Ինչ է որոշել դատավորը Ռոբերտ Քոչարյանի գործով. անսպասելի շրջադարձ


Ինչ է որոշել դատավորը Ռոբերտ Քոչարյանի գործով. անսպասելի շրջադարձ

  • 16-09-2019 13:52:34   | Հայաստան  |  Վերլուծություն

 Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում արտահերթ ելույթով անդրադարձել է Սահմանադրական դատարանի խնդրին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշմանը, այն համարելով ոչ լեգիտիմ:

Արարատ Միրզոյանի ելույթը հնարավոր է գնահատել անսպասելի, որովհետեւ ՍԴ-ն որոշումը կայացրել եւ հրապարակել է մի քանի օր առաջ, այդ կապակցությամբ հնչել են բազմաթիվ գնահատականներ ու մեկնաբանություններ: Այդ ընթացքում թե ԱԺ նախագահը, թե խորհրդարանական մեծամասնությունն ընդհանրապես նկատելի տարածություն եւ զսպվածություն են պահպանել ՍԴ որոշման գնահատականի հարցում:
 
Եվ հանկարծ, սեպտեմբերի 16-ին ԱԺ նախագահ Միրզոյանը կասկածի տակ է դնում որոշման լեգիտիմությունը: Իսկ այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ սեպտեմբերի 17-ին պետք է հրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատավոր Աննա Դանիբեկյանը այդ հարցին անդրադարձել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությամբ՝ ՍԴ որոշման ուժով:
 
Դատարանի որոշման հրապարակման նախօրեին ՍԴ հասցեին ԱԺ նախագահի կոշտ ելույթը եւ ՍԴ որոշումը ոչ լեգիտիմ հայտարարելը, նաեւ ազդարարելով, որ խորհրդարանը պետք է գտնի ՍԴ հարցի լուծում, հարց է առաջացնում՝ արդյոք կառավարող ուժն ունի ազդակ, որ դատարանը ՍԴ որոշման հիմքով փոխելու է երկրորդ նախագահի խափանման միջոցն ու ազատ է արձակելու նրան:
 
Արդյոք այդ ազդակն է պատճառը, որ ԱԺ նախագահի մակարդակով բարձրաձայնվում է խորհրդարանի մակարդակում Սահմանադրական դատարանի հարցը լուծելու անհրաժեշտությունը:
 
Դրանից հետո Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը սեպտեմբերի 16-ին կքննարկի, թե ինչ է հնարավոր անել ՍԴ հարցում:
 
Միաժամանակ, սեպտեմբերի 16-ին Հայաստանում է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը, որը հանդիպել է ԲԴԽ ղեկավարության հետ եւ քննարկել դատաիրավական ռեֆորմին առնչվող հարցեր:
 
ԲԴԽ այդ ղեկավարությունը ձեւավորվել է փաստացի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության՝ մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման արդյունքում, երբ մայիսի 20-ին եղավ դատական համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որով նա ազդարարեց հեղափոխության երկրորդ ալիքի մեկնարկ: Դրա արդյունքը եղավ այն, որ հրաժարական ներկայացրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ գործնականում ձեւավորվեց նոր ԲԴԽ:
 
Արդյոք սեպտեմբերի 17-ի որոշումով Ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն է տալու դատական համակարգի շուրջ նոր ալիքի մեկնարկ եւ երկրորդ նախագահի ազատությունը խթանելու է ներքաղաքական նոր բռնկում: Իշխանությունը պատրաստվու՞մ  է դրան, թե՞ փորձում կանխարգելել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն