Իրինա Ղափլանյանը մասնակցել է «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին
19-09-2019 18:37:14 | Չինաստան | Տնտեսություն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Չինաստանի Սիան քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին։
Նիստին ներկա էին մի շարք երկրների բարձրաստիճան հյուրեր (Մոլդովա, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Չինաստան, Ռուսաստան, Մոնղոլիա և այլն)։
Էկոլոգիական նիստում քննարկվել են մթնոլորտային աղտոտվածության կանխարգելման, օդի մոնիթորինգի, էկոքաղաքների և կանաչ տրանսպորտին վերաբերող հարցերը և դրանց շուրջ համագործակցության զարգացման խթանման հեռանկարները։
Նիստի բացման ելույթի ժամանակ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում օդի որակի և մոնիթորինգի համակարգի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Իրինա Ղափլանյանը հանդիպել է Չինաստանի ժողովրդական հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ժաո Յիմինգին և քննարկել 2019 թվականի ապրիլին Հայաստանի և Չինաստանի միջև կնքված համագործակցության հուշագրով ամրագրված փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ արվող քայլերը։ Անդրադարձ է եղել նաև երկու պետությունների միջև էկոտուրիզմի ոլորտում համագործակցության, անտառվերականգնման, օդի մոնիթորինգի համակարգի բարելավման հարցերին։
Սիանի քաղաքապետի տեղակալ Մա Սիանպինգի հետ փոխնախարարը քննարկել է օդի որակի բարելավման և էկոքաղաքների ստեղծման ոլորտներում Հայաստանի քաղաքների հետ հնարավոր համագործակցության հեռանկարը։