Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը


Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը

  • 13-09-2019 16:51:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 13-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի առաջին նիստը:
 
Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.                                                 
 
«Հարգելի՛ գործընկերներ,
 
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի անդրանիկ նիստին: Այս նախադասությունը հնչեցնում եմ առանձնահատուկ ոգևորությամբ, միաժամանակ՝ գիտակցում եմ այն լրջագույն պատասխանատվությունը և նույնիսկ առաքելությունը, որ դրված է խորհրդի և ընդհանուր առմամբ թիմի առջև:
 
2018 թ. թավշյա հեղափոխության հասունացման խորքային ամենահիմնական պատճառների շարքում կարելի է վստահաբար շեշտադրել ոչ արդյունավետ հանրային կառավարման համակարգի ու կառուցակարգերի գոյությունը: Պատահական չէ, որ գործող իշխանությունը և կառավարությունն իր գործունեության մեկնարկից ի վեր մշտապես հայտարարել են, որ հանրային կառավարման խորքային բարեփոխումները քաղաքականության օրակարգի առանցքային բաղկացուցիչն են լինելու: Այս բարեփոխումները երաշխավորելու են մյուս ոլորտներում վարվող քաղաքականությունների հաջողությունը, լինեն դրանք տնտեսական, սոցիալական, պաշտպանական, թե այլ:
 
Այսօր արդեն ակնհայտ է՝ հասարակությունը շատ ավելի ուշադիր է պետության քաղաքականության, ընդունած որոշումների նկատմամբ, ավելի մեծ հնարավորություն ունի պահանջատեր լինելու, միաժամանակ՝ խնդիր է դնում պետության առջև՝ առավել պատասխանատու, մասնակցային ու հաշվետու գործելակերպեր որդեգրել իրեն պատվիրակված լիազորությունների իրականացման ժամանակ:
 
Հետևապես, ժողովրդավարացման չափազանց կարևոր փուլ ենք անցնում, որը պետք է առաջիկայում արմատավորվի որպես արժեհամակարգ: Այս փոխակերպումն առաջնորդելու գործում Կառավարությունը և իշխանության մյուս օղակներն իրապես կարևոր անելիքներ ունեն: Վերջին մոտ 1.5 տարին ավելին, քան բավարար էր համակողմանի հասկանալու, որ հանրային կառավարման համակարգի խորքային արդիականացումն այլընտրանք չունի:
 
Այսօր ազդարարում ենք մի ընդգրկուն ու բազմաբովանդակ ռազմավարության մշակման գործընթացի պաշտոնական մեկնարկը, որն իր առջև գերխնդիր է դնում վերարժևորելու պետական կառավարման համակարգը: Մի բան ակնհայտ է և անքննելի. ժամանակակից աշխարհում և՛ հասարակական հարաբերությունների բովանդակությունը, և՛ գործընթացների դինամիկան, և՛ տեղեկատվական հոսքերով հագեցվածությունը պահանջում են այլ որակի և մոդելի ինստիտուտներ:
 
Հիմնական նպատակը մեկն է՝ պետական համակարգի արժեքների, ինստիտուտների և գործընթացների վերափոխումն այնպես, որ ապահովվի քաղաքացիակենտրոն հանրային կառավարում: Ռազմավարության ներքո պետք է կարողանանք ձևակերպել պետական համակարգի գործառնական մոդելը, որը ունակ է և արդյունավետ՝
 
զարգացման օրակարգ ձևակերպելու ու հանրության քննարկմանը ներկայացնելու,
մշտապես փոփոխվող միջավայրի ազդակներին արձագանքելու,
պետության առջև ծառացող ռիսկերը և մարտահրավերները հասցեագրելու,
հանրային բարեկեցության ապահովմանն ուղղված պետական քաղաքականություն կյանքի կոչելու հարցերում:
Ավելի առարկայորեն, հանրային կառավարման համակարգի բարեփոխում ասելով՝ ըստ էության խոսում ենք մի քանի առանցքային ուղղությունների մասին, որոնք կազմում են պետություն-հասարակություն փոխհարաբերությունների կառուցման շաղախը: Մասնավորապես, խոսքը հետևյալի մասին է.
 
