Կայացել է «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության մեկամյա գործունեության հաշվետու միջոցառումը


Կայացել է «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության մեկամյա գործունեության հաշվետու միջոցառումը

  • 18-09-2019 18:48:49   | Հայաստան  |  Հասարակություն

2019 թվականի սեպտեմբերի 11-ին, «Երևան Իմ Սեր» հիմնադրամում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության մեկամյա գործունեության հաշվետու միջոցառումը: 
 
Կազմակերպության հիմնադիրներն են՝ ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը և իրավաբան Տիգրան Դադունցը; Կազմակերպությունը ունի հստակ տեսլական՝ ունենալ առավել իրազեկ և իրավագիտակից երիտասարդություն և քաղաքացիական հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը տիրապետում է իր հիմնական իրավունքներին և ազատություններին, ձեռնամուխ է լինում դրանց պաշտպանությանը, առավել պաշտպանված է մարդկության դեմ իրականացվող բռնություններից և հանցագործություններից, աջակցել այնպիսի հասարակությանը, որը դատապարտում է և պատրաստ է կանխել իր դեմ իրականցվող բռնությունները, ընդհուպ մինչև` ժամանակակից ցեղասպանությունները:
Կազմակերպության մեկ ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրված էին տասնյակ հյուրեր՝ քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներ, կազմակերպության անդամները, կամավորները, գործընկերները և աջակիցները:
 
Միջոցառումն մեկնարկեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Ժողովրդական  նվագարաններ բաժնի  առաջատար  փորձառու մանկավարժ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի  պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի սաների կատարմամբ, որին հաջորդեց կազմակերպության հիմնադիր, նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի բացման խոսքը:
 
Կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց որ աշխարհի հետ խոսում է Իրավունքի ձայնով: 
 
-Սա ահռելի պատասխանատվություն է իմ ժողովրդի, երկրի և պատմության առջև: 
 
Այնուհետև իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց բոլոր այն կառույցների ղեկավարներին, ովքեր հավատացել են իրենց,  ովքեր աջակցել են և մեծ ուժ են տվել  իրենց ետ չկանգնելու իրենց գաղափարներից, երազանքներից;  Նա նշեց որ առանց իրենց աջակցությամբ և մեծ նվիրվածությամբ նրանք շատ գործեր չէին կարող իրականություն դարձնել: 
 
- Ձեր շնորհիվ մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, մեր մեջ: Ձեր տված ուժի, հավատի  շնորհիվ մենք կարողանում ենք միջազգային հարթակներում  ավելի վստահ և անվախ լինել : Մեզ պարտավորեցնում են նաև այն մարդկանց հիշատակները, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն հայերի փրկության համար: Նրանց անուները պետք միշտ լինեն մեր սրտերում և մեր աղոթքներում: Պետք է հիշենք և շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին հայերին Հայոց ցեղասպանության տարիներին ՝Սառա Քորնինգ, Յոհաննես Էհման , Քորինա Շաթըք ,Կլարա Բարտոն, Ֆելիքս Շարմետան, Բեաթրիս Ռոհներ,Կարեն Եփփե ,Ռուբեն Հերյան ,Ռոուզ Լամբերթ,Մարիա Յակոբսեն, Էլիզաբեթ Բերոուզ Աշեր, Ֆրիտյոֆ Նանսեն, Յոհաննես Լեփսիուս, Հենրի Մորգենթաու և շատ այլ ուրիշներ ում անուները այդպես էլ մնում է անհայտ … 
 
Հպարտանալով անցյալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով՝ մենք պետք է ավելի մեծ ոգեւորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային:
 
Մեր միտքը, ուժը և կարողությունները պետք է առաջ ընկնեն  մեր զգացմունքներից և մեր երկիրը դարձնեն ավելի համահունչ  աշխարհի ընթացքին: Մեր հայոց պատմությունը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է  գնանք առաջ  մեր պատմության և Հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով : Այդ պատասխանատվությունն է, որ մեզ մղում է առաջ որ մենք տարբեր երկրներում բարձրացնենք Հայոց ցեղասպանության պատմության խնդիրները: 
 
Ափոփելով այս տարվա ձեռքբերումները Լիլիթ նշեց, որ ամենամեծ ձեռք բերումը համարում է այն, որ այս տարի ամռանը  «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ և «Այլևս երբեք Ռուանդա» ՀԿ-ի հետ ստորագրել են  գործընկերային պայմանագիր՝ Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում: Որով կողմերը ջանքեր կգործադրեն ցեղասպանագիտության, մարդու իրավունքների, խաղաղաշինության ոլորտներում կրթական, հետազոտական, փորձի փոխանակման համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Այս տարի Ռուանդայում առաջին անգամ «Այլևս երբեք Ռուանդա» կազմակերպության գրադարանում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված անկյուն, որով ռուանդացի հետազոտողներ արդեն կկարողանան ուսումնասիրել նաև Հայոց ցեղասպանության պատմության մասին գիտական նյութեր, քանի որ ամեն տարի «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնը» գրադարանին նվիրելու նոր գրքեր:
Լիլիթը առանձնահատուկ կարևորություն  տվեց նաև 1992 թվ․Մարտակերտ շրջանի Մարաղա գյուղի կոտորածի ժամանակ անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Երևան քաղաքում հուշակոթող կամ խաչքար տեղադրվելու խնդրի լուծման հարցը: 
 
Չնայած բազում նամակների Երևանի քաղաքապետարանը մերժել է քաղաքացիների պահանջը առ այն որ նրանք ցանկանում էին, որ Երևանում տեղադրվեր փոքրիկ հուշակոթող:
 
Լիլիթը նշեց որ հետևողական է լինելու այս հարցում որպեսզի անպայման Երևան քաղաքում տեղադրվի այդ հուշաքարը, քանի որ ցանկացած մարդկային ինքնության հիմնական տարրը հիշողությունն է, անցյալի հետ անձնական կապի առկայության գիտակցումը: Թե՜պատմական, թե՜ կոլեկտիվ հիշողությունը հենված է մարդկանց գիտելիքների և վերաբերմունքի  նկատմամբ ազգի իրավական կամ պատկերացրած պատմական անցյալի ամբողջական կամ առանձին  դրվագների շուրջ: 
 
Միջոցառման ընթացքում իր գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Ագապէ» կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մարիա Գալստյանի գլխավորությամբ:   
 
Միջոցառման երկրորդ հատվածում ելույթով հանդես եկավ կազմակերպության հիմնադիր, փոխնախագահ Տիգրան Դադունցը: Նա նշեց, որ շատերին կարող է թվալ թե ցեղասպանություն և մարդու իրավունքներ կատեգորիաները անհամատեղելի երևույթներ են և դժվար է երբեմն պատկերացնել, որ ցեղասպանագիտությունն ու մարդու իրավունքների ուսումնասիրությունն ու կրթությունը կարող են ինչ որ ձևով մեկտեղվել, սակայն ցեղասպանությունն իրավունքի կողմից գնահատված երևույթ է և այս առումով են իրենք կարևորել մարդու իրավունքների և ցեղասպանագիտության ոլորտների այս հետաքրքիր համատեղումը: Նման համատեղման միջոցով դրվել է հստակ նպատակ մարդու իրավունքների կրթության և իրազեկման միջոցով ունենալ առավել իրավագիտակից երիտասարդություն և քաղաքացիական հասարակություն: Տիգրան Դադունցը մատնանշեց, որ ցեղասպանագիտության հետ մեկտեղ մարդու իրավունքների կրթությունը քայլ առ քայլ կարող է բերել մի կարևոր վերջնարդյունքի, այն է` յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է առաջին հերթին` ցեղասպանություն վերապրած ազգի ներկայացուցիչ, ապա նաև` աշխարհի քաղաքացի, կունենա կայուն իրավագիտակցություն, գիտելիք և կամք` պայքարելու նման երևույթների դեմ և օգնելու հասարակությանն ու պետությանը` հասնել դրանց ճանաչմանը և հատուցմանը: 
 
Տիգրան Դադունցի գնահատմամբ, կազմակերպությունը փորձում է և կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որը մարդու իրավունքների կրթության և պաշտպանության միջոցով կապահովի իրազեկ, իր իրավունքների համար պահանջատեր, ճանաչման ձգտող հանրության կայացումը, իսկ նման հանրության դեմ բռնություն և ցեղասպանություն իրագործելն այլևս անհնար է, իսկ իրագործածը` ճանաչվում է և հատուցվում:
 
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն Հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի կողմից «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ Հիմնադիր Նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը  պարգևատրվեց ՝ Մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պատվոգրով:
 
Միջոցառման ավարտին հյուրերը դիտեցին փոքրիկ ֆիլմ, որ պատմում էր մեկ տարվա ընթացքում կազմակերպության անցած ճանապարհի և իրագործած ծրագրերի մասին, որից հետո կազմակերպության մի շարք գործընկերներ, աջակիցներ և անդամներ պարգևատրվեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկներից պատրաստված շնորհակալագրերով:
 
Միջոցառման ավարտից հետո կազմակերպության ներկայացուցիչները և հյուրերը շարունակեցին ջերմ զրույցը և շփումները կազմակերպության կողմից տրված հյուրասիրության շուրջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն