Հարութ Սասունյան.«Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհո՞ւրդ» թե՞ Հայկական կազմակերպությունների խորհուրդ


Հարութ Սասունյան.«Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհո՞ւրդ» թե՞ Հայկական կազմակերպությունների խորհուրդ

  • 02-09-2019 10:15:01   | ԱՄՆ  |  Վերլուծություն

2019 թ. օգոստոսի 15-ին քսան ամերիկահայ կազմակերպությունների համախմբումը հայտարարեց «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի» ձևավորման մասին:
Համախմբման անդամներն են.
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմ.
Միացյալ Նահանգների Արևմտյան թեմի Հայոց Առաջնորդարան.
Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միություն.
Հյուսիսային Ամերիկայի Տիրամայր Նարեկի Հայ Կաթողիկե թեմ.
Արևմտյան Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցություն.
Ռամկավար Ազատական Կուսակցություն, Արևմտյան Ամերիկայի շրջան.
Արևմտյան Ամերիկայի հայ օգնության միություն.
Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Արևմտյան շրջան.
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն.
Հայ մարմնակրթական ընդհանուր միություն, Արևմտյան Նահանգների շրջան.
Արևմտյան Ամերիկայի Համազգային հայ կրթական և մշակութային միություն.
Արևմտյան Ամերիկայի հայ երիտասարդաց Դաշնակցություն.
Միացյալ հայ երիտասարդներ.
Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ.
Ամերիկայի Հայկական Համագումարի Արևմտյան շրջանային գրասենյակ.
Հայ իրավաբանական միություն.
Պոլսահայ միություն.
Լոս Անջելեսի իրանահայ միություն.
Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միություն.
Լոս Անջելեսի իրաքահայերի ընտանեկան միություն:
Սրանք հարգարժան կազմակերպություններ են, որոնք հիանալի աշխատանք են կատարել Ամերիկայի հայկական համայնքում:
Խորհուրդը հայտարարեց, որ «այլ համայնքային կազմակերպություններ, որոնք ցանկանում են մաս կազմել այս հավաքական ջանքերին և ունեն առնվազն 300 գործուն անդամ, սույնով հրավիրվում են դառնալ Խորհրդի անդամ»:
 
Բացի այդ, Խորհուրդը բացատրեց, որ «այս Խորհրդի խորհրդակցական բնույթը և նրա որոշումները պարտադիր չեն որևէ անդամ կազմակերպության համար: Ուստի, Խորհրդի գոյությունը որևէ իշխանություն չի շնորհում նրան Խորհրդի անդամ կազմակերպությունների գործունեության նկատմամբ»:
 
Խորհուրդը հայտարարեց, որ իր առաքելությունն է՝
.  Ծրագրել և իրագործել համահամայնքային բնույթի աշխատանքներ: 
 
. Քաջալերել և աջակցել հայության հավաքական շահերն ու համայնքի հայության իրավունքներն առաջ տանող աշխատանքները:
. Քայլեր ձեռնարկել հայերի հավաքական շահերին և իրավունքներին հակասող գործողություններին և ջանքերին դիմակայելու համար:
. Հավաքագրել և կիրառել համայնքի հայության ներուժը հանուն համայնքի շահերի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարօրության:
. Մշտապես ուշադրություն դարձնել հայ համայնքի հավաքական բարեկեցության և անվտանգության նկատմամբ:
Սրանք բոլորը արժանավոր նպատակներ են՝ ի նպաստ տեղի համայնքի, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի շահերի: Միշտ հրաշալի է, երբ հայերը ձեռք ձեռքի են տալիս։ Ինչպես բոլորս գիտենք՝ միասնությունը ուժ է: Ինչքան շատ են հայերը կազմակերպվում և խոսում միասնական ձայնով, այնքան ավելի հզոր են դառնում որպես համաշխարհային ժողովուրդ:
Համահայկական խորհրդի անդամ կազմակերպությունները հանդիպեցին 2019 թ. օգոստոսի 16-ին, Կալիֆորնիայի Բըրբանքի Արևմտյան թեմում և ստորագրեցին համատեղ հայտարարություն: Չնայած միջոցառումը հայտարարված էր որպես մամուլի ասուլիս, ներկա գտնվող լրագրողներին հնարավորություն չտրվեց հարցեր տալ և հստակեցնել որոշ կարևոր հարցեր:
Ահա որոշ հարցեր, որոնք կցանկանայի բարձրացնել այդ համաժողովոմ.
1) Ներկայումս ի՞նչը դրդեց այս կազմակերպություններին ստեղծել նման Խորհուրդ:
2) Նախքան այդպիսի խորհրդի ստեղծումը կամ վերստեղծումը, գրեթե նույն անդամությամբ նման մի համախմբում գոյություն ուներ 2013-ից 2015 թվականներին՝ «Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբ, Արևմտյան Ամերիկա»-ի ներքո: Ինչո՞ւ վերջինս լուծարվեց 2015-ին և վերստեղծվեց հիմա՝ կորցնելով չորս տարվա համագործակցության ջանքերի հնարավորությունը։ Որպես հարյուրամյակի հանձնաժողովի համանախագահներից մեկը ես բազմիցս հորդորել եմ խմբին չլուծարել այն 2015-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ավարտից հետո: Ավելին, ինչպես ես տեղեկացրել էի 2015 թ․հոկտեմբերի 8-ի իմ խմբագրականում՝ 2015 թ․սեպտեմբերի 26-ին, Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական  համաժողովում, 40 երկրների Հայոց ցեղասպանության հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդունվեց բանաձև՝ ձևավորելու «Համահայկական խորհուրդ», որը կհաջորդի Հարյուրամյակի հանձնաժողովին։ Նշանակվեց  կազմկոմիտե, որը բաղկացած էր Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաներից և սփյուռքի խոշոր կազմակերպություններից: Ցավոք, նախատեսված Համահայկական խորհուրդը չիրագործվեց և Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի 40 մասնաճյուղերը լուծարվեցին։
3) Եթե նորաստեղծ Համահայկական խորհրդի նպատակը Արևմտյան Ամերիկայում հայկական կազմակերպությունների համախմբման ստեղծումն է, ապա համայնքն արդեն մեկ տասնամյակ ունեցել է նման համախմբում, որը գործում է 39 հայկական կազմակերպություններից բաղկացած «Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհրդի» ներքո:
4) Համահայկական նոր Խորհրդի անունը պետք է լիներ «Արևմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունների համախմբում»: Համահայկական նշանակում է, որ Արևմտյան Ամերիկայի բոլոր հայերը անդամակցում են այս Խորհրդին, մինչդեռ դրանում ներկայացված են միայն որոշակի կազմակերպությունների անդամներ: Հայերի մեծ մասը, որոնք որևէ կազմակերպության անդամ չեն, ներկայացված չեն սույն Խորհրդում:
5) Չնայած հայկական երեք ավանդական քաղաքական կուսակցություններից երկուսը Խորհրդում են, երրորդը՝ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, չգիտես ինչու, Խորհրդում ներկայացված չէ: Կան նաև այլ խոշոր հայկական կազմակերպություններ, որոնք Խորհրդի անդամ չեն, ինչպիսիք են Հայկական մասնագիտական ընկերությունը և «Ամերիկայի հայ ինժեներներ ու գիտնականներ» կազմակերպությունը: Առավել կարևոր է, որ Հայաստանից ներգաղթյալների հսկայական համայնքը պատշաճ ներկայացված չէ Խորհրդում:
Վերջապես, իսկական Համահայկական խորհուրդը կամ նման անուն կրող կառույցը պետք է ընտրվի Արևմտյան Ամերիկայի կամ Սփյուռքի ողջ հայության քվեով, այլ ոչ թե միայն մի քանի կազմակերպությունների անդամների կողմից: Միայն այդպիսի ժողովրդավարական կառույցը կարող է հավակնել ներկայացնել Սփյուռքի հայությանը և խոսել նրա անունից։
 
Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն