ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել է «Ուրարտու» ՖԱ


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել է «Ուրարտու» ՖԱ

  • 19-09-2019 12:51:52   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ:
 
Նախարարի տեղակալն «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ շրջայց է կատարել ակումբի ակադեմիայում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին:
 
Հրաչ Աղաբեկյանը ներկայացրել է «Ուրարտու» ՖԱ-ի կողմից ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ծրագրերը: «Ուրարտու» ՖԱ-ն սկսում է լայնամասշտաբ համագործակցության ծրագիր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցների հետ։ Այսուհետ աշակերտները հնարավորություն կունենան իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացնել «Ուրարտու» մարզահամալիրում։ Ծրագրի սկզբնական փուլում ընդգրկված  է 10 դպրոց:  Սեպտեմբերի 18-ին մարզաբազա են այցելել 152-րդ դպրոցի աշակերտները:
 
«Շատ բարձր եմ գնահատում «Ուրարտու» ակումբի նախաձեռնությունը՝ ներգրավել դպրոցներին և հնարավորություն տալ օգտվելու այս հիանալի ենթակառուցվածքներից: Գաղտնիք չէ, որ ակումբն ունի Հայաստանում լավագույններից մեկը համարվող մարզաբազան: Այն հանրության ավելի լայն շերտերի համար բացելու որոշումը միայն ողջունելի է: Երեխաների ժպիտները ցույց են տալիս, որ նախաձեռնությունն իր սկզբանական փուլով հաջողված է»,- նշել է  Գ. Լոռեցյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