Քոչարյանի ազատությամբ տագնապած մարդիկ վաղը պետք է լինեն Շենգավիթի դատարանի մոտ. Արսեն Գրիգորյան
16-09-2019 16:43:35 | Հայաստան | Հասարակություն
Արսեն Գրիգորյան. Վաղը Շենգավիթի դատարանը պետք է զգա նոր Հայաստանի մռնչյունը։
Վաղը Շենգավիթի առաջին ատյանի դատարանը կորոշի՝ փոխե՞լ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, թե՞ ոչ։ Մենք դատարանների հետ խնդիր ունենք, քանի դեռ անցումային արդարադատությունն իր խոսքը չի ասել։ Մենք այսօրվա դատարաններին վստահելու նույնքան հիմքեր ունենք, որքան չվստահելու հիմքերն են։
Հետեւաբար՝ մեզ ի՞նչ է պետք, որպեսզի երկրի թիվ մեկ մեղադրյալը, որն առ այսօր չի էլ ափսոսում մարտի 1-ի 10 զոհերի համար, ազատության մեջ չհայտնվի։ Մենք կարիք ունե՞նք մտածելու, որ ինչ էլ որոշի դատարանը, դրանով նա ցույց է տալու իր անկախությունը։ Ըստ իս, մեզ պետք չէ, որ այդպես մտածենք։ Քանի դեռ մեր դատարանները նոր Հայաստան են մտել անցյալի ձեռքը բաց չթողնելով, մենք պետք է կանգնենք նրանց դեմը, որպեսզի շատ չառաջանան ու չապականեն նոր Հայաստանը։
Հետեւաբար, ի՞նչ է պետք անել կոնկրետ վաղվա որոշման հետ կապված։ Պետք է, որ Քոչարյանի ազատությամբ տագնապած մարդիկ վաղը լինեն Շենգավիթի դատարանի մոտ։ Ես լավ չգիտեմ անկախ դատարանի լեզուն, քանի դեռ չեմ տեսել, թե ինչեր կարող է ասել նա։ Ես տեսել եմ Քոչարյանին երկու անգամ ազատ արձակած դատարան, եւ իմ վախի ատամները հաշված են։
Վաղվա որոշումը սոսկ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել-չարձակելու մասին չէ։ Վաղվա որոշումն այն մասին է, որ մեր եւ նրա ազատությունները հայտնվում են գոյության նույն դաշտում, որտեղ նրա հնարավորությունները շատանում են։ Նա էությամբ մարդ ճզմող է, նրա երկրպագուներն արդեն ցույց են տվել, թե դա ինչպես է արվում, նրա երկրպագուների համար նոր Հայաստանի քաղաքացին ճանճ է։
Քոչարյանը թքած ունի մեղադրանքի վրա, նրա համար գլխավորը չնստելն է։ Ազատությունը նրան դարձնելու է քաղաքական գործիչ, որը պղտորելու է նոր Հայաստանի օդը։ Իսկ մենք գիտենք, թե ինչ է նշանակում «քաղաքական գործիչ» Քոչարյանը։ Դա նշանակում է, որ նա ամեն գնով ապահայաստանյան տարրերին լարելու է ընդդեմ նոր Հայաստանի, դա նշանակում է, որ վեթինգ չանցած դատարանները դառնալու են ավելի սանձարձակ, դա նշանակում է, որ քոչարյանական վերածննդի որջ ՍԴ-ն ավելի անկաշկանդ է լինելու քաղաքական ամբիոնի իր դերի մեջ։ Դա շատ բան է նշանակում։ Այնպես որ մարդիկ պետք է հավաքվեն դատարանի դիմաց, որպեսզի հին դատարանը զգա նոր հայաստանցու շունչը։
Պետք չէ մտածել՝ արդյո՞ք ՍԴ որոշումը Քոչարյանին ազատ արձակելու մասին է։ Այն, որ այդ որոշումից շատ բան չենք հասկանում, արդեն այն մասին է, որ Քոչարյանը չպետք է ազատ արձակվի։ Այլապես հատուկ կարծիքները չէին լինի։ Վաղը Շենգավիթի դատարանը պետք է զգա նոր Հայաստանի մռնչյունը։ Սա արդեն տագնապի հարց չէ։ Այլ հետագա կենսունակության։