Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր, միջոցառումների շարք և երթ. ՀԲՃ


Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր, միջոցառումների շարք և երթ. ՀԲՃ

  • 19-09-2019 16:40:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Եթե Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սեպտեմբերի 20-ը այն կարևորագույն օրն է, որին ամեն մեկիս հավաքական, ինչպես նաև ապակենտրոն մասնակցությունն իրավիճակ է փոխելու: Կոչ ենք անում միանալ մոբիլիզացիայի օրվա հետ կապված տարբեր միջոցառումներին, որոնց մասին այս էջում կլինեն պարբերական թարմացումներ ու իրազեկումներ։
 
Ապակենտրոն միջոցառումների ավարտը լինելու է վերջում մեկ տեղ հավաքվելը և երթ անցկացնելը։
 
 
ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻՑ, ժամը 13։00։ Պուրակի միջոցառումների ցանկը կթարմացնենք շուտով։ Հիմնականում ներկայացնելու ենք մետաղական հանքարդյունահանման խնդիրներն ու մեր առաջարկները։
 
ԺԱՄԸ 18։30-ին Երևանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը ԿՄԻԱՆԱՆ Օպերայի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղից կսկսվի երթը։ Երթուղին հետևյալն է․
Արամ Խաչատրյանի արձան – Սայաթ Նովա փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ։
 
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՄԱՐԴԻԿ
 
– Ստեղծարար ու հրատապության ջիղով ինքնակազմակերպվել, նախաձեռնել ապակենտրոն միջոցառումներ և դարձնել սեպտեմբերի 20-ը իսկական բնապահպանական ահազանգ։ Հնարավոր են նաև կարճատև դասադուլներ և գործադուլներ։ ՁԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԿԻՍՎԵՔ ԱՅՍ ԷՋՈՒՄ, ՈՐ ԼԱՎ ՏԱՐԱԾՎԵՆ։
 
– Բնապահպանական մոբիլիզացիան ցույց տալ Հայաստանի բոլոր շրջաններում՝ հատկապես բնապահպանական խնդիրներից տուժող համայնքներում։
 
– Տները միացնել պայքարի տարածքներին՝ պատրաստելով դրոշներ՝ Ամուլսար, ԱմուՐսար, #SaveAmulsar կամ նման գրություններով և կախելով դրանք պատուհաններից։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս այստեղ:
 
– Հեծանվորդների երթի մասին տեղեկություններն այստեղ են։
 
– Մոտոերթի մասին տեղեկություններն այստեղ են։
 
– Կլիմայական փոփոխությունների մասին միջոցառումն այստեղ է։
 
– «Էկո աղբի» գործողությունների մասին տե՛ս այստեղ։
 
– Նախատեսվում է նաև մանկասայլակներով երթ և այլ ինքնաբուխ միջոցառումներ։
 
Բազմաթիվ քաղաքացիների այլևս վստահություն չեն ներշնչում Ամուլսարի հարցում կառավարության որոշումը հետաձգելու պատճառաբանությունները, որոնք, կարծես, ամեն ինչ տանում են դեպի ընթացակարգային փակուղի և փորձում են մաշեցնել շարժումը:
 
Սեպտեմբերի 20-ին մենք հայտարարում ենք Բնապահպանական մեծ մոբիլիզացիա և ձգտում ենք, որպեսզի այն դառնա բազմամարդ ապակենտրոն բնապահպանական հավաք Հայաստանում: Ինքնակազմակերպված խմբերին, կազմակերպություններին և քաղաքացիներին կոչ ենք անում հանդես գալ սեփական միջոցառումներով և հավաքներով ու բարձրաձայնել Հայաստանի խիստ աղետալի վիճակում գտնվող բնապահպանական խնդիրները և պահանջել հրատապ և արմատական փոփոխություններ, որպես առաջին քայլ՝ դադարեցնելով Ամուլսարում հանքային ծրագիրը, ինչի համար գիտական ու իրավական հիմքերն ավելի քան աղաղակող են:
 
Սեպտեմբերի 20-ից 27-ը նաև ամբողջ աշխարհում հարյուրավոր անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու հանուն բնապահպանական արդարության՝ մարդածին Կլիմայական ճգնաժամի և բնապահպանական աղետների շուրջ համաշխարհային մոբիլիզացիայի շրջանակներում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն