամին եւ ասել, որ այնտեղ պետք է 2 նախադասություն էլ լիներ: Ընդհանուր առմամբ, ՀԸՀ-ին այս տարի հաջողվեց նույնը պահպանել անցողիկ միավորները, իսկ որոշ դեպքերում՝ դրանք շոշափելի իջեցնել: Բացառություն էին կազմում միայն ԵՊՀ միջազգային դիվանագիտություն եւ իրավագիտություն ֆակուլտետները:
 
Լուսինե Բարսեղյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը