ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործը բացահայտվել է. ում կողմից է դա արվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



12-09-2019 17:41:37   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են: Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների և վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից, և հայտնի է, թե կոնկրետ ով կամ ովքեր են այն արել:
Ասել է թե` գործը ամբողջությամբ բացահայտվել է: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները և իշխանությունները լռում են` հնարավոր ներքաղաքական բախումներից խուսափելու և երկրում անկայուն վիճակ ստեղծելու հեռանկարից ելնելով:
Հիշեցնենք մեկ փաստի մասին ևս. գաղտնալսման հրապարակումից հետո պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաև մի շարք բացահայտումներ արեց մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման:
ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ հստակ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»:
Այս հայտարարությունից ևս անցել է մեկ տարի, և եթե ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ապա ի՞նչ է արել նախաքննական մարմինը մեկ տարի անց, ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ. եթե առաջադրված է, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվում:
Այս հարցերի պատասխանը ստանալու նկատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժին և սպասում ենք վերջիններիս պատասխանին: Պատասխանի դեպքում պատրաստ ենք հրապարակել այն»: 
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, սակայն դա ամենևին չի նշանակում, որ իշխանությունը առաջիկա օրերին դիմելու է կոշտ միջոցների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, և «Լիդիան»-ը իր գործունեությունը վերսկսելու է հաջորդ տարվա ապրիլ-մայիսից: Իսկ մինչ այդ հույս կա, որ հանքը շրջափակողները կա՛մ կհոգնեն, կա՛մ նրանց հնարավոր կլինի համոզել: Միայն այս տարբերակները փորձարկելուց հետո իշխանությունը կգնա ուժային լուծման»:
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են։ Լռում է նաև «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ։ Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել:
Դատի՞ եք տվել նրանց։ «Դատական պրոցես է ընթանում, սակայն որևէ բողոք, պրետենզիա չունենք «Լիդիանի» նկատմամբ, ցանկանում ենք հարցը հաշտությամբ լուծել, որովհետև իրենք ևս մեղավոր չեն այս վիճակի համար, սպասողական վիճակում են, ինչպես մենք բոլորս։ Չգիտեն` կաշխատե՞ն, թե՞ ոչ, որ շարունակեն առողջարանի վերակառուցման աշխատանքները»,- ասաց առողջարանի պատասխանատուն: Ցանկանո՞ւմ եք, որ բացվի հանքը։ «Իմ ցանկությունից չի կախված. որոշողը մենք չենք»»:
 
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաև քաղաքական վերադասավորումների։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝ հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու և դրանց պատրաստ լինելու համար։
Այսպիսով, ըստ թերթի աղբյուրի փոխանցման, Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր համար «պահեստային» ուժի ստեղծմանը, որը վարկանիշի անվերադարձ անկման ու հնարավոր կտրուկ զարգացումների ժամանակ իր համար վահան կհանդիսանա։
Լուրերի համաձայն, այստեղ կհամախմբվեն ինչպես խորհրդարանում գտնվող, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք դեմ են իշխանությունների վարած «մեղմ մեթոդներին և «թավշյա» քաղաքականությանը». չի բացառվում, որ այդ ուժի մեջ համախմբվեն այնպիսի դեմքեր, որոնք տարբեր ժամանակներում համարվել են քաղաքական հակառակորդներ»:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3471 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար