ԱԳ նախարարն ընդունել է Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը


ԱԳ նախարարն ընդունել է Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը

  • 20-09-2019 10:40:40   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը։
 
 ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ  ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական և հետևողական աջակցությունը։
 
Երկուստեք ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարևորագույն խթան: Կողմերը մտքեր փոխանակեցին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։
 
ԱԳ նախարար Մնացականյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովը հանգամանալից անդրադարձ են կատարել կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների օրակարգին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ ՀՀ տեսակետներին: Որպես կառավարության գերակա նպատակ՝ նախարարն առանձնացրել է դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցությունը և վերջինիս արդյունավետ համակարգումը:
 
Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի առնչությամբ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Արևելյան գործընկերությունն ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված լավ հարթակ է Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև փոխգործակցության զարգացման և ընդլայնման առումով: Այդ համատքեստում կողմերը մտքեր են փոխանակել նաև նախաձեռնության զարգացման տեսլականի շուրջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play