Դավիթ Տոնոյանը չի բացառել Ասքերովի ու Գուլիևի փոխանակումը
20-09-2019 12:33:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ չի բացառում՝ Արցախի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված երկու ադրբեջանցիները՝ Ասքերովն ու Գուլիևը, փոխանակվեն Ադրբեջանում գտնվող հայ երկու գերիների հետ:
«Ես դա չեմ բացառում, բայց դա ԼՂՀ սուվերեն որոշման խնդիրն է»,- ասաց նախարարը:
Տոնոյանը նշեց, որ երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ իրեն պաշտոնապես փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը:
«Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք հիմա բացահայտել չեմ կարող: Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման համար, և երբ մենք ստանանք այդ ճշգրտված տեղեկությունն ադրբեջանական կողմից, կարձագանքենք: Մենք սկզբունքորեն դեմ չենք ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու ենք այդ գործընթացին: Սա մաքուր հումանիտար գործողություն է, և ես տեսնում եմ այդ երկու՝ և ՀՀ, և Ադրբեջանի քաղաքացիների տարանջատում: Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում սա, ես աշխատում եմ, որպեսզի իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան»,- ասաց նախարարը: