Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը նախատեսված է և տեղի է ունենալու շուտով


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը նախատեսված է և տեղի է ունենալու շուտով

  • 06-09-2019 12:26:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը նախատեսված է և տեղի է ունենալու շուտով: 
 
Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: 
 
Ըստ նրա՝ երկու երկրների արտգործնախարարների միջև նախատեսված հանդիպման ժամկետի մասին չի կարող բարձրաձայնել, քանի որ դրա հետ կապված ունեն պայմանավորվածություններ: 
 
«Այս տարվա ընթացքում մեր կառավարությունը շատ հստակ արտահայտել է լրջությունը մեր մտադրությունների ակտիվ աշխատելու խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ և այս տարվա ընթացքում արտգործնախարարների ու երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվն ի ցույց է դնում այն: Ստիպված եմ ներողություն խնդրել, որ ունենք այդ սկզբունքը` միաժամանակ հայտարարելու հանդիպման մասին. բնականաբար, ես ինձ թույլ չեմ տա խախատել այդ համաձայնությունը»,- ընդգծեց Զ. Մնացականյանը: 
 
Վերջինս անդրադառնալով Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցին՝ նշեց, որ Հայաստանի համար վիզաների ազատականացումը գերակայություն է: 
 
Նախարարի խոսքերով՝ այս հարցում Հայաստանը նախաձեռնողական է և ակտիվորեն աշխատում է երկխոսության մեկնարկը հայտարարելու ուղղությամբ: 
 
«Մենք նպատակային աշխատում ենք մայրաքաղաքներով, որպեսզի ի ցույց դնենք, թե ինչպես ենք մենք շարժվելու առաջ, որքանով ենք գնահատում բավարար մեր պատրաստակամությունն այդ երկխոսությունը սկսելու համար և լսելու այն մտահոգությունները, որոնք կարող են լինել մեր երկկողմ գործընկերների մոտ»,- նկատեց Զ. Մնացականյանը՝ հավելելով, որ չեն զլանալու և ամեն ջանք գործադրելու են նպատակին հասնելու համար: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն