Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Պաշտպանները դիմել են Գլխավոր դատախազություն՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը


Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Պաշտպանները դիմել են Գլխավոր դատախազություն՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը

  • 19-09-2019 13:02:55   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
 
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 
 
Վերջինս այդ կապակցությամբ մի քանի գրառումներ է կատարել.
 
«Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո: Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է:
 
Գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ»:
 
«Որոշ «ազատ» լրատվամիջոցների կողմից տարածվել է տեղեկատվություն, թե իբր Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարվել է հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։ Հայտնում եմ, որ դա սուտ է, Վ.Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար և որևէ պատճառված վնաս։ Իմ տեղեկություններով, վնասը վաղուց հատուցվել է այն ենթադրաբար պատճառած այլ անձանց կողմից»։
 
«Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
 
Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:
Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «ոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք