Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը


Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը

  • 19-09-2019 16:08:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ  հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի  «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  ներկայացվեցին համաժողովի անցկացման մանրամասները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։
«Նոր ձևավորված նախարարության առաջնահերթություններից է Հայաստանում թվային տնտեսության զարգացումը, որի համար շատ կարևոր են նման նախաձեռնությունների իրականացումը: Թվային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից  մեկը ինտերնետի, ինտերնետային ենթակառուցվածքների զարգացումն է Հայաստանում` ինչպես Հայաստանի տարածքում ինտերնետի որակի և տարածվածության, այնպես էլ Հայաստանը ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու  համատեքստում: Մենք շատ կարևորում ենք այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը»,-ընդգծեց նախարարի տեղակալը:
 
«N2»  համաժողովի շրջանակներում ներառված է 6 միջոցառում՝  Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF),  Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):
 
 
 
Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը տեղեկացրեց, որ «Ցանցային օպերատորների խմբի համաժողով»-ն անցկացվելու է առաջին անգամ, որում ընդգրկված թեմաները կնպաստեն` հասկանալու թվային ապագայի արդի մարտահրավերներն ու հնարավորությունները, թվային հասարակության և ենթակառուցվածքների զարգացման համար ինտերնետի դերը, կիբեռանվտանգության, տվյալների գաղտնիության ապահովման և պաշտպանության կարևորությունը:
 
Քրիստինե Գյոնջյանը նաև նշեց, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, իսկ «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը հնարավորություն կտա ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին ստեղծելու հարթակ, որտեղ կքննարկվեն առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնց բախվում են Իրերի ինտերնետի մշակողները և օգտատերերը:
 
«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը ներկայացրեց, որ Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովի օրակարգը ներառում է տվյալների տեղայնացմանը, թվային ապագայի զարգացմանը, կիբեռանվտանգությանը, գաղտնագրմանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Նա նաև հավելեց, որ ICANN կազմակերպության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը տարածաշրջանային կարևոր միջոցառում է, որտեղ համաշխարհային փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն DNS էկոհամակարգի անվտանգության, կայուն աշխատանքի հիմքերը և բազմալեզու ինտերնետի հնարավորությունները։
 
Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների և համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «IoT» հետաքրքրությունների խումբը:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն