Իսրայելում և Եթովպիայում կհիմնվեն Հայաստանի Հանրապետության դեսպանություններ


Իսրայելում և Եթովպիայում կհիմնվեն Հայաստանի Հանրապետության դեսպանություններ

  • 19-09-2019 17:11:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը որոշումներ է ընդունել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Թել Ավիվ) և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Ադիս Աբեբա): 
 
Իսրայելում ՀՀ դեսպանություն հիմնելու որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին, և վերջին տարիներին զգալիորեն ավելացել են երկկողմ գործակցության զարգացման դինամիկան, տարբեր մակարդակներում շփումները: Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության մի շարք ոլորտների զարգացման համար՝ մեծացնելով մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայությունը: Երկկողմ կապերի կայուն զարգացումն ապահովելու առումով կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019 թ. վերջ – 2020 թ. սկիզբ) Թել Ավիվում Հայաստանի դեսպանության ստեղծումը:
 
Ըստ Եթովպիայում Հայաստանի դեսպանություն հիմնելու որոշման հիմնավորման՝ Հայաստանի և Եթովպիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993 թ. դեկտեմբերին: Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից է, որտեղ տեղակայված է Աֆրիկյան միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետությունները: Ուստիև, Ադիս Աբեբայում դեսպանություն հիմնելը հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլև զարգացնել շփումները աֆրիկյան այլ երկրների հետ, ինչպես նաև  
խորացնել համագործակցությունը Աֆրիկյան միության հետ:
 
 
Այլ որոշումներ
 
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ գումար հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորի կոնսերմացման և 8 հորի լուծարման նպատակով: Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել  շուրջ  30.0 մլն խմ/տարի ջրաքանակ, ինչպես նաև կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ապօրինի օգտագործվող, ինքնաշատրվանող և այդ հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ: 
 
Մեկ այլ որոշման ընդունմամբ գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ փոփոխություն կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ: Որոշման նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում իրականացվելիք ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որի համար պահանջվող 268,103.6 հազ. դրամ գումարը ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտների հաշվին հատկացվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, վերջինս էլ այդ գումարը նվիրաբերության պայմանագրով տրամադրելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը վարչապետի հանձնարարության շրջանակում է, այն է՝ 2020 թ. համար ներդրումային առումով ավելի կայուն և  ծախսային մասն ապահովելու հնարավորություններ ընձեռող միջավայրի ստեղծում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելուց հետո նախատեսվում է մյուս տարի ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման համակարգում կատարել մոտ 8 մլրդ դրամի ներդրում՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Նախարարի խոսքով՝ գործընթացը «Վեոլիա» ընկերության հետ Հայաստանի  պարտավորությունների շրջանակում է. խոսքն այն համայնքների մասին են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ և գտնվում են «Վեոլիա»-ի սպասարկման տիրույթում, նաև կա ևս 4 համայնք, որոնք դուրս են այդ շրջանակից, բայց կարող են ընդգրկվել «Վեոլիա»-ի սպասարկման ներքո:
 
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ՝ նպատակ ունենալով բարձրացնել սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությունը, մասնավորապես, թիրախավորելով ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներին, պարզեցնել անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու ընթացակարգերը, ընդլայնելու սեզոնային զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները՝ առանց զրկվելու ընտանեկան կամ սոցիալական նպաստից: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play