Տհաճ անակնկալ Նիկոլ Փաշինյանի համար. Վանեցյանի ամենաաղմկոտ «բացահայտումը»


Տհաճ անակնկալ Նիկոլ Փաշինյանի համար. Վանեցյանի ամենաաղմկոտ «բացահայտումը»

  • 17-09-2019 09:49:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեկվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին, որին ի պատասխան նա հայտարարեց, թե ստորագրել է միջնորդագիրը, Վանեցյանի հետ խոսել են նրա հետագա գործունեության մասին, եւ աշխատանքից ազատման հրամանագիրը կլինի 1-2 օրվա ընթացքում:
 
Քիչ անց սակայն Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց, որն ակնհայտորեն տհաճ անակնկալ էր վարչապետի համար, հատկապես Վանեցյանի հայտարարությունների ձեւակերպումների առումով: Մասնավորապես, նա հայտարարեց, թե առաջին անգամ է լսում նման բան, որ Վանեցյանը սպայի պատվի հետ խնդիր է ունեցել:
 
Ավելի ուշ կոշտ արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակը, հայտարարելով, թե «գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։
 
Արթուր Վանեցյանը հստակ նշել էր իր հրաժարականի պատճառը. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», հայտարարել էր Արթուր Վանեցյանը, ավելացնելով, որ իր համար Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
 
Փաստացի, Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ համաձայն չի եղել տարվող քաղաքականության ոճի ու մեթոդաբանության հետ: Այս պարագայում բնական է, որ պետք է հրաժարական տար, քանի որ ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության կառույց է: Մյուս կողմից, նրա հայտարարության մեջ ակնարկվում է, որ ստացել է ինչ որ հրահանգներ, որոնք հարիր չեն սպայի պատվին ու արժանապատվությանը:
 
Վարչապետը Վանեցյանի ազատման պատճառներ չի նշել, հղում անելով հատուկ ծառայությունների աշխատանքի առանձնահատկություններին: Մամուլում վարկածներն այնքան էլ շատ չեն, խոսվում է ինչ որ «դոսյեների» մասին: Մի բան ակնհայտ է, որ տարաձայնությունները եւ խնդիրները կուտակվել էին վաղուց, եւ ինչ որ հրահանգ կամ իրադարձություն արագացրել է Վանեցյանի հրաժարականը:
 
Վանեցյանի հայտարարությունը մեկ այլ առումով էլ էր տհաճ վարչապետի համար: Բանն այն է, որ ԱԱԾ արդեն նախկին պետը, ամենաբարձր վարկանիշն ունեցող ու ամենատեղեկացված պաշտոնյաներից մեկը փաստացի հաստատում է ընդդիմության թեզերից մեկը՝ կապված պետականաշինության հարցում կառավարության ու վարչապետի «անտրամաբանական գործունեության» հետ: Մի բան է, երբ դա ասում է ընդդիմությունը, մի բան՝ ԱԱԾ ղեկավարը:
 
Վանեցյանի հրաժարականը տարբեր արձագանքներ է ունեցել հանրային տարբեր շերտերի շրջանում: Խոսակցություններ կան, որ հերթը կարող է հասնել նաեւ մյուս ուժայիններին: Դրանց համար առիթ են դարձել ուժայինների հանդեպ իշխանության քննադատությունները եւ Ազգային ժողովում քննարկվող օրինագիծը ԱԱԾ եւ ոստիկանության ծառայության մասին: Ըստ դրա՝ ղեկավար պաշտոններում կարող են նշանակվել նաեւ ոչ համակարգի ներկայացուցիչները:
 
Դա էական հանգամանք է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Փաստացի, ուժայինների ղեկավարներ կարող են նշանակվել մարդիկ, ովքեր պետք է արագացնեն որոշակի գործընթացներ, հաշվի առնելով, որ կառավարության ղեկավարը դժգոհ է կոռուպցիոն բացահայտումների, գումարների վերադարձի տեմպերից ու դատաիրավական համակարգի ներկայիս վիճակից:
 
Վանեցյանի հրաժարականը կարող է խթան դառնալ այս փոփոխությունների համար: Պետք է արժանին մատուցել նաեւ ԱԱԾ արդեն նախկին պետին՝ իր հրաժարականի պատճառները իր պատկերացումների ու սկզբունքների շրջանակներում հստակ շարադրելու համար, ինչը հազվադեպ երեւույթ է հայկական ներքաղաքական կյանքում:
 
 
 
 
 
 
 
 
Play this for 1 minute and see why everyone is addicted
Vikings: Free Online Game
|
Sponsored
Նոյյան տապան  -   Վերլուծություն