Արթուր Վանեցյանին փոխարինողը


Արթուր Վանեցյանին փոխարինողը

  • 17-09-2019 09:26:53   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականն աշխուժորեն քննարկող հանրությունը զուգահեռ փորձում է դիտարկել, թե ո՞վ կարող է լինել նրա հավանական փոխարինողը:
 
Շոշափվում են անուններ, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, որի գեներալական կոչումն օրեր առաջ վերականգնել էր վարչապետ Փաշինյանը: Վաղարշակ Հարությունյանին այդ կոչումից զրկել էր Ռոբերտ Քոչարյանը: Հարությունյանը հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր ճամբարում էր, Արամ Զավենի Սարգսյանի եւ Ալբերտ Բազեյանի հետ հիմնադրում էր Հանրապետություն կուսակցությունը: Հետո Հարությունյանը դուրս եկավ նաեւ այդ կուսակցությունից եւ Ալբերտ Բազեյանի հետ փորձում էր հիմնադրել Ազգային Վերածնունդ անունը կրող կուսակցություն, որը սակայն չունեցավ որեւէ ապագա, թեեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ քննարկվում էր դրա, Սամվել Բաբայանի Դաշինք եւ ՀՌԱԿ կուսակցությունների միասնական բլոկի ձեւավորման հարցը:
 
Վաղարշակ Հարությունյանը Խորհրդային բանակի զինվորական է եւ Հայաստան է տեղափոխվել արցախյան առաջին պատերազմի շրջանում: Հարությունյանը այսպես ասած «ռուսական գծի» հետ սերտ ասոցացվող գործիչներից է:
 
Նա իրապե՞ս հավակնում է ԱԱԾ պետի պաշտոնին, թե՞ դրանք միայն խոսակցություններ են: Ընդհանրապես, հետանկախական շրջանում ուժային բլոկի ղեկավարների «հաստիքը» եղել է պայմանականորեն «ռուսական գծի» տրամաբանության շրջանակում: Ի դեպ, արտգործնախարարությունն էլ պայմանականորեն եղել է «արեւմտյան գծի» տրամաբանության շրջանակում, ձեւավորելով որոշակի բալանս: Այն ինչ որ առումով խախտվեց Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ Էդվարդ Նալբանդյանի արտգործնախարար նշանակումով, թեեւ Սարգսյանը կարծես թե ավելի շուտ փոխեց «բալանսի» տրամաբանությունը, սկսելով Եվրասոցացման գործընթացն ու խորացնելով պաշտպանական ոլորտում գործակցությունը Եվրատլանտյան բեվեռի հետ:
 
Այդ ամենով հանդերձ, Հայաստանում իշխող համակարգի բնույթից ելնելով, Հայաստանի առաջ եղել է ինքնիշխանության խնդիրը: Այդ իմաստով, հեղափոխությունից հետո կատարվող նշանակումները գործնականում կառուցված չէին մինչ այդ եղած «բալանսի» տրամաբանության վրա:
 
Ահա այդ համատեքստում, հետհեղափոխական Հայաստանի հիմնարար երեւույթներից մեկը եղել է ԱԱԾ պետի հայտարարությունը 2019 թվականի փետրվարի 27-ին, արցախ-իրանյան սահմանում, այն մասին, որ հայերը չեն պատրաստվում որեւէ տարածք հանձնել, եւ ավելին՝ պետք է վերաբնակեցնել տարածքներն ու այն լցնել հայկական կյանքով:
 
Ո՞վ է լինելու ԱԱԾ պետի պաշտոնում Վանեցյանին փոխարինողը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ունի մի քանի թեկնածություն եւ քննարկումներից հետո կկայացնի որոշումը: Գործնականում սակայն, Արթուր Վանեցյանի փետրվարյան հայտարարությունից հետո՝ ի դեպ երբ Նիկոլ Փաշինյանը Իրանում էր եւ այդ հայտարարությունն անկասկած քաղաքական առումով հաղորդակցված հայտարարություն էր, ով էլ լինի նրան փոխարինող, պետք է ապահովի Վանեցյանի փետրվարին սահմանած նշաձողը: Դա հայկական պետականության միջազգային սուբյեկտության, ռեգիոնալ դերի եւ ինքնիշխանության նշաձողն է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play