Որքա՜ն չպիտի սիրես քո վարորդներին, որ նրանց մատնես այսպիսի իրավական անպաշտպանության


Որքա՜ն չպիտի սիրես քո վարորդներին, որ նրանց մատնես այսպիսի իրավական անպաշտպանության

  • 19-09-2019 13:05:39   | Հայաստան  |  Վերլուծություն

Էս խեղճ վարորդների գլխին անձրևող զուլումների վերջը կարծես չի երևում: Վարորդի ընկեր ձևացող, սակայն հոգու խորքում վարորդի շահերի հետ նույնիսկ հեռավոր ազգակցական կապ չունեցող անձինք, ընկեր չձևացող ու միաժամանակ վարորդների հետ ընկերական կապի բացակայությունը չժխտող անձինք, բոլոր-բոլորը կարծես լծված են առերևույթ մի շատ լավ գործի՝ բարելավվել նրանց կյանքը, իսկ գործնականում պատճառել նրանց որքան հնարավոր է շատ անձկություն: Ինչեր ասես չեն տեսել, ինչի միջով ասես չեն անցել հայ վարորդներն, ու թվում էր այլևս վերջ բոլոր բայղուշություններին, բայց՝ ոչ: Նորությունները հաջորդում են մեկը մյուսին:
 
Եվ ահա խնդրեմ հերթական անհանավականը: Պատգամավոր Արմեն Խաչատրյանը  սեպտեմբերի 16-ին ԱԺ նիստում բալային համակարգի քննարկման ժամանակ կանխատեսել է, որ դրա ներդրման արդյունքում բողոքարկումները կրկնակի շատանալու են, ուստի անհրաժեշտ է, որ տուգանքների բողոքարկումն ավելի դժվարացվի, որպեսզի տուգանքի վճարումը հետաձգելու համար քաղաքացիները դատարան չդիմեն։ «Հետևաբար,- եզրահանգել է պատգամավորը,- պետք են նաև կարգավորումներ պետտուրքի մասով։ Այսինքն՝ եթե քաղաքացին բողոքարկում է վարչական դատարան, գոնե վարչական ակտի չափով պետտուրք վճարի, որպեսզի վտանգ լինի, որ դատը չշահելու դեպքում, նա կարող է կորցնել այդ գումարը»։ Ակամայից միտդ է գալիս դասականի հոգու հանճարեղ պոռթկումը. «Իյա, իրո՜ք»:
 
Բնության դեմ մարդու պայքարի մոտիվացնող ուժը եղել է գոյության անվտանգ միջավայրը, հեռանկարների որոշակիությունն ու իհարկե կեցության արժանապատվությունը: Սխալված չեմ լինի, եթե հայտարարեմ, որ արժանապատվությունը ենթադրում է նաև մարդու իրավական պաշտպանվածությունը կամայականությունների մասնավոր ու հատկապես պետական դրսևորումներից: Քաղաքակիրթ մարդկությանը մինչ այս հայտնի պաշտպանության ամենարդյունավետ միջոցը եղել և մնում է դատարանը, որին դիմելու իրավունքը բնորոշվում է արդարադատության մատչելիություն եզրույթով: Այն, ինչ առաջարկում է պատգամավորը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի հարված արդարադատության մատչելիությանը, մարդու դատական պաշտպանվածությանը, նրա իրավունքին ձեռքը մեկնել դատարանի դռանը: Այսինքն, առաջարկելով պետական տուրք իրավախախտման գումարի չափով, պատգամավորը փաստացի մի մեծ, ժանգոտ կողպեք է կախում վարչական դատարանի շքադռան վրա, որովհետև իրոք՝ հարյուր հազար դրամի տուգանքի բեռ կրող քաղաքացին մի այդքան գումար էլ կորցնելու վտանգը նկատի ունենալով, անկասկած դատարանի ուղղությամբ նայելուց առաջ երկար կմտածի, ու մեծ է հավանականությունը, որ մտածելուց հետո դատարանի ուղղությամբ այլևս չի նայի:
 
Առաջավոր իրավական միտքը պատգամավոր Խաչատրյանի առաջարկը բնութագրում է իբրև արդարադատության մատչելիության խոչընդոտ: Խոչընդոտն այն ձևական պահանջների սահմանումն է, որն էականորեն դժվարացնում կամ գործնականորեն անհնարին է դարձնում իրավունքի իրացումը, իսկ եվրոպական իրավունքը հռչակում է, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե ցնորական, անձը իր իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքում, բացառապես ողջամիտ պրոցեսուալ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները վերականգնելու իրական հնարավորություն ունենա։ Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձն իր արժանապատվությանը հասցված ցանկացած վնասի դեպքում հնարավորություն ունենա հասնել դրա դատական հակազդեցությանը։ Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները:
 
Անկասկած իրավական միտքը չի բացառում որոշակի նախապայմանների սահմանումը կամ եղածների խստացումը, բայց նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ ու ինչպես ՍԴՈ-1167 որոշման մեջ նշում է սահմանադրական դատարանը, ցանկացած, հատկապես նոր իրավապայման պետք է ունենա առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծելու օրինաչափ նպատակ, որը չպետք է իրացվի ի հաշիվ սահմանադրաիրավական որևէ նորմի ու սկզբունքի անտեսման: Հետևաբար դատարանի մատչելիության և դատական պաշտպանության կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը՝ բացառելով սկզբունքների անտեսումն ու անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը։
 
«Գուլագների արշիպելագը» երկում Սոլժենիցինն, ակնարկելով Ստալինին, հռետորական հարցադրում է անում, թե որքան պետք է չսիրես սեփական երկիրը, օտար լինես նրան ու ժողովրդին, որ արժանացնես այն ճակատագրին, որին արժանացրեց Ստալինը: Ծանոթանալով պատգամավորի առաջարկին՝ ակամայից ցանկություն է առաջանում այս խոսքերը զուգահեռել նրա առաջարկի հետ՝ այդ որքա՜ն չպիտի սիրես քո վարորդներին, որ նրանց մատնես այսպիսի իրավական անպաշտպանության, որովհետև առաջարկն ընդունվելու դեպքում վարորդների մի ստվար զանգված կրկնակի կորստի վախից հեռու է վանելու ճշմարտությունը հետամտելու ցանկությունն ու գլուխ կախ անի այն ինչ թելադրում է պետական ռեպրեսիվ ապարատը՝ ՃՈ-ն:
 
Իսկ նպատա՞կը: Նպատակները կարող են լինել երկուսը. միգուցե սույն պատգամավորի մոտ, որ ՃՈ նախկին աստիճանավոր է, թերևս դեռ թարմ է այն «մղձավանջը», որի հեղինակը վարորդներն էին իրենց բազմաբյուր բողոքներով, ու միգուցե դատական մատչելիության սահմանափակմամբ նա ցանկանում է ամրապնդել իր նախկին հիմնարկի դիրքերը: Եվ վերջապես երկրորդ նպատակը միգուցե ՃՈ անտրամաբանական, անորակ վարչարարության հետևանքով ծագող դատական ծախսերի բեռը մեղմելն է, քանի որ հայտնի է՝ 5000 դրամանոց վարչական ակտի դատական բողոքարկումը պետությանն արժենում է 70 000 դրամ: Փաստորեն փոխանակ առաջարկելու բարելավել ՃՈ վարչարարության որակը, պատգամավորն առաջարկում է քաղաքացիների և այդ անորակության դեմ պայքարի միջև սեպ խրել այնպիսի միջոցներով, որոնք անհամարժեք են նրա արդարադատություն հայցելու իրավունքի բուն էությանը:
 
Իրավական միտքը տարիների ընթացքում մտածել է այնպիսի երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց ծեծել դատարանի դուռն այն ժամանակ, երբ չկա պետական ռեպրեսիվ ապարատից պաշտպանվելու այլ հնար, իսկ պատգամավորը փաստացի առաջարկում է քաղաքացուն զրկել այդ հնարավորությունից և ինչի համա՞ր, որ ՃՈ-ն հնարավորորություն ունենա անարգել շարունակել վարորդներին ծանակե՞լը:
 
Ժամանակին խորհրդային իրավական միտքն անդրադառնալով խորհրդային արդարադատության հիմնախնդիրներին, հիմնավորում էր, որ Սովետների երկրին տնտեսապես շահավետ չէ անձին վերաքննիչ, առավել ևս վճռաբեկ բողոքարկման իրավունքների վերապահումը և մարդիկ հենց էդպես փաթեթներով ուղարկվում էին գնդակահարության՝ զրկված լինելով փրկության դուռ ծեծելու հնարավորությունից: Թերևս պետք է առաջ անցնել խորհրդային իրավական մտքից ու առաջարկել ոչ թե պետտուրք սահմանել՝ այն հավասարացնելով հայցագնի չափին, այլ առհասարակ զրկել քաղաքացուն նույնիսկ առաջին ատյանի դատարան դիմելու իրավունքից: Դահիճի թրի այդ մի հարվածով հարցն իսպառ կլուծվի:
 
Վատ չի չէ՞, բայց պատասխանելուց առաջ պետք է հիշել՝ թուրը սովորություն ունի վերադառնալ դեպի այն ճոճողի պարանոցը:
 
Նարեկ Ափիկյան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play