Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին


Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

  • 09-09-2019 19:19:21   | Հայաստան  |  Քաղաքական



Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
 
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: 
 
ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: ԱԳ նախարարը նաև ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ-ի և վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համատեքստում։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական