Նոր մոտեցում լեռնահանքային արդյունաբերությանը և Փաշինյանի ճակատագրական սխալները, 2019.


Նոր մոտեցում լեռնահանքային արդյունաբերությանը և Փաշինյանի ճակատագրական սխալները, 2019.

  • 30-08-2019 17:08:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Մաս 1
Ներածություն
Սույն հոդվածում առաջարկվում է նոր մոտեցում լեռնահանքային արդյունաբերությանը՝ մոտեցում, որը կարող է հանգեցնել տնտեսության էական վերակառուցման:
Անմիջապես հարց է ծագում՝ «կարելի՞ է արդյոք այն իրականացնել այսօրվա՝ նիկոլական Հայաստանում, և ընդհանրապես, ինչ-որ օգտակար բան իրականացնել»։
Պատասխանը՝ ոչ, չի կարելի։
Ասվածը հիմնավորելու համար նշեմ հետևյալը։ Ոչ ամեն, նույնիսկ շատ զարգացած երկրում դուք կգտնեք գիտնական, ով լրջորեն, տասնամյակներ շարունակ մշակի կառավարման մեխանիզմները գիտության բնագավառում։ Քչերը գիտեն, որ գիտնական լինելը և տեսլական ունենալը տարբեր բաներ են: Եվ ահա ես (միջազգային լուրջ գիտական մրցանակի դափնեկիր) 30 տարիների ընթացքում գիտության կառավարման ճիշտ համակարգ եմ մշակել և առաջարկել այն «գիտության» նախարարին, ինչպես նաև ավելի բարձր ատյաններին։ Կարելի էր սպասել, որ կսկսվեն առաջարկությունների քննարկումները։ Ոչ մի նման բան։ Արձագանքը զրոյակա՛ն է: Հասկանում եք, զրոյակա՛ն։
Այսպիսով, նախքան նոր գաղափարների մասին բարձրաձայնելը, անհրաժեշտ է հասկանալ՝ ունակ է արդյոք նիկոլական իշխանությունն ընդհանրապես արձագանքել ցանկացած գաղափարի
Հասկանալի է, որ գաղափարը առաջ մղելու համար պետք է նախ հասկանալ հնարավոր խոչընդոտները՝ ինչպես հայեցակարգային, այնպես էլ կառավարչական։ Անհնար է խոսել տեխնոլոգիաների և նույնիսկ կոնկրետ գաղափարների իրականացման մասին՝ կառավարման այն ապաշնորհ իրավիճակի պայմաններում, որն այժմ Հայաստանում է։ Դա պարզապես թերությունների կուտակում է։
Այնպես որ՝
Նիկոլին անհրաժեշտ է վերանայել կառավարման թերի համակարգը, որը ձևավորվել է «հեղափոխական գործընթացների» արդյունքում։
Հոդվածում մենք նախ կառավարման նման թերությունների ակնարկ ենք տալիս (տես 1-ին և 2-րդ մասերը), ճիշտ կառավարմանը վերաբերվող առաջարկություններ, իսկ 2-րդ մասի վերջում կներկայացնենք «նոր մոտեցում»:
Մերիտոկրատիայի հաստատման անհրաժեշտությունը և Փաշինյանի հակա–մերիտոկրատիան
Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում պարզ դարձավ, որ նրա կառավարման մեջ շատ բան կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։
Թող նիկոլականները չշտապեն պիտակավորել ինձ, այլ փորձեն իրենք վերլուծել։
Նիկոլի հիմնական սխալը տնտեսության մեջ՝ պետական հատվածի անտեսումն է, կառավարման մեջ Նիկոլի հիմնական սխալը՝ տեսլականի (գաղափարների, նախագծերի) անհրաժեշտության լիակատար անտեսումն է, պրոֆեսիոնալներից կազմված կառավարչական ինստիտուտների կառուցման անտեսումը։ Երկրի շահերը պահանջում էին, որ ոչ մի նախարար չնշանակվի, եթե նա նախապես չներկայացնի իր տեսլականը։ Սա մերիտոկրատիայի հիմքերի հիմքն է՝ արժանիների իշխանություն, բանիմաց իշխանություն։
Մերիտոկրատիան, իր հերթին, այն չէ, որ, ահա, արժանապատիվ մարդ է գտել և պաշտոնի դրել։ Արժանիների ընտրության համակարգ է անհրաժեշտ (դա հեշտ խնդիր չէ), ինչպես նաև պետք է ստեղծել արժանիներից կազմված կառավարչական համակարգեր։ Ոչ մի գաղափար չի կարող իրականացվել առանց մերիտոկրատիայի հաստատման, ոչ մի տեսակ ներդրումներ և ավանդներ չեն կարող արդյունավետ լինել առանց մերիտոկրատիայի։
Նիկոլի կառավարման մեջ մերիտոկրատիան պարզապես բացակայո՛ւմ է։  
Փոխարենը Նիկոլը երկիրը հանձնել է պաշտոնյաների ձեռքի կառավարմանը, որոնք հիմնականում դիլետանտներ են՝ փիառի ջատագովներ։
Այսինքն՝ Նիկոլը սահմանել է մերիտոկրատիային ճիշտ հակառակ մի բան։
Արդյունքում դժվար է որոշել՝
Նիկոլի որոշ նախարարներ հիմար են, թե թշնամու հրահանգների կատարողներ։
Հիմա ենթադրենք, որ ես ինչ-որ նոր սխեմա եմ առաջարկել լեռնահանքային արդյունաբերության համար։ Ո՞վ է Նիկոլի թիմում քննարկելու սխեման, և կքննարկի՞ ընդհանրապես։
Մերիտոկրատիան ամենահեշտն է հաստատել գիտության մեջ, երբ բավական հստակ կարելի է հետևել գիտնականների վաստակին։ Սակայն արդեն երեք տասնամյակ է, ինչ ես գրում և մանրամասն բացատրում եմ, որ առանց գիտության գույքագրման և առանց երկրի գիտական իրական ներուժի բացահայտման չի կարող ճիշտ համակարգ լինել ոչ կրթության, ոչ գիտության, ոչ տեխնոլոգիաների մեջ։ Դա ակնհա՛յտ է։ Բայց նույնիսկ ակնհայտ բաները անվերջ հեռու էին նախորդ բոլոր նախագահներից և, ինչպես պարզվեց, անվերջ հեռու են Նիկոլ Փաշինյանի կառավարությունից նույնպես։
Եվ նույնիսկ հիմա, երբ Ամուլսարի խնդրի հետ կապված հարյուրավոր մարդիկ օր ու գիշեր խոսում են գիտական փորձաքննությունների, փորձագիտական խմբերի և/կամ ընկերությունների մասին, այս կամ այն փորձագետների հանդեպ վստահության մասին, նույնիսկ հիմա չկա ըմբռնում, որ փորձագետների որակի հարցը, պարզաբանումը «ով ով է գիտության և տեխնոլոգիաների մեջ» երկրի համար ճակատագրական հարց է, առանց որի լուծման չի կարելի առաջ շարժվել։
Չկա հասկացողություն, որ այս հարցը գլխավորն է, և նրանով պետք է զբաղվել առանձին և առաջին հերթին (մնացած ամեն ինչից առաջ): Իսկապես, երկիրը երբեք չի զբաղվել այդ հարցով։ Ընդհակառակը, բոլոր կառույցները (ակադեմիկոսներ, գիտության կոմիտե, նախարարություններ) միշտ ցանկացել են իրենք՝ «ընտանեկան» ձևով կամ բանդայի պես, իրենց մարդկանց պաշտոններում տեղավորել։ Ես արդեն 50 տարի է գիտության մեջ եմ և միշտ տեսել եմ, թե ինչպես են լավերի ճանապարհը փակել, որ իրենց վատին առաջ տանեն։ Այնպես որ, որտեղի՞ց մեզ մոտ կարող էին հայտնվել ճիշտ փորձագետներ։ Միգուցե երկնքի՞ց։
Փորձագետների հետ նման խառնաշփոթը կարող է երկրի համար նոր մեծ դժբախտությունների սկիզբ դառնալ։
Իրավիճակը գիտության, կրթության և տեխնոլոգիաներում։ Կուզես լա, կուզես խնդա։
Սկսեմ նրանից, որ առայժմ ես, ավելի շուտ, Նիկոլի կողմնակիցն եմ՝ հաշվի առնելով այն, որ նա որոշակի ազդեցություն ունի ժողովրդի վրա, հետևաբար նա կարող է շատ արագ ինչ-որ օգտակար բան անել, ինչը մյուսներին դա չի տրված։
Միևնույն ժամանակ, չեմ կարող խորը հիասթափություն չարտահայտել նրա ճակատագրական սխալների վերաբերյալ։  Մասնավորապես, գիտությունն ամենասարսափելի հարվածն ստացել է հենց Նիկոլի օրոք։ Նա, ըստ երևույթին, չի էլ հասկանում, թե ինչ է արել։
Վերջերս Նիկոլն ակնհայտորեն ցույց տվեց, որ նա անտեսում է գլխավորը (ավելի շուտ, չիմանալու պատճառով) և արձագանքում է գրավիչ բաներին: Նիկոլի հետ երկար զրույցում «գիտության» նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց նկարները դպրոցներ բերելու գաղափարը… թատերական շոուի ուղեկցությամբ՝ նախ մտնում է «սեքյուրիթի»-ն, անց է կացնում շինությունների զննություն, հետո մտնում են նկարները: Նիկոլը ջերմ, նույնիսկ հիացական հավանությունը հայտնեց այդ գաղափարին։ (Այդքան բուռն հիացմունք կունենար, հավանաբար, Թումանյանական «Գիքորը»՝ տիկնիկային ներկայացում տեսնելով)։
Ես չեմ մեկնաբանելու այս գաղափարը՝ հավանաբար, կգտնվեն մարդիկ, ուղեղի այնպիսի կառուցվածքով, որոնց նման շոուն դուր կգա, իսկ ծախսերը շոուի վրա կհամարեն տեղին:
Ինչ կարող եմ միանշանակ հայտարարել, դա այն է, որ վարչապետն ու նախարարը պետք է քննարկեին, թե ինչու է կրթության և գիտության ոլորտում տիրող իրավիճակն այդքան հրեշավոր։
Բացատրում եմ Նիկոլի համար. կարճ, բայց հստակ։
Կրթության ոլորտում։ Առայժմ թողնեմ այս ոլորտում քայքայման խորքային պատճառների վերլուծությունը և նշեմ այն, ինչը պետք է ակնհայտ լինի անգամ անգրագետների համար։ Վերջերս պարզվեց, որ տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է դարձել մի մարդ, ով ինքն է խոստովանել, որ գրագողություն է արել (այսինքն՝ խոստովանել է, որ ինքը հանցագործ է), իսկ ԵՊՀ ռեկտորը երեք նոր պրոռեկտորներ է նշանակել, երեքն էլ երիտասարդ են և երեքն էլ գիտությունների թեկնածու: (Համալսարանում հարյուրավոր դոկտորներ կան, մի՞թե դժվար էր ընտրել երեք դոկտորների։ Մի՞թե ակադեմիկոս ռեկտորն այնքան է վախենում մրցակիցներից, որ պրոռեկտորներ է նշանակում գիտությունների թեկնածուների)։
Պարոն Նիկոլ Փաշինյան: Միայն սա ձեզ համար պետք է ազդանշան լինի, որ բարձրագույն կրթության իրավիճակը մղձավանջային է, որ ձեր պաշտոնյաներն ու ձեր խորհրդարանականները զբաղվում են ոչ այն բանով, ինչ պետք է։ Այն, ինչ ես նկարագրեցի, արդյունք է համակարգային ճգնաժամի։ Կրկնում եմ՝ ձեր մարդիկ հայեցակարգային, խորքային սխալներ են անում, որոնց մասին, հավանաբար, պատկերացում անգամ չունեն։ Հետաքրքիր է՝ հասկացա՞ք արդյոք, ինչի մասին են վկայում այդ օրինակները։
Օրինակները վկայում են այն մասին, որ բարձրագույն կրթության մեջ կա պրոֆեսիոնալիզմի լրիվ անտեսում և, որ գոյություն ունեցող համակարգը անգործունակ է։
Այս փուլում գոնե դա՛ հասկացեք։
Գիտության ոլորտում։ Բանն այն է, որ հին սերնդի գիտնականները՝ միակ փորձարկված կադրերն են գիտության մեջ (բոլոր մյուսները կասկածի տակ են)։
Ինչպիսի՞ն կլիներ Ալիեւ–Սորոսի ծրագիրը Հայաստանի գիտության ոչնչացման գործում։
Ճիշտ է՝ ոչինչ չանել։
Այդ ժամանակ հները կմահանան, և ոչ ոք փոխարինող չի պատրաստի։
Հենց դա էլ արեց Նիկոլի կառավարությունը։
Եթե նախկինում մենք դեռ ինչ-որ ժամանակ ունեինք, հիմա մենք այն չունենք՝ հին կադրերը օրեցօր նվազում են։
Դրա համար էլ, նման ոչինչ չանելու քաղաքականությունը, ամենավատ բանն է։  
Այս փուլում դա ամենասարսափելի հարվածն է գիտությանը։
Մեկ տարուց ավել է նախարարը ոչինչ չէր անում ու միայն հայտարարում էր, որ նոր օրինագիծ է պատրաստում։ Ինչպե՞ս։ Առանց տեսլականի և առանց հանրային քննարկումների՝ հենվելով նախկին կոռուպցիոներների վրա։ Եվ ամենակարևորը, չի մշակել և, ըստ երևույթին, չի պատրաստվում մշակել գնահատման համակարգ գիտական աշխատողների համար։
Դա նշանակում է գիտության մեջ պրոֆեսիոնալիզմի լիակատար անտեսում։
Այնժամ աբսուրդ է ակնկալել գիտության վերադարձելիություն։
Ավելի քան մեկ տարի գիտությունը անորոշ վիճակում է, երբ ոչ ոք չի աշխատում, և ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետո։
Դեռ ավելին՝ նախարարը հրապարակավ ոչինչ չի քննարկում։
Հասկանո՞ւմ եք արդյոք, պարոն Նիկոլ Փաշինյան, որ դա հանցագործություն է երկրի հանդեպ։
Որտե՞ղ է երաշխիքը, որ նախարարը ամենից բանիմացն է, սորոսիզմից ամենահեռուն և կառաջարկի լավագույն լուծումները։ Այն, ինչ մենք տեսնում ենք, հակառակը՝ Նախարարի լրիվ անգործունակությունն է։
Տեխնոլոգիաների ոլորտում։ Վերջերս «տեխնոլոգիաների» նախարարը ներկայացրեց իր «տեսլականը»։  Իմ կարծիքով, հերթական տիկնիկային ներկայացումը:
Նախ՝ նախարարն իր կողմից ոչ մի նոր բան չասեց, բոլոր կոնկրետ առաջարկները վերցված են Ռուսաստանից։ Իհարկե, նախարարը դա չի նշում (սա նիկոլականների ընդհանուր գործելաձևն է):  Տվեք ինձ տասը ուսանող, ես նրանցից կընտրեմ հինգին, ովքեր, ռուսական ինտերնետում փորփրելով, մեկ շաբաթում նման բան կգրեն: Սակայն դա երկրորդական է։ Գլխավորը՝ սխալը նույնն է։
Դա պրոֆեսիոնալիզմի հրեշավոր անտեսումն է։
Նախարարը խոսում էր այն մասին, որ տասնյակ և հարյուրավոր տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են նախատեսվում։ Խոսեց Սևանի խորհրդաժողովում, որտեղ կային խորհրդարանի անդամներ, կուսակիցներ և մի քանի ուսանողներ ու դպրոցականներ: Բայց ամենահետաքրքիրը (ուշադրություն), դիմելով համաժողովի մասնակիցներին, նա ասաց… մենք ձեզ հետ միասին կազմելու ենք հանձնաժողովներ և լուծելու ենք բոլոր հարցերը: Ո՞ւմ հետ լուծել տեխնոլոգիական խնդիրները: Խորհրդարանի և ուսանողների հե՞տ: Ուրեմն, նրա՞նք են որոշելու տասը միլիոնանոց դրամաշնորհների ճակատագիրը։ Նախարարը չմտածեց, որ նախ և առաջ պարտավոր էր գույքագրել տեխնոլոգիաներն ու համապատասխան կադրերին (գիտնականներին, գյուտարարներին, տեխնոլոգներին), կազմել հանձնաժողովներ և միայն այդ ժամանակ սկսել խոսել դրամաշնորհների մասին։ Իսկ հիմա, երբ գումարն արդեն հատկացվել է, նա ստիպված է լինելու բաշխել այն։ Բաշխումը կլինի անտրամաբանական և գաղտագողի, քանի որ նա չկողմնորոշվեց հանձնաժողովների հարցում։ Հաջորդ քայլն արդեն հեշտ է կանխատեսել՝ ինչպես իշխանության մեջ շատերը, նախարարը ցանկացած ձախողում… ձեռքբերում է անվանելու։
Պատկերացրեք մարդկանց ողբերգությունը, ովքեր հասկանո՛ւմ են դա։
Սրան պետք է հետևի ծանր ու տանջալից լռություն։
Այն, ինչ ես վերը նշեցի, ընդամենը դետալներ են, որոնք ընդգծում են նիկոլականների կողմից պրոֆեսիոնալիզմի լիակատար անտեսումը բոլոր ոլորտներում, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Արդեն անիմաստ է դիմել նախարարներին։
Դրա համար էլ դիմում եմ Ձեզ, պարոն Նիկոլ Փաշինյան։   
Հասկացեք, վերջապես, որ առանց գնահատման համակարգի չի կարող գոյություն ունենալ ոչ գիտություն, ոչ կրթություն, ոչ տեխնոլոգիաներ, որոնց մասին դուք անընդհատ խոսում եք։
Ինչպե՞ս են աշխատելու այդ ոլորտները, եթե նրանցում լիովին անտեսվում է պրոֆեսիոնալիզմը։
 Ասեք ինձ, թե հանուն ինչի՞ են գիտնականները, գյուտարարները, տեխնոլոգները աշխատելու փոքր աշխատավարձով, եթե նրանք գոնե գնահատված լինելու հույս չունեն:
Նոյյան տապան  -   Վերլուծություն