ինչպես է պետությունը քաղաքականություններ մշակում և իրականացնում, այդ թվում՝ կառավարում հանրային ֆինանսները,
ինչպես է պետությունը ծառայություններ մատուցում հանրությանը,
ինչպիսի պետական ծառայության համակարգի միջոցով է իրականացնում իր հիմնարար գործառույթները,
որն է այն օպտիմալ ինստիտուցիոնալ կառուցվածքը, որի միջոցով պետությունն առավել արդյունավետորեն կարող է ապահովել վերը թվարկված ուղղությունները,
և, վերջինը, բայց ինչը նաև չափազանց կարևոր է, ինչպիսի հաշվետվողական ու բարեվարքության կանոններով է պետությունը հարաբերվում հասարակության հետ:
Ռազմավարությունն, ըստ այդմ, կներառի 5 հարթություն՝
 
քաղաքականությունների մշակում,
հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում,
պետական ծառայությունների մատուցում,
հաշվետվողականություն և բարեվարքություն,
հանրային կառավարման գործառութային շրջանակ:
Բարեփոխումների բոլոր հարթություններում կենտրոնական դեր է հատկացվելու թվայնացման և մարդկային կարողությունների զարգացման հարցին: Մասնավորապես, կդիտարկվեն թվային, էլեկտրոնային և խելացի լուծումների ներդրման հնարավորությունները: Նպատակ է դրվում սրանով մեծացնել համակարգի աշխատանքի սիներգիան, օպերատիվությունը, թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը, բիզնես գործընթացների հնարավոր խելամիտ ծավալով ավտոմատացումը: 
 
Բարեփոխումների արդյունքում պետական քաղաքականությունները դադարելու են լինել հատվածական, պետությունը հաշվետու է լինելու ոչ թե գործընթացների, այլ կոնկրետ արդյունքների համար, ներդրվելու է քաղաքականության արդյունքների համար անհատական պատասխանատվության ինստիտուտը, վերափոխվելու է պետական ծառայողի հանրային ընկալումը, պետական ծառայությունը դառնալու է գրավիչ և՛ երիտասարդ մասնագետի համար, ով հավակնություն ունի պետական կարիերա անելու, և՛ այլ ոլորտներում կայացած ինքնաբավ մասնագետի համար, ով պատրաստ է իր գիտելիքն ու բազմամյա փորձը ներդնելու պետականաշինության գործում: Պետական համակարգի գործունեությունը հենվելու է ոչ թե առանձին անհատների կամ նվիրյալների երբեմն անձնազոհ ջանքի, որը ոչ պակաս կարևոր է, իհարկե, այլ կայացած ինստիտուտների վրա:
 
Ի սկզբանե պարզ է, որ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, ինչպես որ ցանկացած ռեֆորմի բուն փիլիսոփայություն, լինելու է պոզիտիվ դեստրուկցիայի տրամաբանությամբ: Բայց այդ ռեֆորմի արդյունքում պետք է ստանանք հենց ռեֆորմների ներունակ՝ փոփոխություններ կրելու ու առաջնորդելու կարողությամբ օժտված համակարգ:
 
Ռազմավարության մշակման գործընթացում և դրա հետագա իրականացման փուլում ակնհայտորեն բազմաթիվ դժվար որոշումներ կայացնելու առջև ենք կանգնելու, որոնք կարող են ոչ միանշանակ վերաբերմունքի և մեկնաբանության արժանանալ: Այս իմաստով, քաղաքական իշխանությունը պատրաստակամություն և անհրաժեշտ կամք ունի՝ ռեֆորմն իր նախասահմանված հանգրվանին հասցնելու համար, ինչպես և խոստացել էինք նախընտրական փուլում:
 
Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը և ծավալը, հաստատակամորեն բարեփոխումների մշակման և իրագործման ողջ ընթացքում ապահովվելու է հանրային լայն մասնակցություն և պատշաճ իրազեկում: Միաժամանակ, ի տարբերություն հաճախ հանդիպող պրակտիկայի, երբ նման աշխատանքը հենվում է փորձագիտական կարողության վրա, այս դեպքում նպատակ ունենք, որ ռեֆորմների հիմնական բովանդակության կրողը կլինի հենց հանրային ծառայողը:
 
Վստահություն ունեմ, որ նման ներկայացվածությամբ ու կազմով խորհուրդը պատվարժանորեն կառաջնորդի Ռազմավարության մշակման գործընթացը: Բոլորիս հաջող ընթացք եմ մաղթում այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play