Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը պահանջում են 30 մլն դրամ փոխհատուցում այնպես, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին է տրամադրվում
19-09-2019 12:26:53 | Հայաստան | Հասարակություն
«500 զոհվածի տեղեկանք ուղարկել եմ կառավարություն և մնացել անպատասխան»,- այսօր կառավարությունում ընթացող նիստին զուգահեռ բողոքի ակցիա իրականացնելիս հայտարարեց «Զինվոր» ՀԿ համագործակցությունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը:
Վերջինս միայնակ չէ կառավարության շենքի առջև, այստեղ նրան են միացել տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայերերն ու այրիները:
Նրանց մի մասը կառավարությունից պահանջում է գումարային փոխահատուցում այնպես, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին է փոխհատուցում կառավարությունը, մյուսներն էլ դրամական փոխհատուցման հետ միասին պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանության գործերը:
«Վարչապետը, քանի որ ասում է, որ եկել է իշխանություն, որը ժողովրդին է պատանում, ժողովրդի աչքն ու ականջն են, մենք այս ժողովրդից մեկն ենք պարոն Փաշինյա՛ն, հրատապ ընդունելություն ենք պահանջում, նորից արձագանք չեղավ: 4-րդ դիմումը գրեցինք, երբ որ որոշում կայացվեց 30 մլն դրամ տրամադրել 2008 թվականի մարտի դեպքերով զոհվածներին: Հիշեցնելով, որ 5646 զոհ սպասում են ձեր գնահատականին, չէ որ մենք էլ մեր տղերքը տվել ենք հայրենիքին, չենք ստացել: Դուք օպերայից մինչև քաղաքապետարան ղեկավարելով բերել եք, տղաներն իրենց կյանքից զրկվել են՝ տվել եք 30 մլն, ես ցավակցում եմ այդ մայրերին, բայց եթե նրանց տվել ես ծառայողական պարտականությունները կատարելուց, մեր տղաներին էլ ակնկալում եմ տրամադրել 30 մլն»,- ընդգծեց Մ. Խաչատրյանը՝ հավելելով, որ պահանջում է իր դիմումին հրատապ պատասխան:
Նրա պնդմամբ, եթե եռօրյա ժամկետում չստանան պատասխան, ապա կառավարության շենքի առջև անժամկետ նստացույց են իրականացնելու: