Արցախի ոստիկանության սկանդալային հայտարարությունը


Արցախի ոստիկանության սկանդալային հայտարարությունը

  • 26-08-2019 09:08:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
 
«Ս.թ. օգոստոսի 24-ին ԱՀ քննչական կոմիտեից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին գրություն է ստացվել առ այն, որ համապատասխան քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Քաշաթաղի բարեգործական հիմնադրամի» պատասխանատու անձինք, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց օգտին օգտագործելով, 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում չունենալով քաղաքաշինական գործունեության իրավունքի լիցենզիա, առանց օրենքով սահմանված կարգի հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, առանց համապատասխան շինարարության թույլտվության, քաղաքաշինական նորմերի խախտմամբ, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում կառուցել են թվով 63 բնակելի առանձնատուն, առանց շահագործման ակտերի հանձնել քաղաքացիների օգտագործմանը, ինչի հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»։
 
Իշխանաձոր գյուղը գտնվում է Հակարի գետի ափին, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարեւանությամբ: Այնտեղ վերաբնակների մեջ են նաեւ սփյուռքահայ ընտանիքներ:
 
Հաղորդագրությունը հարցեր է առաջացնում: Ստացվում է՝ կառուցվել է մի ողջ բնակավայր, որը «փաստաթղթավորված» չէ: 2017-2018 թթ. Արցախի նախագահը Բակո Սահակյանն էր, վարչապետը, այնուհետեւ պետնախարարը՝ Արայիկ Հարությունյանը: Ընդ որում, այդ բնակավայրը թաքուն չի կառուցվել, Արայիկ Հարությունյանն իր տարբեր գրառումներում ու ասուլիսներում հայտարարել է, որ Իշխանաձորում շինարարությունը համաֆինանսավորում է Արցախի կառավարությունը: Մասնավորապես, այդ մասին նա հայտնել է թե իր պաշտոնավարման 10-ամյակի ասուլիսում՝ 2017 թ. սեպտեմբերին, թե անցյալ տարվա հունվարին ֆեյսբուքյան գրառման մեջ.
 
«Առհասարակ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում աշխատելուս տարիներին, հաշվի առնելով Քաշաթաղի շրջանի խնդիրների առանձնահատկությունները, փորձել եմ համաչափ ուշադրության արժանացնել դրանք, և ձեռքբերումներն այսօր ակներև են: Անդրադառնալով դրանցից մեկին՝ նշեմ, որ 2018 թ.-ին հիմնականում պետական միջոցներով Իշխանաձորում կառուցված 52 առանձնատների շնորհիվ բնակավայրի բնակչության մեխանիկական աճը կազմել է ավելի քան 200 մարդ՝ ընդհանուր թվաքանակը հասցնելով 600-ի…», ասվում է գրառման մեջ:
 
Այսինքն, Իշխանաձորը թաքուն չի կառուցվել, ավելին՝ այն կառուցվել է հիմնականում պետական միջոցներով, ինչպես ասում է Արայիկ Հարությունյանը: Ստացվում է՝ կառավարությունը փող է հատկացրել մի կազմակերպության, որը ոչ մի լիցենզիա ու նախագիծ չի ունեցել:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play