Մաշկավեներաբանները ՀՀ վարչապետի հետ հանդիպում են ակնկալում. բաց նամակ


Մաշկավեներաբանները ՀՀ վարչապետի հետ հանդիպում են ակնկալում. բաց նամակ

  • 26-08-2019 13:34:50   | Հայաստան  |  Հասարակություն

 ՀՀ վարչապետ՝ պարոն Ն.Վ. Փաշինյանին, 
«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության 
և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» 
ՀԿ-ի նախագահ՝ բ.գ.դ., պրոֆ. Խաչիկ Խաչիկյանից, 
«Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա» 
ՀԿ-ի նախագահ՝ բ.գ.թ. Արամ Մկրտիչյանից
 
 
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հարգելի´ պարոն վարչապետ,
Դատելով ըստ ամենայնի, ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի (այսուհետ՝ ԲԳԿ) մասնավորեցման մասին կառավարության ծրագրի իրականացումը, որի կապակցությամբ Ձեզ նամակներ ենք հղել բաց մամուլում (27.05.19 թ., 17.06.19 թ., 13.06.19 թ.)` սարերի հետևում չէ։ Բազմաթիվ են պաշտոնական և դեղին մամուլում շրջանառվող հրապարակումները ԲԳԿ-ի մասնավորեցման և չմասնավորեցման, հայտնի և անհայտ ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ԲԳԿ-ի հնարավոր գնորդների անհասկանալի մղումների և ցանկությունների, և այդպիսով, ԲԳԿ-ի ապագայի լիակատար մշուշով պատված լինելու վերաբերյալ։ Այս առնչությամբ ԲԳԿ-ի կոլեկտիվի անհանգստությունը, կարծում ենք, լիովին հասկանալի է։ Այս իրավիճակում խոսել մաշկավեներաբանական ծառայության ամրապնդման, ավելին` վերջինիս զարգացման վերաբերյալ միանգամայն անիրատեսական է։
Հարյուրամյակների ընթացքում մեզ են հասել բազմաթիվ բանաստեղծների, գրողների և ստեղծագործ անձանց վկայությունները մեր գորշ և գաղջ իրականության ու նրա շարունակականության վերաբերյալ։ Ակամայից հիշում ես Ջիվանու «Խելքի աշեցեք» բանաստեղծությունը («Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած, Ջիվանն էլ կաղ իշով քարավան մտած, Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք»), Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը» (մեր տխեղծ իրականության մասին զրույցների հավաքածուն), որոնք աներկբայորեն վկայում են հարյուրամյակների ընթացքում մեր երկրում լրջմիտ փոփոխությունների բացակայության մասին։
Այդուամենայնիվ, տեսնելով Ձեր հայրենասեր և ապագային միտված գործունեությունը՝ մենք ընդդիմանում ենք այս մտքին ու վստահություն հայտնում, որ գուցե ամեն ինչ կփոխվի։ Մենք չենք կասկածում, որ պետական այրերն ի զորու են և մտահոգվում են ՀՀ պետական տարբեր ոլորտների, մասնավորապես առողջապահական համակարգի ու նրա կարևորագույն ուղղությունների զարգացման մասին։ 
Մեր համատեքստում խոսքը ՀՀ-ում մաշկաբանության նեղ մասնագիտական միակ բժշկագիտական, ուսումնակրթական և մեթոդաբանական կենտրոնի մասին է։ Չէ՞ որ այստեղ են բուժում ստանում և հանապազօրյա աշխատանքի վերադառնում տասնյակ հազարավոր ծանրագույն ընթացքով մաշկային հիվանդներ, չէ՞ որ այստեղ են իրենց ուսումնագիտական և գիտակրթական գործունեությունը ծավալում ԵՊԲՀ-ի մասնագիտական ամբիոնն ու ասոցիացիաները։ Չէ՞ որ այստեղ են զուգամիտվում ՀՀ-ում աշխատող հարյուրավոր մաշկավեներաբանների և բժիշկ-կոսմետոլոգների կլինիկական գործունեության վեկտորները։ Վերջապես, չէ՞ որ այստեղ է թրծվում մաշկաբանության գիտական միտքը։ 
Հարգելի´ պարոն վարչապետ, մեր ԲԳԿ-ի կոլեկտիվի, մասնագիտական ասոցիացիաների և մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի անունից խնդրում ենք հնարավորության դեպքում թողնել ԲԳԿ-ն պետության իրավադատության ներքո։ Խոսքն այստեղ դոտացիաների մասին չէ (կենտրոնը երբեք չի գտնվել պետական դոտացիաների տակ և երբեք վնասով չի աշխատել)։ Վստահ եղեք, որ ԲԳԿ-ն պակաս կարևոր չէ, քան այն բժշկական կենտրոնները, որոնք ոչ այնքան վաղ անցյալում դարձան պետության հոգածության առարկա։ 
Հարգելի´ պարոն վարչապետ, խնդրում ենք մասնավորեցման գործընթացի անխուսափելիության դեպքում հաշվի առնել ԲԳԿ-ի աշխատակիցների հավաքական կամքը։ 
Թույլ տվեք կրկին անգամ հայտնել, որ մենք շնորհապարտ կլինենք, եթե Ձեր բազմազբաղ օրակարգում տեղ գտնվի կոլեկտիվի փոքրիկ խմբի հետ հանդիպման ու հարցի առավել հանգամանալից քննարկման նպատակով։ 
 
«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության 
և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» 
ՀԿ-ի նախագահ՝ բ.գ.դ., պրոֆ. Խաչիկ Խաչիկյան, 
« Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա» 
ՀԿ-ի նախագահ՝ բ.գ.թ. Արամ Մկրտիչյան
 
26.08.19 թ.
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play