Ինձ համար անհասկանալի և ծիծաղելի է նախկին իշխանությունների հետ աֆիլյացված շրջանակների գերակտիվացումը. Ռուբեն Մեհրաբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ինձ համար անհասկանալի և ծիծաղելի է նախկին իշխանությունների հետ աֆիլյացված շրջանակների գերակտիվացումը. Ռուբեն Մեհրաբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-09-2019 16:42:38   | Հայաստան  |  Քաղաքական



 
Ճգնաժամ չկա, ճգնաժամի հիմքեր էլ չկան. Կառավարման համակարգում տեղի է ունենում բնականոն գործընթաց: 
 
Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին օրերին կատարվող իրադարձություններին, մասնավորապես, ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի հրաժարականին: 
 
Ըստ նրա՝ ուժային կառույցներում կատարված նշյալ փոփոխությունների գլխավոր պատճառն այն է, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին օրենքի նախագիծը: 
 
«Ես կարծում եմ, որ սա մի նոր փուլ է մեր պետականության համար, մի փուլ, որը նշանավորելու է անցումը ժամանակակից կառավարման ձևերի, ավելի ճկուն և ներքին զսպումների մեխանիզմին անցում, ավելի հաշվետու համակարգի ձևավորում, հետևաբար խոսել ճգնաժամից ես բացարձակապես որևէ հիմք չեմ տեսնում: Ավելին ասեմ, ինձ համար պարզապես անհասկանալի է և ծիծաղելի նախկին իշխանությունների հետ աֆիլյացված շրջանակների գերակտիվացումը, որը պարզապես իրենց անլրջությունն է ևս մեկ անգամ ի ցույց դնում»,- ընդգծեց Ռ. Մեհրաբյանը: 
 
Վերջինս գնահատելով վերոնշյալ երկու նախկին պաշտոնյաների 1.5 տարվա գործունեությունը՝ նշեց, որ Ա. Վանեցյանը մեծ գործ է արել, երբ համաձայնել է Հայաստանի համար չափազանց ծանր ժամանակաշրջանում ստանձնել նման կարևորագույն պաշտոն, կատարել փոփոխություններ տվյալ կառույցի աշխատաոճում, թույլ չտալ, որ երկրի անվտանգության համակարգում լինեն բացեր, էապես ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգության կառույցների միջև համագործակցությունը: 
 
Անդրադառնալով Վալերի Օսիպյանի գործունեությանը՝ քաղաքագետն ընդգծեց. 
 
«Ինչ վերաբերում է պարոն Օսիպյանի գործունեությանը, ապա պետք է ասել, որ հեղափոխության օրերին ամենածանր բեռն ընկավ նրա վրա, ամենաանշնորհակալ գործը, և նա պատվով դուրս եկավ, այնուհետև նա պատասխանատվություն ստանձնեց ոստիկանության կառույցը գլխավորելու: Այն չափով, որ չափով որ ներսի մարդու կողմից հնարավոր էր ոճի փոփոխություն, աշխատաձևի փոփոխություն կատարել, նա կատարեց, և այդ իմաստով նույնպես պետք է նրա գործունեությունը դրական գնահատել»: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական