«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիր․ կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան


«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիր․ կամրջելով կրթությունն ու աշխատաշուկան

  • 12-09-2019 17:04:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հանրային քաղաքականության ինստիտուտի և Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի համատեղ ծրագիրը կնպաստի որակյալ աշխատուժի համար հնարավորությունների բացահայտմանը՝ կապելով տվյալները, մարդկանց և քաղաքականությունները
 
Այսօր մեկնարկեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի համատեղ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը։ Ծրագիրն անհատներին կօգնի կատարել մասնագիտության ավելի տեղեկացված ընտրություն և ավելի պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելուն։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։  
 
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը մշակվել է ի պատասխան աշխատանքի փոփոխվող բնույթի և աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի միջև առկա շարունակական անհամապատասխանության։ Արդյունքում տնտեսության որոշ ոլորտներ միշտ ունեն որակյալ աշխատուժի կարիք, իսկ մյուսները՝ ավելցուկ։ Ըստ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության 2018թ․ զեկույցի Հայաստանում երիտասարդ աշխատողների միայն մոտ կեսն է զբաղված այնպիսի աշխատանքներում, որոնք համապատասխանում են իրենց կրթական մակարդակին (53.7%): Նրանք, ովքեր կատարում են աշխատանք, որի համար գերկրթված են, կազմում են 33.6%, իսկ թերկրթվածները՝ 12.7%։
Համաձայն նույն զեկույցի Հայաստանում 18-30 տարեկան երիտասարդների 10-ից չորսը համարվում են տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մաս։ Չնայած ուսանողների մի մասը ընտրում են պահանջված մասնագիտություններ, նրանք ավարտում են համալսարանը առանց շոշափելի «փափուկ հմտությունների» (soft skills) և չեն կարողանում կրթությունը վերածել աշխատանքի։ 
 
 «Գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ և ներկայումս ավելի ու ավելի դժվար է այն ավանդական մոտեցումներով կառավարելը: Հիմնական պատճառն աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում հատկապես կարևորում եմ արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների և ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ»,- հավելեց նա:
 
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ասաց․ «Հայաստանի ապագա տնտեսական աճի համար շատ կարևոր է ունենալ ոչ միայն հմուտ ու կրթված աշխատուժ, այլ աշխատուժ, որը տիրապետում է կիրառական գիտելիքի և հմտությունների։ Երիտասարդները պետք է ունենան կրթությունից աշխատանքի անցնելու հստակ գծանշված ուղի, որը թե՛ անձնական կյանքում և թե՛ ֆինանսական տեսանկյունից գոհացուցիչ արդյունքների է բերում:
 
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը նպատակ ունի փաստահենք և մարդակենտրոն քաղաքականությունների օգնությամբ կամրջել կրթություն-աշխատաշուկա անջրպետը, ինչի արդյունքում կստեղծեն աշխատուժի վերաորակավորման և վերապատրաստման հնարավորություններ, կավելանա զբաղվածությունը և կգրանցվի տնտեսական աճ»,- նշեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանն իր ելույթի ընթացքում: 
 
Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ հայկական աշխատաշուկայի վերլուծություն և տվյալների նորարարություն, անգլիացի գործընկների հետ վարքաբանական փորձարկումների անցկացում և քաղաքականությունների բարելավման համար առաջարկությունների մշակում ։ 
Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ կրթության և աշխատաշուկայի միջև առկա անհապատասխանության վերաբերյալ խորքային քննարկում: Քննարկմանը մասնակցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։  
 «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը իրականացվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից` Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հետ համատեղ։ 
 
***
Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում։ ԿԶՆ կենտրոնի գործունեության կենտրոնում իր նորարարական մեթոդներն են, որոնք փոխառված են մի շարք ոլորտներից, այդ թվում՝ տվյալագիտությունից, վարքաբանությունից, դիզայն մտածողությունից և համակարգային մտածողությունից։ Կենտրոնը Կառավարության, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և մասնավոր հատվածի միջև գտնվող նորարարական հանգույց է։ Օգտվելով նման բազմաշահառու համագործակցություններից` ԿԶՆ կենտրոնը նպատակ ունի բացահայտել Հայաստանի զարգացման ներուժը և արագացնել Օրակարգ 2030-ի իրականացումը։
 
Հանրային քաղաքականության ինստիտուտի (ՀՔԻ) առաքելությունն է՝ նպաստել թափանցիկ և հաշվետու հանրային քաղաքականության իրականացմանը՝  ակտուալ թեմաների վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելով, հետազոտությունների արդյունքներ և զեկույցներ ներկայացնելով, ՔՀԿ-ներին խորհրդատվություն տրամադրելով՝ իրենց մշտադիտարկման և ջատագովության նախաձեռնություններում, քաղաքականության միտումների վերաբերյալ սեփական վերլուծություններն ու առաջարկները ներկայացնելով: Ի սկզբանե հիմնադրված լինելով որպես անկախ գիտահետազոտական կենտրոն, որն իրականացնում է հետազոտություններ և փորձում է խթանել բարեփոխումներ կրթության ոլորտում՝ ՀՔԻ-ն աստիճանաբար ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ ներգրավվելով ուղիղ ժողովրդավարության, աշխատանքի և սոցիալական իրավունքների, առողջապահության, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտներում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն