Արթուր Վանեցյանը նախկիններին կոչ է անում մնալ իրենց քաղաքական անցյալում և չփորձել խառնվել իր և գործող իշխանությունների հարաբերություններին


Արթուր Վանեցյանը նախկիններին կոչ է անում մնալ իրենց քաղաքական անցյալում և չփորձել խառնվել իր և գործող իշխանությունների հարաբերություններին

  • 17-09-2019 15:14:56   | Հայաստան  |  Քաղաքական

 
Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է անում նախկին իշխանությունների ներկայացուցիչներին մնալ իրենց քաղաքական անցյալում և չփորձել խառնվել իր և գործող իշխանությունների հարաբերություններին: 
 
Նա այդ մասին այսօր հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ իր հրաժարականի մասին խոսել է միայն իր ընտանիքի անդամների հետ: 
 
«Այդ որոշումը շատ մտածցված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի: Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ»,- շեշտել է նա՝ զերծ մնալով հրաժարականի տեքստը մեկնաբանելուց և միաժամանակ նշելով, որ եթե անհրաժեշտություն առաջանա այն մեկնաբանել, ապա անպայման կմեկնաբանի:   
 
Լրագրողների հարցրին՝ գիտակցո՞ւմ է, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արել, Արթուր Վանեցյանը պատասխանել է. 
 
«Ես ուզում եմ կարևոր բան ասել, կոչ անել բոլորին, որ առհասարակ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկ ու կես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունը և վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իմ համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է: Եվ ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»:
 
Վերջինս անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե պետք է պարզել՝ ով է գրել իր հրաժարականի տեքստը, նշել է, որ այն գրվել է իր և խմբագրվել է իր խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: 
 
Հարցին, թե քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն ունի՞, Ա. Վանեցյանը պատասխանել է, որ երբ ընդունել է հրաժարական տալու որոշումը, չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ, սակայն որևէ բան բացառել էլ չի կարող:
 
«Ես միշտ արել եմ այնպիսի գործեր, որ չամաչեմ քայլել Երևանի փողոցներում, չեմ արել մի բան, որից ամաչում եմ: Ես գլուխս բարձր շարունակելու եմ ապրել ու շրջել Երևանում»,- ընդգծել է Վանեցյանը:
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play