Աղքատության պարտությունը բոլորիս հաղթանակն է. ներկայացվեցին «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի առաջին դրական արդյունքները

18-09-2019 18:17:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


2017 թվականի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը կազմում է 25.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1.4։ Կառավարության քաղաքանությունն ուղղված է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության և
արդյունավետության բարձրացմանը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց նաև ոչ ֆինանսական աջակցության տրամադրմանը, կարողությունների զարգացմանը, ծառայությունների տրամադրմանը, սոցիալական պատրոնաժին և այլն։ Մենք հավատում ենք, որ աշխատանքն է աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհը: Աշխատանքի խրախուսումը և աշխատանքի համար հնարավորությունների ստեղծումը նաև Կառավարության ծրագրում են ամրագրված: Իմ նշած ուղղությունների մասով ուրախ ենք կիրառելու «Վորլդ Վիժն Հայաստանի» փորձը, և այս մոտեցումը դարձնելու ենք նաև աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության մաս»,- այս մասին «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն․ Զարուհի Բաթոյանը։ 
 
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումների ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները:
 
Նշենք, որ «Վորլդ Վիժն Հայաստանն» աշխատում է առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների հետ` օգնելով բարելավել նրանց սոցիալ-տնտեսական վիճակը և պաշտպանել երեխաների իրավունքները: Երկու տարի առաջ` սոցիալական աշխատանքին զուգահեռ, «Վորլդ Վիժնը» սկսել է «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ: «Վորլդ Վիժնի» աջակցությունը ներառում է` սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն` ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
«Վորլդ Վիժն Հայաստանի բազմամյա փորձը թույլ է տալիս պնդել, որ աղքատությունը հաղթահարելի է, սակայն դա մեկ կազմակերպության կամ կառույցի գործ չէ։ Սրան հնարավոր է հասնել միայն գործընկերության, պետական և ոչ պետական բոլոր շահագրգիռ կողմերի՝ այդ թվում նաև հենց աղքատության մեջ ապրող ընտանիքների ակտիվ մասնակցության շնորհիվ։ Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարությունն առաջնորդում է այս գործընթացը՝ հնարավորություն ստեղծելով կարիքի մեջ գտնվող ավելի մեծ թվով մարդկանց հաղթահարել ծայրահեղ աղքատությունը», - իր խոսքում նշել է «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը։ 
 
2019թ.-ին «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Իմ քայլը» հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, սկսել են աշխատանքներ իրականացնել 18 ծայրահեղ աղքատ ընտանիքների հետ՝ կիրառելով «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, ինչի արդյունքում այսօր բարելավվել է այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, լուծվել են մի շարք առողջական և կենցաղային խնդիրներ, բայց ամենակարևորը՝ այս ընտանիքները վերականգնել են հավատը սեփական ուժերի նկատմամբ։ 
 
«Որպես նորաստեղծ հիմնադրամ ինչո՞ւ որոշեցինք այս ճանապարհով գնալ։ Մենք ստանում էինք սոցիալական և առողջապահական հարցերով հազարավոր դիմումներ։ Հասկացանք, որ մեր ռեսուրսները չեն բավականացնի դրանց չնչին մասն անգամ բավարարելուն։ Ուսումնասիրեցինք միջազգային ու տեղական կառույցների փորձը։ Հասկացանք, որ բարեգործության փիլիսոփայությունն աշխարհում փոխվել է և ապացուցվել է, որ միանվագ կամ պարբերական
բնաիրային ու ֆինանսական օգնությունը երկարաժամկետ ազդեցություն չի ունենում, արագ սպառվում է և թույլ չի տալիս հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։ Այսպիսով՝ համագործակցության եզրեր գտանք Վորլդ Վիժն Հայաստանի հետ, որը տարիների ընթացքում փորձարկել էր տարբեր մեթոդաբանություններ և հանգել հենց այս մոդելին, որն աշխարհում տարածում ունի և անգամ որոշ երկրների պետական քաղաքականության մասն է դարձել։ Այս մոդելով ընտանիքների հետ աշխատանքում կիրառվում է համապարփակ գործիքակազմ և անհատական զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվում ընտանիքի յուրահատկություններն ու նախասիրությունները՝ թույլ տալով սակավ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել»,- ասել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 413 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար