Հայաստանի կտրուկ պատասխանը ՌԴ փոխվարչապետին


Հայաստանի կտրուկ պատասխանը ՌԴ փոխվարչապետին

  • 14-09-2019 13:05:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եթե Հայաստանը չի տալիս հավանություն, ապա այդ կարծիքները կամ մեկնաբանությունները լոկ այդպիսին էլ մնում են, ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի երեւանյան հայտարարության մասին ասել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
 
Բորիսովն ասել էր, որ Ռուսաստանը դեմ չէ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որեւէ կարգավիճակի: Պետք է նկատել իհարկե, որ Բորիսովն այդ մասին խոսել էր, որովհետեւ հարցրել էին հայաստանցի լրագրողները: Նա ասել էր, որ ՌԴ ցանկությունը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ բոլոր հետխորհրդային երկրներին, բայց այդ հարցերը կարող են որոշվել միայն ըստ կանոնադրության:
 
ՀԱՊԿ կանոնադրության մեջ ավելացել է գործընկերոջ կարգավիճակի հնարավորությունը, բայց որեւէ երկիր դրան կարող է հասնել անդամների կոնսենսուսի պայմաններում:
 
Որ Հայաստանը հավանություն չի տա Ադրբեջանի անդամությանը, բազմիցս քննարկված հարց է: Առավել եւս, որ մեղմ ասած ամենեւին միարժեք չէ ՀԱՊԿ կարգավիճակի առումով թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի ցանկությունը կամ մտադրությունը: Այստեղ կան բազմաթիվ շերտեր, որոնց մի մասին անդրդարձել եմ Ադրբեջանի «ներխուժումը». Հայաստանը կօգնի Ռուսաստանին հոդվածում:
 
Այստեղ կա թերեւս մեկ այլ հարց: Ընդհանրապես, ինչի՞ համար, ի՞նչ ակնկալիքով կամ նպատակադրումով է ՌԴ-ն նախաձեռնել ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակի հնարավորության սահմանումը, եւ արդյոք Հայաստանի համար կան երկրներ, որոնց Երեւանը կուզեր տեսնել ՀԱՊԿ գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակում:
 
Այլ կերպ ասած, արժե թերեւս դիտարկել նաեւ կանոնադրական նոր հնարավորության՝ Հայաստանի համար պոզիտիվ դիտարկման խնդիրը: Իհարկե, առկա է նաեւ հարց, որ Հայաստանն ընդհանրապես պետք է դիտարկի ՀԱՊԿ-ից հեռանալու հարցը, հաշվի առելով, թե այդ կազմակերպության անդամներն ինչպես են խախտում դաշնակցային էթիկան եւ սպառազինություն մատակարարում երկրի, որը պատերազմով է սպառնում ՀԱՊԿ անդամին:
 
Միեւնույն ժամանակ, սակայն, իրական քաղաքականության ռեժիմում այդ հարցի քննարկումը պատեհ եւ իրատեսական չի թվում, ըստ այդմ ավելի նախընտրելի է քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի լսելիության եւ եղած հնարավորությունները Հայաստանի համար օգտագործելու հարցը:
 
Առավել եւս, որ թավշյա հեղափոխությունից հետո Երեւանը դրել է ՀԱՊԿ բնույթի վերաբերյալ հարցադրումներ, օգտվելով նաեւ Գլխավոր քարտուղարի կարգավիճակի շուրջ ստեղծված իրադրությունից: ՀԱՊԿ-ը ռազա-քաղաքական դաշնակցային բլո՞կ է, թե՞ բլոկ չէ: Այդ հարցը Հայաստանի վարչապետը դրել է բաց: Պատասխաններն առայժմ հայտնի չեն, սակայն հասկանալի է նաեւ, որ այստեղ խնդիրները պահանջելու են ժամանակ եւ դիրքային համառ պայքար:
 
Ահա այդ իմաստով, Հայաստանն ունի՞ դիտարկումներ, թե ում կուզեր տեսնել ՀԱՊԿ գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակում: Կա՞ ուղղություն, որի առումով աշխատանքի խթանման փորձ կանի Երեւանը:
 
Օրինակ, Հայաստանը նախաձեռնել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձեւաչափը: 2020 թվականի հունվարին սպասվում է առաջին Վեհաժողովը Հայաստանում: Երեւանը կարո՞ղ է առնվազն դիվանագիտական հետնաբեմում դիտարկել այդ ձեւաչափի անդամների եւ ՀԱՊԿ որեւէ գործակցություն: Հունաստանը ՆԱՏՕ անդամ է , բայց այստեղ էլ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ մակարդակի է հասնում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի ռազմա-տենիկական գործակցությունը ՌԴ հետ: Առավել եւս, որ պետք չէ բացառել ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակում ավելի շատ հենց Թուրքիային, քան Ադրբեջանին տեսնելու ՌԴ ցանկությունը:
 
Կարո՞ղ է Երեւանը անակնկալ առաջարկել ՀԱՊԿ-ին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը