Ինձ համար շատ ավելի զավեշտալի է Դաշնակցության ակտիվությունը

19-09-2019 12:51:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Լրագրի  զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը
 


-Տիկին Տիգրանյան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալուց հետո ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանն ասել է, թե ինքն ինչո՞ւ պետք է հրաժարական տա, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը։ Նա նաև ասել է, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով իր լիազորությունների և գործունեության կազմակերպման շրջանակը: Ինչպե՞ս է ԱԺ-ն ՍԴ խնդրի հանգուցալուծմանը հասնելու։
 
-Այստեղ խնդիրն այն չէ, որ ԱԺ-ն որևէ մեկին հեռացնելու հարց է դրել։ Այստեղ խնդիրն այն է, թե ինստիտուտը որքանով է իր գործառույթներն իրականացնում օրենքի շրջանակում։ Բնականաբար, որևէ մեկը չի ասում, որ ինչ-որ մեկի սուբյեկտիվ կամքով կամ կապրիզների պատճառով մարդիկ պետք է իրենց պաշտոններին հրաժեշտ տան, բայց եթե պաշտոնավարումը օրինավոր չէ կամ այդ պաշտոնի ստանձնման օրենքի հետ կապված խնդիրներ կան, ԱԺ-ն կանոնակարգ
սահմանադրական օրենքի շրջանակում տրված լիազորությունների շրջանակում նախաձեռնում է գործընթաց։
 
-Սահմանադրական փոփոխություններո՞վ պետք է հասնել խնդրի լուծմանը, թե կոնկրետ դատական օրենսգրքում փոփոխություններ անելով և այլն։
 
-Առաջին անգամն է, որ ԱԺ-ն նման գործընթաց է սկսում, և ելքը չեմ կարող ասել, թե որը կլինի, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին պաշտոնից հեռացնելը վերջնանպատակ է կամ ուղղակի հիմնական նպատակն է, և դրա համար
պետք է բոլոր միջոցները ձեռնարկել։ Կարծում եմ՝ այս պարագայում մենք ընդամենը պետք է մեր օրակարգն առաջ տանենք։ Մենք ասել ենք, որ կլինեն սահմանադրական փոփոխություններ, ուրեմն դրանք կլինեն ոչ թե ինչ-որ անձի պաշտոնից հեռացնելու համար, այլ ինստիտուտների գործառութային հստակեցումները՝ ինստիտուտ, լիազորություններ, պատասխանատվության մեխանիզմը հստակեցնելու համար։
 
-ԲՀԿ-ից հնչում են կարծիքներ, որ ՍԴ-ում այս պահին չկա այնպիսի իրավիճակ, որ կառավարելի չլինի, և անհամաձայնություն են հայտնում ԱԺ նախագահի հայտարարությանը։ Հնարավո՞ր է՝ ընդդիմությունը չաջակցի այս նախաձեռնությանը։
 
-Նախ իրենց կողմից հնչեցրած այդ ձևակերպման հետ համաձայն չեմ, որևէ մեկը իշխանական թևից չի ասում, որ ՍԴ-ում կամ այլ կառույցում ամեն ինչ պետք է լինի կառավարելի, մենք խոսում ենք տվյալ կառույցի պաշտոնավարման օրինավորության մասին, եթե նրանք իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են շահերի բախման իրավիճակում կամ խախտում են օրենքով նախատեսված ընթացակարգեր, այդ դեպքում կարող է ընդամենը դրվել տվյալ մարմնի գործունեության իրավաչափության հարցը։ Բայց սա տեսակետ է ԲՀԿ մեր գործընկերների կողմից։ Իրենք կարող են ունենալ իրենց մասնավոր կարծիքը, որևէ խնդիր չկա այստեղ համախոհություն ձեռք բերելու։
 
-Տիկին Տիգրանյան, ՀՅԴ-ն էլ կոչ է անում իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին դադարեցնել հակասահմանադրական ընթացքը, զերծ մնալ հակապետական գործողություններից։
 
-Ինձ համար շատ ավելի զավեշտալի է Դաշնակցության ակտիվությունը։ Ամեն անգամ, երբ ինչ-որ սրացումներ են լինում, Դաշնակցությունը հիշեցնում է, որ ինքը՝ որպես ավանդական կուսակցություն, գոյություն ունի և իր ամբողջ գործունեության ընթացքում իշխանական թևի հետ կոալիցիա կազմած արել է այն ամենը, ինչն ի վերջո բերեց երկրում համընդհանուր դժգոհության։ Գոնե այս պարագայում ես իրենց փոխարեն կնախընտրեի լռել, քան առիթ և հարմար պատրվակ օգտագործել արտահայտվելու։
 
-Ինչո՞ւ չեք հստակեցնում, թե ինչ մեխանիզմներով եք հասնելու ՍԴ խնդրի լուծմանը։ Բացի այն, որ իրավական մեխանիզմներով եք հասնելու, որևէ այլ տարբերակ չեք հստակեցնում։
 
-Տարբեր տարբերակներ կան։ Կա օրենքով նախատեսված ընթացակարգ, կա Սահմանադրության փոփոխության հնարավորություն, կան դատաիրավական բարեփոխումների կամ առանձին օրենքների փոփոխության մեխանիզմները: Ընտրությունը կախված է տվյալ պահի իրավիճակի և ռիսկերի ճիշտ գնահատումից, որպեսզի կառույցներն իրենց բնականոն աշխատանքային հունից չշեղվեն։ Այս պահին խմբակցությունը քննարկել է և գտել է, որ կարող է փորձել գործարկել ԱԺ կանոնակարգ օրենքով իրեն տրված հնարավորությունը, այն հնարավորությունը, որը գրվել էր ոչ մեր կողմից ԱԺ կանոնակարգ օրենքով, որը երբևէ չի կիրառվել: Կփորձենք կիրառել։
 
-Մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հարցին՝ չեք կարծում, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, պատասխանել էր, որ չի կարծում, որ դա իր իրավասությունների տիրույթում չի գտնվում։ Հիմա ի՞նչ փոխվեց, պայմանավորված է Քոչարյանի հետ կապված որոշումո՞վ։
 
-Արարատ Միրզոյանն իր հրապարակային խոսքում հստակ նշեց, թե կոնկրետ որ գործով է կապված՝ ՍԴ-ն իր լիազորություններն ամբողջովին չի իրացրել կամ չի դիտարկել շահերի բախման իրավիճակները։ Մեկ տարի առաջ չկար այս իրավիճակը, իրավիճակը ստեղծվել է մեկ տարի հետո, և Արարատ Միրզոյանը հրապարակային իր խոսքում նշել է, թե կոնկրետ որ գործի հետ կապված են եղել այդ խախտումները։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Հարցազրուցավար
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 472 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար